Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե

Դեկտեմբեր 08,2005 00:00

«Եթե ուզեն՝ կտամ» Մոսկվաբնակ ռեժիսոր Բորիս Հայրապետյանը պատրաստ է իր «Նորմա» ֆիլմ-օպերան տրամադրել հայկական հեռուստաընկերություններին: «Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում աշխարհում առաջին անգամ կցուցադրվի մոսկվաբնակ կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանի նկարահանած Բելինիի «Նորմա» օպերայի կինոտարբերակը»: Մշակույթի գործիչների համահայկական լիգայի նախագահ, պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը այս տեղեկատվությամբ երեկ բացեց հրավիրած մամուլի ասուլիսը: Նկատենք, որ ֆիլմ-օպերայի առաջին ցուցադրումը կազմակերպել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որը ժամանակին ոչնչով չաջակցեց ֆիլմի ստեղծմանը: Փոխարենը նկարահանմանը աջակցել են Ռուսաստանի մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի ֆեդերալ գործակալությունը եւ «ABA» ստուդիան: «Առավոտը» քանիցս անդրադարձել է «Նորմայի» թե՛ բեմադրությանը, թե՛ ֆիլմի ստեղծման աշխատանքներին: Հիշեցնենք, որ օպերային գրականության այս գոհարը, որին պարզապես վախենում են մոտենալ աշխարհահռչակ օպերային թատրոնները, Երեւանում 2001-ին իրականացրեց Բորիս Հայրապետյանը: Իսկ 2003-ին բեմադրությունը ֆինանսի բացակայության պատճառով չմասնակցեց սանկտպետերբուրգյան «Ոսկե դիմակ» հեղինակավոր մրցանակաբաշխությանը, որտեղ ներկայացված էր միանգամից 5 անվանակարգում: Ֆիլմի ռեժիսորը հայտնեց, որ այս տարվա նոյեմբերի 12-ին «Նորման» արդեն ցուցադրվել է Մոսկվայի կինոյի տան մեծ դահլիճում եւ արտերկրում: Ֆիլմի վրա ծախսված ռուսաստանյան ֆինանսի մասին ռեժիսորը լռեց: Միայն ասաց. «Վենետիկում երբ ցուցադրում էինք ֆիլմը, գործընկերներս ինձ հուշեցին, որ հանկարծ չասեմ ծախսված գումարի չափը կամ եթե ասեմ էլ, գոնե այդ գումարը բազմապատկեմ 3-ով կամ 4-ով, որպեսզի չծիծաղեին վրաներս»: Մեր կեսկատակ-կեսլուրջ՝ «հիմա էլ բազմապատկեք 5-ով կամ 6-ով՝ նոր ասեք» դիտարկման պատասխանը Բ. Հայրապետյանի ժպիտն էր: Ռեժիսորը տեղեկացրեց նաեւ, որ «Նորման» մոտ 30 ամերիկյան հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ մոսկովյան «Կուլտուրա» հեռուստաալիքի ուշադրությանն է արժանացել: Նշենք, որ վերջինս ցուցադրել է Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում Երեւանի օպերային թատրոնի ներկայացրած «Նորման»: Ֆիլմում նկարահանվել են հայ օպերային ճանաչված անուններ (Հասմիկ Պապյան, Վարդուհի Խաչատրյան, Միքայել Հովակիմյան եւ այլք), իսկ նկարահանումները կատարվել են Հայաստանի պատմական վայրերում, ինչի համար, ըստ ֆիլմարտադրության միջազգային կանոնների, պետք է մեր պետբյուջե գումար վճարվեր, ինչը չի արվել: Հարցին՝ չե՞ք պատրաստվում ֆիլմի DVD-ն նվիրաբերել, օրինակ, Հանրային հեռուստատեսությանը՝ դասական երաժշտության երկրպագուների մեծ լսարանին ներկայացնելու համար: Չէ՞ որ միամիտ կլինի կարծել, թե երեւանյան կինոթատրոններում «Նորման» լեփ լեցուն դահլիճներ կապահովի՝ չնայած իր բարձր արժանիքներին, Բ. Հայրապետյանը պատասխանեց. «Նախ, մոտ 200 հազար դոլար է հարկավոր ֆիլմի DVD տարբերակը պատրաստելու, TV-ներով ցուցադրելու համար: Կարծում եմ, դրանց ղեկավարները պետք է ցանկանան ունենալ ֆիլմ-օպերան, իսկ եթե ուզեն՝ կտամ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել