Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ

Դեկտեմբեր 09,2005 00:00

Ինչո՞ւ «ազատվեցին» մարքսիստից Նախորդ օրը կայացած նիստում «18+8+1» ձեւաչափը որոշում էր կայացրել Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանին հեռացնել այդ կառույցից, քանի որ նրա հրապարակային գործողությունները չէին համապատասխանել ձեւաչափի տրամաբանությանը: Երեկ «Առավոտը» փորձեց մարքսիստից ճշտել, թե հատկապես իր ո՞ր գործողությունների համար է միասնական ընդդիմությունն իրենից երես թեքել եւ ինչպե՞ս է ինքը վերաբերվում դրան: Ըստ Դ. Հակոբյանի՝ իրեն հեռացնելու պատճառն այն է, որ հետհանրաքվեական շրջանում տեսակետ արտահայտելով, մարքսիստն առաջարկում էր ընդդիմությանը՝ «Ազգային միաբանություն», «Արդարություն» դաշինք եւ «18+ 8+1», միավորվել մեկ կառույցում: Դ. Հակոբյանի սցենարով՝ դրան պետք է հետեւեր խորհրդարանական ընդդիմության՝ մանդատները վայր դնելը: Ապա՝ դադարեցնել դիվանագիտական ատյաններին բողոքարկելը՝ մեր ներքաղաքական հարցերը լուծելու համար օտարների ապավինությունը չհայցելու նպատակով, դադարեցնել հանրաքվեի խախտումների մասին դատական ատյաններին բողոքարկելը՝ բավարար իրավական հիմքեր չունենալու պատճառով եւ վերջապես դադարեցնել հանրահավաքային գործընթացը՝ «այդ ինստիտուտը չբռնաբարելու եւ ապագա սերունդներին անաղարտ հանձնելու համար, քանզի ընդդիմությունը չունի խարիզմատիկ լիդեր, միասնական գաղափարախոսություն եւ իր ետեւից գնացող 1/3 ըմբոստ զանգված»: Քանի որ իր առաջարկներն ընդունելու փոխարեն ընդդիմադիրները որոշեցին պարզապես ազատվել մարքսիստից, նա էլ հայտարարում է, որ այսպիսով Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը վերջնականապես բյուրեղացվեց եւ բաժանվեց երկու մասի. «Գաղափարական սերնդափոխության թեւը, որի հեգեմոնիան ես ինձ վրա վերցրեցի, եւ մեխանիկական իշխանափոխության թեւը, որի կողմնակիցներն են այդ խռովյալ հոգիներն ու դավադիրները: Այդ թեւում կենտրոնացել են այն նախկին իշխանավորները, ովքեր բախտի քմահաճույքով չեն մնացել իշխանական սանդուղքներին, հիմա էլ ուզում են ռեւանշի գալ: Նրանց հետաքրքիր չէ ազգային շահը, այլ ընդամենը իշխանափոխությունը: Դրա համար էլ այդ խռովյալ հոգիների պարագլուխներն իմ մեջ ախոյանի տեսան»: Չնայած նշյալ նիստում ՀԺԿ-ն նույնպես չի պաշտպանել Դավիթ Հակոբյանին, այնուհանդերձ, մարքսիստը ընդդիմության ամենաբարոյական թեւը համարում է Ստեփան Դեմիրճյանին. «Երեք պառլամենտ «ատբիտ» արած մարդիկ, ովքեր Դեմիրճյանի ուսերի վրայով մանդատներ են ստացել՝ քողարկվելով այս ձեւաչափում նորից ուզում են սողոսկել պառլամենտ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել