Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 07,2005 00:00

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆՈՒՄ Արդեն քանի օր է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանից մառախուղի պատճառով հնարավոր չէ չվերթներ իրականացնել: Ուղեւորները ստիպված են օրերով սոված-ծարավ գիշերել սպասասրահում՝ ժամ առ ժամ սպասելով տեղեկատուի հրահանգներին ու եղանակի բացվելուն: Մինչդեռ նմանատիպ ֆորս-մաժորային իրավիճակներում ավիաընկերությունները պարտավոր են ուղեւորների անվտանգության եւ հանգստի մասին հոգալ, կրած ծախսերը փոխհատուցել՝ հատկապես, որ նրանց մի մասը ավիափոխադրողների միջազգային կազմակերպության անդամ է: Իսկ թե ինչքանով են ավիաընկերությունները կատարում իրենց պարտավորությունները՝ վերահսկում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որը, բացի ավիաընկերություններին հորդորելուց, որ ուղեւորներին «տիրություն անեն», նրանց պարտադրելու եւ պատժելու լծակներ չունի: Ըստ քաղավիացիայի վարչության մամուլի պատասխանատու Գայանե Դավթյանի՝ լավագույն դեպքում իրենք կարող են ավիաընկերություններից, այս կամ այն պարտականությունը շրջանցելու դեպքում, բացատրական զեկուցագիր պահանջել: Փաստն այն է, որ այս օրերին ավիաընկերությունները ուղեւորների հանգստի ու սննդի հարցերը չեն լուծել, իսկ փոխհատուցման մասին էլ խոսք չկա: Ավելին, ուղեւորների մեծ մասը, որոնք մարզերից են, ստիպված են օգտվել օդանավակայանի թանկ ու կրակ սրճարաններից եւ գիշերել երկաթե նստարաններին ու սալիկներին: Այն ուղեւորներն էլ, որոնք քիչ թե շատ հարմարավետություն են նախընտրել եւ գնացել են հյուրանոցներ, ամենահամեստ հաշվարկներով այս երկու-երեք օրերի ընթացքում օրը մի քանի անգամ տաքսիով գնալ-գալով՝ տոմսի արժեքի չափ արդեն գումար են ծախսել: Եկատերինբուրգ մեկնողներից մեկի ներկայացմամբ էլ՝ «թռիչքը հետաձգվելու պատճառով ռուսական ռուբլին փոխանակում ենք դրամի, սակայն մեկ էլ տեղեկացնում են, թե մի քանի ժամից թռչում եք, կրկին վերածում ենք ռուսականի եւ փողն անընդհատ փոխանակելով՝ կրկին տուժում ենք»: Ուղեւորները դժգոհեցին նաեւ, որ օդանավակայանում իրերի պահեստ չկա. ստիպված են դրանք իրենց հետ քարշ տալ, ինչը եւս ծախսի հետ է կապված: Օդանավակայանում ավիաընկերություններն ունեն իրենց պատասխանատուները, որոնցից շատերը երեկ ուղեւորներից «թռած էին ման գալիս»: Չվերթի հետ կապված հարցերը ուղղվում էին տոմսավաճառներին, վերջիններս էլ նյարդայնացած ասում էին, որ իրենք կապ չունեն եւ ընդամենը «կասիր» են: Անբարենպաստ եղանակի պատճառով հիմնականում «Արմավիա» ընկերության ուղեւորները հաշվառվում են «Զվարթնոց» օդանավակայանում, այնուհետեւ ավտոբուսներով տեղափոխվում են Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ մառախուղը կշարունակվի եւս երեք օր: Պատրաստեց ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել