Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԱՅ

Դեկտեմբեր 09,2005 00:00

ՀԱՅ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Հարեւան երկրի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, բայց դա չի խանգարում սեքս-բիզնեսմենների համագործակցությանը: Ամիսներ առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթներից մեկում նշեց, որ Թուրքիայում գտնվում են մոտ 40 հազար հայաստանցիներ: Ի՞նչ են անում այդքան հայերը Թուրքիայի տարբեր բնակավայրերում: Հիմնական մասը զբաղվում է առեւտրով, աշխատում են սպասարկման ոլորտներում եւ, որքան էլ ցավալի է, ընդգրկված են սեքս-բիզնեսում: Ինչո՞ւ են հայ կանայք հայտնվում մի երկրում, որի հետ Հայաստանն անգամ դիվանագիտական հարաբերություններ չունի: Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներն իրենց պետությունից որեւէ աջակցություն ակնկալել չեն կարող, եթե նրանց իրավունքները Թուրքիայում ոտնահարվեն կամ եթե, ասենք, դառնան դժբախտ պատահարի զոհ: Ու թեեւ Թուրքիայի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն այս երկիր մուտք գործելը հայերի համար ամենահեշտն ու էժանն է: Երեւանի կենտրոնում կան տարբեր տուրիստական գործակալություններ, որտեղից շատ հանգիստ կարելի է ստանալ Թուրքիա մուտքի վիզա եւ Հայաստանի քաղաքներից ավտոբուսով մեկնել Թուրքիայի ցանկացած վայր: Ամենից շատ գնում են հենց ավտոբուսով: Հայաստանի իշխանություններին հայտնի չէ Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց թիվը: Մեր նախնական ուսումնասիրություններով՝ Թուրքիայում հայ կանայք ավելի շատ են, քան Արաբական Միացյալ Էմիրություններում: Այն, որ մարմնավաճառությամբ զբաղվել կանանց ստիպում է կարիքը՝ միանշանակ է: Մարմնավաճառության ճանապարհն ընտրում են հիմնականում սոցիալական կարիքի մեջ գտնվողները, այն կանայք, ովքեր չեն կարողանում կերակրել իրենց երեխաներին կամ ծնողներին: Վերջերս Վանաձոր քաղաքում ավարտվեց հերթական դատավարությունը: Ամբաստանյալը Վանաձոր քաղաքի բնակչուհի Ռուզաննա Մովսիսյանն է: Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը (դատավոր՝ Բորիկ Գրիգորյան) Ռ. Մովսիսյանին հանցավոր ճանաչեց ՀՀ քրօր-ի 132 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով (Մարդկանց առեւտուր) եւ դատապարտեց ազատազրկման 4 տարի ժամկետով: Երկու անչափահաս երեխա ունեցող Ռ. Մովսիսյանը սոցիալապես ծանր վիճակում էր: Ամուսինը տարիներ առաջ գնացել է Ռուսաստան, եւ առայսօր ընտանիքը նրանից որեւէ լուր չունի: Ընտանիքի ամբողջ հոգսը 33-ամյա Ռուզաննայի ուսերին էր: Եվ ահա մի օր նա իր ընկերուհու՝ Անուշի հետ մեկնել է Թուրքիա՝ զբաղվելու մարմնավաճառությամբ: Քննությամբ չի պարզվել, թե ով է Անուշը, քրեական գործում հենց այդպես էլ գրված է՝ «ոմն Անուշ»: Ռուզաննան նրա մասին գրեթե ոչինչ չի պատմում: Թե ինչպես են երկու ընկերուհիները հայտնվել Թուրքիայում՝ քննիչները իրականում չեն պարզել: Թուրքիայում կան մի քանի տասնյակ կավատներ, ովքեր Հայաստանում ունեն իրենց հավաքագրողները: Հայաստանի փոքր քաղաքներում նրանց մասին գիտեն գրեթե բոլոր բնակիչները: Սակայն նրանք ազատ գործում են ու մնում անպատիժ: Ռ. Մովսիսյանը եւ ընկերուհին մարմնավաճառությամբ զբաղվել են սկզբում Տրապիզոն քաղաքի հյուրանոցներից մեկում, այնուհետեւ ազգությամբ թուրք Մուրատի եւ նրա սիրուհի Արզուի հսկողությամբ տեղափոխվել են Կոնյա քաղաք եւ վերջիններիս ղեկավարությամբ այնտեղ շարունակել իրենց գործը: Մուրատն ու Արզուն Ռուզաննա Մովսիսյանին առաջարկել են Հայաստանից աղջիկներ հավաքագրել եւ բերել Կոնյա՝ մարմնավաճառությամբ զբաղվելու: Ռուզաննան համաձայնել է եւ զանգել իր ծանոթներից մեկին՝ Վանաձորի խորտկարաններից մեկում մատուցողուհի աշխատող Ա. Վ.-ին: Նա նույնպես ծանր սոցիալական վիճակում էր եւ ամուսնալուծված: Ռուզաննան հեռախոսազրույցում Ա. Վ.-ին սրճարանում բարձր աշխատավարձով աշխատելու առաջարկություն է արել: Վերջինս էլ համաձայնել է եւ մեկնել Տրապիզոն, այնտեղից էլ՝ Կոնյա: Ա.-ին թուրք գործընկերների հետ դիմավորել է Ռուզաննան եւ տեղափոխել մի բնակարան, որտեղ նրան հսկում էին երիտասարդ թուրքեր: Հենց այդ բնակարանում Ռուզաննան Ա.-ին հայտնել է, որ նա պետք է զբաղվի մարմնավաճառությամբ: Ա.-ն հրաժարվել է եւ պահանջել իրեն վերադարձնել Հայաստան: Թուրքերը խոստացել են նրան ազատ արձակել, եթե վերադարձնի իր փոխադրման ծախսերը: Մուրատը եւ Արզուն վերցրել են Ա.-ի անձնագիրը, որպեսզի նա չկարողանա փախչել: Ա.-ն ստիպված զբաղվել է մարմնավաճառությամբ: Պարտքերը վերադարձնելուց եւ խոստում ստանալուց հետո, թե հայրենիք վերադառնալով կանայք կհավաքագրի, Ա.-ին բաց են թողել: Նա վերադարձել է Տրապիզոն, այնտեղ բնակվող հայ կանանց հագուստները լվանալով փող աշխատել եւ 2005թ. օգոստոսին վերադարձել Հայաստան: Ա. Վ.-ն Թուրքիայում մնացել է մոտ 20 օր: Դատարանում Ռուզաննա Մովսիսյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Ռուզաննան կազմակերպիչ չէր, ինքն էլ ինչ-որ մարդկանց ցանցում է հայտնվել ու հասել Թուրքիա: Քննիչները չեն պարզել, թե ինչպես է Ռուզաննան հայտնվել Թուրքիայում, եւ թե ով է նրան եւ ընկերուհուն տարել Վանաձորից: Դատարանը կարող էր բացառիկ հանգամանք համարել այն, որ Ռուզաննան երկու անչափահաս երեխա ունի, որոնցից մեկը տառապում է երեւանյան հիվանդությամբ: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել