Լրահոս
Օրվա լրահոսը

Պատիժ՝ ապօրինի թոռնիկի համար

Դեկտեմբեր 07,2005 00:00

Պատիժ՝ ապօրինի թոռնիկի համար Դեկտեմբերի 5-ին վերաքննիչ դատարանում լսվեց Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի ռուսաց լեզվի ուսուցչուհի Նազիկ Դեմուրյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ նույն դպրոցի տնօրեն Ժորիկ Մելքոնյանի: Ուսուցչուհին խնդրում էր վերականգնել իրեն աշխատանքում, վճարել պարապուրդը եւ այլն: Տնօրենը 2004թ. սեպտեմբերի 10-ին հեռացրել էր ուսուցչուհուն դպրոցից՝ դասերին չներկայանալու պատճառով: Սակայն Ն. Դեմուրյանը նշում է, որ դասերից բացակայել է սկզբում 2 վիրահատությունների, այնուհետեւ դրանց հետեւանքով առաջացած բարդությունների պատճառով: Տնօրենը նշեց, որ ուսուցչուհուն հեռացրել է դպրոցի արհմիության կողմից հրավիրված ժողովների որոշումների հիման վրա: Ն. Դեմուրյանը նշեց. «Պատկերացնո՞ւմ եք, իմ գործընկերներն ինձ մեղադրում են իմ հիվանդությունների մեջ, ասում են ինչո՞ւ ընկեր Մելքոնյանը մեկ շաբաթ հետո վերադարձավ վիրահատությունից, ընկեր Սիմոնյանը նույնպես շուտ ապաքինվեց, իսկ քո հիվանդությունները այդքան երկար են տեւում: Նրանք չեն մտածում, որ իմ հիվանդություններն ավելի վատ ավարտ կարող էին ունենալ»: Տիկին Դեմուրյանը նշում է, որ տնօրենն իրեն նույնիսկ 2 անգամ է աշխատանքից ազատման հրաման տվել: Տնօրենն այս առիթով նշեց, որ Դեմուրյանի խնդրանքով առաջին հեռացումից հետո եւս մի քանի արհմիության ժողովներ են հրավիրել եւ կրկնակի հեռացրել են անցանկալի ուսուցչին: Դեմուրյանը «Առավոտին» ասաց, որ մարզպետարանի աշխատակիցներն իրեն աշխատանք են առաջարկել Շենիկ գյուղի դպրոցում, որն իրենց գյուղից բավականին հեռու է: «Հիմա սա գործընկերներիս կողմից կազմակերպված ակցիա է, մաֆիա է, չգիտեմ, բայց լավ պատրաստված միասնական գործընթաց է: Իմ կարծիքով՝ կարելի է միանալ ոչ թե վատի, այլ լավի դեպքում»,- բողոքում է տիկին Դեմուրյանը: Նա պատմեց, որ 1994-ին 2 երեխա է որդեգրել մանկատնից. «Այս պահին իմ խնամքի տակ է գտնվում 4 երեխա՝ 3-ը անչափահաս, 2-ն էլ հաշմանդամ: Ես նրանց միակ կերակրողն եմ: Աղջիկս հաշմանդամ է եւ նրա երեխաներն էլ են իմ խնամքի տակ: Հույս ունեի, որ առողջանալուց հետո ե՛ւ իմ երեխաների կողքին կլինեմ, ե՛ւ կշարունակեմ իմ սիրած աշխատանքը: Հիմա լիովին ապաքինվել եմ եւ պետք է վերադառնամ աշխատանքիս, սակայն պարզվում է, որ դպրոցի դռներն իմ առաջ փակ են: 3-րդ կարգի հաշմանդամ եմ, դեռ թոշակի անցնելուն 13 տարի կա: Փաստորեն երեխաներս 13 տարի պիտի սովի մատնվեն կոլեկտիվի քմահաճության պատճառով»: Ըստ Ն. Դեմուրյանի, գործընկերների եւ տնօրենի նման վերաբերմունքի պատճառը իր որդեգրած աղջկա ապօրինի երեխա ունենալն է եւ հենց այդ պատճառով էլ շատ համագյուղացիներ փորձում են նրան վտարել գյուղից: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել