Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԱԿԱՆ

Դեկտեմբեր 08,2005 00:00

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈ՞ՒՆ Արդեն հաստատվել են բուհերի մեծ մասի խորհուրդների կազմերը: Իսկ ԵՊՀ-ում դեռ ուսխորհրդի ընտրությունների օրինականության հարցն են պարզում: Հիշեցնենք, որ այս ընտրությունները ղեկավարության սրտով չեն այն պատճառով, որ ռեկտորի պոտենցիալ թեկնածու իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի՝ ֆակուլտետը ներկայացնող թեկնածուն ընտրության արդյունքում դուրս էր մնացել 18 անդամների շարքերից: Իրավաբանական ֆակուլտետը ներկայացնում էր Գ. Ղազինյանի ընկերոջ դուստրը: Այս առնչությամբ իրավաբանական ֆակուլտետի դեկանը պարզաբանեց. «Այո, նա փայլուն առաջադիմությամբ տաղանդավոր ուսանող է, բայց ի՞նչ կապ ունի, թե ում երեխան է: Չեմ հերքում՝ նա իմ մահացած ընկերոջ աղջիկն է»: Գ. Ղազինյանը նորից պնդում է, որ ընտրություններն անցկացվել են առանց իրավական հիմքի: Իսկ ուսխորհրդի նախագահ Միհրան Հակոբյանը մեզ տեղեկացրեց. «Հարցը փակված է, ամեն ինչ մեր ուզածով է մնալու, այսինքն ընտրության արդյունքներն անփոփոխ են մնալու»: Այս առնչությամբ երեկ Գագիկ Ղազինյանը մեզ ասաց. «Մնում եմ այն կարծիքին, որ այդ ընտրություններն անցկացվել են առանց իրավական հիմքի: Նույնիսկ նախագահի վավերացումից հետո, ինչն արվել է ընտրություններից երկու օր անց, իրավունք չկար ընտրություններ անցկացնել, քանի որ այն պետք է նախ հրապարակվեր: Հրապարակման հաջորդ օրվանից ընտրության անցկացումը կլիներ օրինական: Ուսխորհուրդը ինքնավար կառույց է, բայց որ այդ որոշումը աբսուրդի աստիճանի հասնող խախտում է, դա հաստատ»: «Բուհական ավտոնոմիայի պաշտպանության խորհրդի» ղեկավար Վարդան Խաչատրյանին եւս չզարմացրեց ուսխորհրդի որոշումը. «Եթե մեր երկրում ամեն ինչ օրենքի խախտումներով է գնում, ապա ինչո՞ւ այստեղ պետք է փոփոխություն լինի, չէ՞ որ բուհը հասարակության մի մասն է կազմում: Չեմ բացառում, որ թեկուզ օրենքի խախտմամբ, բայց ընտրության արդյունքները անփոփոխ մնան»: Հավելենք, որ Վ. Խաչատրյանը ուսանողների հետ վերջերս պայքարում էր բուհական խորհուրդների ձեւավորման մասին հայտնի որոշման դեմ: Այդ պայքարը ժամանակավորապես դադարեցվել էր: Այս օրերին տեղի կունենա «Բուհական ավտոնոմիայի պաշտպանության խորհրդի» անդամների աշխատանքային հանդիպումը: «Որպեսզի քաղաքականությունը բուհական գործերին չխառնենք, շուտով կկողմնորոշվենք, թե ինչպես շարունակենք մեր պայքարը»,- ասաց Վ. Խաչատրյանը, չբացառելով, որ միգուցե խորհուրդը դադարեցնի իր պայքարը: Հ. ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել