Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանը

Դեկտեմբեր 09,2005 00:00

Հայաստանը կներկայացնեն երեւանցիները Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների երրորդ երիտասարդական «Դելփյան խաղերը» կանցկացվեն Կիեւում՝ դեկտեմբերի 12-16-ը: Այս մասին երեկ տեղեկացանք ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հրավիրված ասուլիսում: Հիշեցնենք, որ Հայաստանը դելփյան շարժմանը միացել է 2002 թվականից: Իսկ այդ խաղերը Եվրոպայում եւ ողջ աշխարհում կոչված են պահպանելու ու ամրապնդելու ժողովուրդների մշակութային բազմազանությունը, նպաստելու կատարողական արվեստի, ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանմանը, տարածմանն ու ներկայացմանը: Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի Մոլդովայում կայացած այս մրցույթից հայաստանյան մասնակիցները վերադարձան տասը մեդալով: Այս տարվա հայաստանյան պատվիրակության ղեկավարը մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն է: Նա տեղեկացրեց, որ մշակութային կրթօջախներից ընտրված 15 երիտասարդ կատարողներ (10-21 տարեկան) հանդես կգան մրցութային 12 անվանակարգերից 11-ում (դաշնամուր, նվագախմբային աղեղնային գործիք, ակադեմիական եւ ժողովրդական երգ, ժողովրդական պար, փողային եւ լարային ժողովրդական գործիքներ, մնջախաղ, լուսանկարչություն, պլակատ, վեբ-դիզայն): «Առավոտի» հարցին, թե ո՞րն է այն մեկ անվանակարգը, որում մենք չենք մասնակցելու, նախարարի տեղակալը հայտնեց, որ դա «DJ» անվանակարգն է: Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանը հարուստ է զվարճանքի վայրերով, որտեղ աշխատում են DJ-ներ, վերջիններս ընդգրկված են նաեւ հեռուստառադիոոլորտում: Ինչպե՞ս է, որ չգտնվեց գոնե մեկը՝ մրցույթին ներկայացնելու համար, պարոն Պողոսյանը հայտնեց, որ այս անվանակարգը «ներմուծել» են ուկրաինացիները: Այն նորություն է այս խաղերի պատմության ընթացքում. «Իսկ մենք նպատակահարմար գտանք ներկայացնել եւս մեկ ժողովրդական գործիք, որն այսօր ավելի կարեւոր է թե մեզ համար, թե դրսի»: Նկատենք մի հետաքրքիր փաստ. երբ այս խաղերն անցկացվում էին Մոլդովայում, մոլդովացիներն էլ «ստեղծել» էին կրկեսի, փողային գործիքների անվանակարգեր: Համամիտ լինելով մեզ հետ, պարոն Պողոսյանը հույս հայտնեց, որ անվանակարգերը պետք է վերջնական ճշտվեն, ինչը իրենք առաջարկելու են: Անվանակարգերի ժյուրիի կազմում ընդգրկված են նաեւ մեր ճանաչված արվեստագետները՝ օպերային երգչուհի Անահիտ Մխիթարյանը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, ջութակահար, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Վիկտոր Խաչատրյանը, նկարիչ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղագիտության ամբիոնի վարիչ Լեմս Ներսիսյանը: Արձանագրենք մեկ հետաքրքիր փաստ եւս. մրցույթի բոլոր մասնակիցները Երեւանից են: Վերջինիս հետ կապված հարցը չուղղեցինք պարոն Պողոսյանին: Վստահ ենք, որ այն կմտահոգի նախարարությանը պարզ պատճառով. Հայաստանը միայն Երեւանը չէ, նախարարությունն էլ կրում է Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն անունը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել