Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենալավն

Դեկտեմբեր 01,2005 00:00

Ամենալավն ենք վատագույնների մեջ ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարին լծված պետությունների խմբի (GRECO) նախագահ Դրագո Կոսը երեկ «Ազգային եւ միջազգային հակակոռուպցիոն իրավական գործիքներ եւ լավագույն փորձ» միջազգային համաժողովի ժամանակ շեշտեց, որ նախկին ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն ամենաքիչ կոռումպացվածն է: Բայց դա չի նշանակում, որ այսպիսով մենք հանգիստ շունչ պետք է քաշենք: «Հիմա Հայաստանը պետք է պատասխանի՝ ավելի լավ չէ՞ լինել լավերի մեջտեղում»: Հարցին մեր երկիրը կպատասխանի թերեւս գարնանը, երբ GRECO-ն կժամանի Հայաստան՝ գնահատելու ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացը: Երեկվա համաժողովին ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը ներկայացրեց պալատի 2004 թ. ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված որոշ փաստեր: Ըստ այդմ՝ ջրային տնտեսության համակարգում 2004-ին 200 մլն դրամի անարդյունավետ օգտագործման փաստեր են գրանցվել: Դատախազության կողմից ձեռնարկվել են հետեւյալ միջոցառումները. օրենքի խախտման անթույլատրելիության համար նախազգուշացվել է տրանսպորտի եւ կապի նախարարության 3, բնապահպանության նախարարության 13, Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի 4, սոցապահովագրության պետական հիմնադրամի 3, 40 համայնքների պաշտոնատար անձինք: Ուսումնասիրությունների արդյունքում զանազան իրավախախտումները վերացնելու կապակցությամբ դատախազության կողմից ներկայացվել են միջնորդագրեր՝ տարածքային կառավարման, արտադրական ենթակառուցվածքները համակարգող, կրթության եւ գիտության, բնապահպանության, էներգետիկայի նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, հարկային պետական ծառայության պետին, Մաքսային պետական կոմիտեի նախագահին, Պետգույքի կառավարման վարչության պետին, ԳԱԱ նախագահին, Գեղարքունիքի մարզպետին, 22 համայնքների ղեկավարների: Վերահսկիչ պալատի նախագահը չմանրամասնեց, թե հատկապես ինչ կարգի խախտումներ են թույլ տվել այս բարձրաստիճան պաշտոնյաները: Ուսումնասիրությունների արդյունքում ընդհանուր առմամբ ՀՀ պետբյուջե է վերադարձվել 80 մլն դրամի գումար, 500 հազար ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ: Իբրեւ կոռուպցիոն ռիսկի տիպիկ փաստ՝ պրն Ոսկանյանը ներկայացրեց «Կրեդիտ սերվիս» բանկի եւ Տավուշի մարզի պահածոների գործարանի օրինակը: Վերջինս 100 հազար դոլարի վարկ է վերցրել հիշյալ բանկից եւ 2 տարվա ընթացքում չկարողանալով այն վերադարձնել՝ սնանկ է ճանաչվել ու դրվել աճուրդի: Իսկ աճուրդում գործարանը գնել է հենց ինքը՝ գործարանի ղեկավարությունը՝ ընդամենը 19 հազար դոլարով, այն դեպքում, երբ 90-ականներին գործարանի միայն 1 հոսքային գիծը գնահատվել է 1 մլն դոլար: Պրն Ոսկանյանը համաձայն էր մեր այն պնդմանը, թե նման աճուրդներ ամեն քայլափոխի են կազմակերպվում, նույնիսկ ասաց որոշ «գաղտնիքներ», թե աճուրդը հայտարարում են, խնդրում են (կամ պարտադրում-խմբ.), որ ոչ ոք չմասնակցի, եւ կրկնակի, եռակի աճուրդի արդյունքում չնչին գնով վաճառք է իրականացվում: Սակայն, ըստ պրն Ոսկանյանի, չկա որեւէ օրենք, որ թույլ չտա նման գործընթաց, սողանցքներն այստեղ շատ են: Քաղծառայության համակարգում կոռուպցիոն ռիսկերի դրսեւորումների մասին երեկ խոսեց Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Նա նշեց մի քանի պարզունակ օրինակներ, որոնք պաշտոնյաների՝ աշխատանքից ազատման հիմք են դարձել: Օրինակ՝ որոշ պաշտոնյաներ իրենց կաբինետներում նստած, առանձնապես խոշոր չափերի վնաս են հասցրել բյուջեին՝ պետության հաշվին իրենց մասնավոր հեռախոսազանգերով: Կամ՝ աշխատավայրից գույք են տարել տուն: Նման դեպքեր գրանցվել են առողջապահության նախարարությունում ու Փախստականների եւ միգրացիայի վարչությունում: Իսկ առավել լուրջ պատճառները Քաղծառայության խորհուրդ չեն հասնում. «Դրանք մեր գործը չեն, դրանցով զբաղվում են համապատասխան մարմինները»,- ասաց Մ. Բադալյանը: Վերջինս չգիտեր նաեւ, որ քաղծառայողի նվեր ստանալու չափը որոշակի օրենքներով եւ հատուկ հրամանագրերով հստակեցված է: «Քաղծառայողները նվեր ստանալու իրավունք չունեն»,- հաստատ ասաց պրն Բադալյանը: Նիստը վարող Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պատասխանատու Օլգա Սավրանը Մ. Բադալյանին խորհուրդ տվեց թերթել սեփական երկրի օրենքները: Մեր խնդրանքով Մ. Բադալյանը բացեց որոշ փակագծեր՝ կոռուպցիոն այլ փաստերի մասին, որոնց կանդրադառնանք վաղվա համարում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել