Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտոր

Նոյեմբեր 25,2005 00:00

Ռեկտոր դարձող չկա Վերջերս համառ են դարձել լուրերն այն մասին, որ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը պատրաստվում է փոխարինել գործող ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանին: Այս մասին մեզ հետ զրույցում Գ. Ղազինյանն ասաց. «Քանի դեռ գործող ռեկտորը Ռադիկ Մարտիրոսյանն է, առնվազն անբարոյական են այն մարդիկ, ովքեր նման լուրեր են տարածում: Այդ մասին խոսելը լուրջ չի՝ լուրջ մարդու կողմից: Նման բան չկա, չի եղել, որ ես հավակնություն ունենամ ռեկտոր դառնալ, այն դեպքում, երբ գործող ռեկտորն աշխատում է: Մարդիկ կան, որ քնում-արթնանում են՝ երազելով դառնալ ռեկտոր. ես դրանց շարքում չեմ: Ավելորդ հոգսերի տակ ընկնելու ցանկություն չունեմ»: Ինչ վերաբերում է ուսխորհուրդների անդամների՝ օրերս կայացած ընտրությանը, ինչի արդյունքում ձեւավորվել է բուհական խորհրդի կազմի ուսանողական հատվածը, եւ ինչից դժգոհ է բուհի ղեկավարությունը, ապա, ըստ դեկանի, ընտրություններն անօրինական են. «Նիստը եղել է շաբաթ օրը, իսկ կառավարության որոշումը (բուհական խորհուրդներ ձեւավորելու կարգի մասին-խմբ.) ՀՀ նախագահը վավերացրել է երկու օր անց: Հետեւաբար՝ որեւէ իրավական հիմք չկար այդ նիստն անելու: Ձեւավորել խորհուրդ՝ անօրինական ընտրված ուսանողներով, ճիշտ չէ»,- ասաց Գ. Ղազինյանը: Նրան, ինչպես եւ ռեկտորին, վիրավորել է այն փաստը, որ համալսարանի ամենամեծ ֆակուլտետի՝ իրավաբանականի ներկայացուցիչը չի ընտրվել այդ կազմում: Դեկանը ենթադրում է, որ ընտրությունը ազնվ չի կատարվել. «Երբ 26 ընտրողից 22- ը դեմ է քվեարկում իրավաբանական ֆակուլտետի թեկնածուին, սա արդեն արտացոլում է ամեն ինչ»: Նշենք, որ այս 18 հոգին խորհրդի մյուս անդամների հետ կընտրեն ապագա ռեկտորին: Իսկ եթե այս խմբում չլինի իրավաբանականի եւ հատկապես դեկանի մտերիմ շրջանի ներկայացուցիչներից եւ ոչ մեկը, ապա ընտրության հարցում, հնարավոր է, Ղազինյանը խնդիրներ ունենա: Պտտվող լուրերի համաձայն՝ Ռադիկ Մարտիրոսյանը իր պաշտոնին արժանի փոխարինող տեսնում է միայն Գագիկ Ղազինյանին: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Միհրան Հակոբյանը ուսխորհրդի անունից մեզ տեղեկացրեց, որ լրացուցիչ ընտրություններ չեն լինելու: «Մենք անցկացրել ենք ռեյտինգային ընտրություն, այսինքն՝ առավելագույն ձայներ հավաքած ուսանողներն ընտրվել են: Ընտրության արդյունքները փոփոխության չեն ենթարկվելու»,- վստահեցրեց ուսխորհրդի նախագահը: Ուշագրավն այն է, որ Գ. Ղազինյանի կարծիքին, թե ընտրությունն անցել է առանց իրավական հիմքի, համաձայն է նաեւ «Բուհական ավտոնոմիայի պաշտպանության խորհրդի» ղեկավար Վարդան Խաչատրյանը (նա ուսանողների հետ վերջերս պայքարում էր բուհական խորհուրդների ձեւավորման մասին հայտնի որոշման դեմ). «Համաձայն եմ Ղազինյանի հետ, քանի որ օրենքի տարրն ու հոգին պետք է պահպանվի»,- ասաց նա: Վարդան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնող խումբը ժամանակավորապես դադարեցրել է իր պայքարը՝ քաղաքականացումից խուսափելու համար. «Սահմանադրական հանրաքվեից հետո մենք մեր ասելիքը կասենք»,- խոստացավ Վ. Խաչատրյանը: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ Հ. Գ. Ըստ որոշ լուրերի՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցելու մեծ շանսեր ունի նաեւ Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը: Իր ռեկտոր դառնալու լուրի առնչությամբ Արմեն Հարությունյանը մեզ պատասխանեց. «Ես այդտեղ չկամ, եթե հանկարծ նման բան լինի, դու ինձ կզանգես ու լիչնի ամոթանք կտաս: Երեւի ինչ-որ մեկի անունը կոծկելու համար իմ անունն են տալիս»: Ավելի ուշ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Մ. Հակոբյանը մեզ ասաց, որ ռեկտորատը շարունակում է ճնշել ուսխորհրդին: Ռեկտորատ-ուսխորհուրդ ճնշման մանրամասները՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել