ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
«Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը հռչակել է Խորհրդային Միության փլուզման պայմաններում և 1991 թվականից ի վեր գոյություն ունի որպես ինքնիշխան պետություն՝ իր Անկախության հռչակագրով, Սահմանադրությամբ և սահմաններով։ Հայաստանի Հանրապետությունը ձևավորվել է Խորհրդային Հայաստանի տարածքի հիման վրա, որի քարտեզն այսօր Նիկոլ Փաշինյանը կրում է իր հագուստի վրա։
Ինձ համար «Չորրորդ Հանրապետություն» հռչակելու գաղափարն անհասկանալի է և անընդունելի։ Ի՞նչ պետության մասին է խոսքը, ի՞նչ տարածքով և ի՞նչ իրավաքաղաքական հիմքերով։ Արդյո՞ք պատրաստվում ենք կրկին դիմել ՄԱԿ՝ որպես նոր պետություն գրանցվելու համար։ Որևէ մեկը կարո՞ղ է հստակ բացատրել, թե ինչ է ենթադրում այս գաղափարը։
Չի կարելի պետության հիմնարար հարցերին մոտենալ զուտ քաղաքական նպատակահարմարության կամ դիզայնի տեսանկյունից։ Գուցե ինչ-որ մեկին գրավիչ է թվում նոր հանրապետության կամ նոր Սահմանադրության հիմնադիր հռչակվելու գաղափարը, սակայն նման նախաձեռնությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ մեր պետության և ժողովրդի համար։
Մենք ունենք մեկ Հայաստանի Հանրապետություն՝ իր բոլոր խնդիրներով ու մարտահրավերներով հանդերձ։ Որևէ մեկի՝ նոր հանրապետության հիմնադիր դառնալու քաղաքական հավակնությունները չեն կարող հիմք լինել մեր պետությունը երրորդ, չորրորդ կամ հինգերորդ հանրապետություն հռչակելու համար։
Պետականության հետ կապված հարցերում պետք է առաջնորդվել ոչ թե անձնական հավակնություններով, այլ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի շահերով»։



















































