Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ները

Դեկտեմբեր 01,2005 00:00

ԶԼՄ-ները անաչառ չէին Ըստ ԵՄԱ մոնիտորինգի խմբի՝ սահմանադրական փոփոխությունները ԶԼՄ-ները ոչ միայն աչառու են ներկայացրել, այլեւ որոշ դեպքերում ապակողմնորոշել եւ թյուրիմացության մեջ գցել շարքային ընթերցողներին: Երեւանի մամուլի ակումբը առաջիկա տասը-տասնհինգ օրվա ընթացքում կներկայացնի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի լուսաբանման մոնիտորինգի ամփոփումը: Սակայն մինչ այդ, երեկ ԵՄԱ-ն հրավիրել էր սեմինար, որում ներկայացվեցին մոնիտորինգի նախնական տվյալները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-25-ի ընթացքում ԵՄԱ-ն պարբերաբար ներկայացնում էր յուրաքանչյուր շաբաթվա մոնիտորինգի տվյալները: Վերջնական տարբերակում դրանք քիչ են տարբերվելու ամենշաբաթյա տվյալներից. բոլոր հեռուստաընկերությունները մինչեւ քարոզարշավի վերջին օրն էլ շարունակում էին փառաբանել այդ փոփոխությունները, իսկ թերթերը շարունակում էին ներկայացնել բեւեռային տեսակետներ: Թեեւ, ինչպես երեկ նկատեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, այս հանրաքվեն առաջին դեպքն էր, երբ թերթերն, ըստ էության, ավելի անկողմնակալ էին, քան TV-ները: TV-ները նաեւ չեն կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի այն պահանջը, համաձայն որի պետք է հրապարակավ հայտնեին քարոզչական հաղորդումների համար վճարովի եթերաժամի արժեքները եւ հավասար պայմաններով տրամադրեին այդ եթերաժամը ցանկացողներին: Նրանք ընդհանրապես ձեռնպահ են մնացել վճարովի եթերաժամ տրամադրելուց, փոխարենը լայնորեն իրականացրել են «Այո»-ի անվճար(՞) քարոզչություն եւ «Ոչ»-ի հակաքարոզչություն: Սակայն թվերն ավելի խոսուն են: Այսպես, «Հայլուրի» (Հ1) թողարկումներում սահմանադրական փոփոխություններին նվիրված է եղել նյութերի 23,4%-ը, որոնց մեջ եղել է 41 դրական, 8՝ բացասական եւ 49 չեզոք հիշատակում: «Լրաբերի» (Հ2) թողարկումներում հանրաքվեին նվիրված է եղել տեսանյութերի 32,2%-ը, որոնցից 58-ը՝ դրական, 9-ը՝ բացասական եւ 39-ը՝ չեզոք: «Ժամը» («Արմենիա»), իր նյութերի 26,2%-ը նվիրելով հանրաքվեին, սահմանադրական փոփոխությունների մասին եւ ոչ մի բացասական բան չի ասել, եղել է միայն դրական՝ 38 եւ չեզոք՝ 25 հիշատակում: «Օրեցօրի» (ԱԼՄ) տվյալները հետեւյալն են. փոփոխությունները հիշատակվել են 26,2%-ում, դրական՝ 20, բացասական՝ 3 եւ չեզոք՝ 35: Ինչ վերաբերում է թերթերին, ապա ամենաչեզոքը եղել է «Ազգը», որը սահմանադրական փոփոխությունները դրական լույսի ներքո է ներկայացրել 7 դեպքում, բացասական՝ 8 եւ չեզոք՝ 28: Երեկվա սեմինարին ներկա էր նաեւ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով ներկայացրեց Գյումրիի եւ Վանաձորի թերթերի եւ հեռուստաընկերությունների մոնիտորինգի արդյունքները, որոնք քիչ էին տարբերվում համապետական ԶԼՄ-ների ունեցած տվյալներից: Միակ դրականն այն էր, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանային TV-ները քիչ թե շատ ներկայացրել էին նաեւ բացասական ուղղվածության նյութեր: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել