Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՆԴԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 08,2005 00:00

ԱՎԱՆԴԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄՈԴԱՅԻ՞Կ Է Վերջերս երիտասարդների շրջանում փոքրիկ հարցում կատարեցինք՝ պարզելու, թե որքանով են ավանդապահ: Տրվեցին հետաքրքիր, երբեմն՝ իրարամերժ պատասխաններ: Որքան էլ տարօրինակ էր, մոտ 20 երիտասարդներից շատերը կողմնակից էին ազգային ավանդույթներին ու սովորույթներին հավատարիմ մնալուն: «Հայկական ավանդույթների մեջ կան շատ ծայրահեղություններ, որոնք ընդունելի չեն: Ուստի գտնում եմ, որ ազգային ավանդույթներին միշտ չէ, որ արժե հետեւել: Պետք է քայլել ժամանակին համընթաց»,- հաստատապես հայտարարեց ԵՊՀ ուսանողուհի Մարիամ Մաթեւոսյանը: «Ընդունենք եվրոպականը, բայց հավատարիմ մնանք մեր ավանդույթներին ու մտածելակերպին»,- սա հարցված երիտասարդների մեծամասնության պատասխանն էր: Նրանցից շատերը մտահոգված էին հատկապես ընտանիքում կնոջ եւ տղամարդու փոխհարաբերություններով: «Հայ տղամարդը պետք է իշխի կնոջ վրա»,- ուսանող Արմեն Մովսիսյանը, ով հնչեցրեց այս կարծիքը, նույնիսկ չփորձեց հիմնավորել այն: «Հայ ընտանիքում դա է ճիշտը»,- ընդամենն ավելացրեց նա: «Ունենք նորմալ մտածող, դատող ազգ, նա կարեւոր ավանդույթները երբեք չպետք է անտեսի»,- հայտարարեց ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Եզնիկ Միրզոյանը: Իսկ այն, որ մեր հին ավանդույթներում կան ծայրահեղ խստություններ, Եզնիկ Միրզոյանը նույնիսկ օրինակով ցույց տվեց. «Հնում հայ ընտանիքում հարսը պետք է լվանար սկեսրայրի ոտքերը: Սա խոնարհության նշան էր, բայց ինձ համար անընդունելի է»: «Ոնց կարող է նորմալ մարդու ուղեղի մեջ տեղավորվել, որ հայ տղամարդը իր դիրքով կարող է կնոջից ցածր լինել: Դա հնուց եկել է ու այդպես էլ պետք է շարունակվի»,- ամենայն պատասխանատվությամբ ասաց ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրոս Արամ Թադեւոսյանը: «Հայ աղջիկներն ու կանայք քիչ բան կարող են փոխել: Ստիպված պետք է հարմարվենք»,- համոզված էր մեր հարցախույզի մյուս հերոսը՝ Նարինե Մելքոնյանը: Այսպիսի կարծիքներին դեմ էր ոչ այնքան ավանդապաշտ, ոչ էլ եվրոպամետ Արսեն Մարտիրոսյանը: «Բոլորը խոսում են ավանդականից: Իսկ չե՞ն նայում, թե ինչպես են այսօր հագնվում մեր աղջիկները: Փոխանակ կին-տղամարդ հարաբերություններ քննարկեն, թող տղամարդիկ սկզբում իրենց բարեկամուհիների ու ընկերուհիների հագուկապին, շպարին նայեն, հետո մեծ-մեծ խոսեն»,- պահանջեց նա: Ապագա դեղագործ Գեւորգ Մանուկյանն էլ կարծում է, որ այնքան ենք սեւեռվել ավանդական մտածելակերպի ու ազատամտության բախման վրա, որ խճճվել ենք: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել