Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ

Դեկտեմբեր 02,2005 00:00

ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԱՏԺԵԼ ԲՈՅԿՈՏԻ ՀԱՄԱՐ Կարծում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: – Քաղաքապետարանը մերժել է Մատենադարանի մոտ այսօր հանրահավաք անցկացնելու ՀԺԿ իրազեկումը, պատճառաբանելով, թե Երեւան է ժամանում ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովը: Մինչ այդ էլ քաղաքապետարանը «Հանրապետություն» կուսակցությանը նոյեմբերի 29-ին հանրահավաք անցկացնելու արդեն իսկ տրված թույլտվությունն էր համարել չեղյալ: Արդյոք այս ամենը համապատասխանո՞ւմ է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքին, որում կատարված փոփոխությունների հեղինակն եք Դուք: – Որեւէ օրենքի գոյություն երբեք չի երաշխավորում, որ այն անվերապահորեն, ցանկացած դեպքում կարող է ճշգրիտ կատարվել: Որեւէ մեկի այցի կամ անձի հետ կապված, բնականաբար, չի կարող լինել հավաքի արգելում: Այն կարող է լինել անվտանգության խնդիրների հետ կապված եւ այլն: Եվ այդ դեպքում, ըստ օրենքի, լիազոր մարմինը պետք է առաջարկի այլ տեղ կամ այլ ժամ: Եթե Ռուսաստանի վարչապետի այցի առնչությամբ իսկապես առաջացել են անվտանգության հարցեր՝ կարող էր վտանգվել մարդկանց կյանքը, առողջությունը, քաղաքապետարանը, բնականաբար, կարող էր առաջարկել այլ տեղ կամ այլ վայր: Օրենքը նաեւ չի սահմանում իրազեկումը չեղյալ համարելու որեւէ դեպք: Օրենքը սահմանում է դեպքեր, երբ հանրահավաքը կարող է դադարեցվել, եթե առաջացել են անկարգություններ եւ մարդկանց առողջության համար վտանգավոր ինչ-որ իրավիճակ: – 2004թ. ապրիլի 27-ին ԵԽԽՎ-ն բանաձեւով ՀՀ իշխանություններին կոչ էր արել զերծ մնալ ապագա ցանկացած գործողություններից, որոնք կհանգեցնեն ազատ հավաքների իրավունքի չարդարացված սահմանափակումներին ու «երաշխավորել տեղաշարժման ազատությունը Հայաստանի սահմաններում»։ Հանրաքվեից հետո դարձյալ սահմանափակվում են այդ իրավունքները: Մտավախություն չունե՞ք, որ այս ամենի շարունակման դեպքում Հայաստանի հարցը դարձյալ կարող է օրակարգային դառնալ ԵԽԽՎ-ում: – Ընդհանրապես՝ երկու ճանապարհ կա որեւէ հարց լուծելու. զուտ հանրահավաքային, երբ հայտարարություններ են արվում հանրահավաքներում ու դրանով ամեն ինչ ավարտվում է, մարում կամ վերաճում հեղափոխության: Բայց կա նաեւ մյուս՝ ավելի քաղաքակիրթ ու, իմ կարծիքով, ավելի ճիշտ ճանապարհը. եթե կան օրենքի խախտումներ, որոնցից ապահովագրված չէ որեւէ երկիր, կուսակցություն կամ քաղաքացի, ապա այդ ամենը պետք է արձանագրել, ունենալ փաստաթղթեր եւ գնալ դատարան: Եթե հանկարծ այդ ամենը տեղավորվի այն հարթությունում, որը սահմանում են սահմանադրական փոփոխությունները՝ կարող են արդեն իսկ դիմել ՍԴ: Իսկ եթե Հայաստանում արտառոց որեւէ բան տեղի չունենա, կարծում եմ, այս հարցի հետ կապված հատուկ քննարկումներ չեն լինի ԵԽԽՎ-ում: – Այսինքն՝ ազատ տեղաշարժի եւ հավաքների ազատության սահմանափակումները, նաեւ ցույցերի մասնակիցներին հետապնդելը, ոստիկանություն տանելը համարում եք ոչ արտառոց երեւույթնե՞ր: – Կարծում եմ, այն դեպքերը, որ մատնանշեցիք՝ անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել եւ հետեւություններ անել: Եվ միայն դրանից հետո կարելի է ամփոփ պատկեր ներկայացնել՝ գործընթացն այդ տեսակետից գնահատելու համար: – Քվեարկության նախօրեից մինչ այսօր շարունակվում են նաեւ ընտրական հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները: Դուք է՞լ եք կարծում, ինչպես Ռոբերտ Քոչարյանը եւ Աղվան Հովսեփյանը, թե, ասենք, տեղամասային հանձնաժողովների անդամները պաշտոնատար անձինք են, որոնք աշխատավարձ են ստանում պետբյուջեից: – Կարեւոր չէ անգամ, թե մարդիկ ստանում կամ չեն ստանում աշխատավարձ: Առիթ եղել է ասելու, եւ հիմա էլ եմ ուզում ասել, թե հուսով եմ, որ հանձնաժողովի որեւէ անդամ, անկախ նրանից, թե ո՛ր կուսակցությունն է ներկայացնում՝ չի հետապնդվի: – Բայց նրանք արդեն իսկ հետապնդվում են ոստիկանության, դատախազության, ազգային անվտանգության ծառայության կողմից: – Իհարկե, իրավապահ մարմինների գործողությունները պետք է լինեն շատ ավելի կոռեկտ: Սակայն այն, ինչի մասին ասաց գլխավոր դատախազը, կարծում եմ՝ չի կիրառվել Հայաստանում: Կա՞ այսօր հարուցված գոնե մեկ քրեական գործ ընտրական հանձնաժողովի անդամի նկատմամբ: Ես չունեմ նման տեղեկություն: – ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը եւ նրա տեղակալ, ՀՀԿ ներկայացուցիչ Աբրամ Բախչագուլյանը, սակայն, մատնանշում են, թե ԱՊՀ Ընտրական կոնվենցիայով, որը Հայաստանը վավերացրել է 2005-ին, նախատեսված է պատասխանատվություն «բոյկոտի կամ ընտրությունները բոյկոտելու կոչեր անելու ձեւով ընտրական ընթացակարգերը կատարելուց հրաժարվելու» համար։ – Կարծում եմ, ճիշտ կլինի, որ ԱՊՀ կոնվենցիայի այդ դրույթը երբեւէ չկիրառվի Հայաստանում: Բոյկոտելու կոչերի համար մարդկանց պատժելը պարզապես անհեթեթություն է: Այս ամենի մասին ես նաեւ ասել եմ, երբ այդ համաձայնագիրը ներկայացված էր խորհրդարան՝ վավերացման: Մի քանի դրույթներ կան այդ կոնվենցիայում, որոնք, իմ կարծիքով, ուղղակի անընդունելի են: Եվ որեւէ համաձայնագրի դրույթ կիրառելու համար, եթե կոնկրետ գործողություններին առնչվող դրույթների մասին է խոսքը՝ դրանք պիտի արտացոլվեն մեր օրենքներում: Մենք չունենք որեւէ օրենք, որտեղ կա դրույթ, թե հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու համար մարդիկ պիտի կանչվեն քրեական պատասխանատվության: Իհարկե, դատապարտելի եմ համարում քաղաքական դրդապատճառներով հանձնաժողովների նիստերին չմասնակցելը: Ավելի՛ն, կարծում եմ, բացարձակապես անթույլատրելի է որեւէ կուսակցության համար հանրաքվեի կամ ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելը, քանի որ դա ինքնին հնարավորություն է ստեղծում խախտումներ թույլ տվողների համար: Սակայն անթույլատրելի համարելով երեւույթը, չեմ կարծում, թե մարդկանց դրա համար պետք է ենթարկել քրեական պատասխանատվության: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել