Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՌԱՐԱՆՆԵՐԸ

Դեկտեմբեր 13,2005 00:00

ՎԱՌԱՐԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎՈՒՄ Ինքնաշեն վառարանը վտանգավոր է, գործարանայինի «լեզուն» էլ՝ անհասկանալի Գազի օգտագործման անվտանգության խնդիրը՝ սրանում, իսկ վտանգը՝ մեծանում է հատկապես ջեռուցման սեզոնի ընթացքում, կապված ջեռուցման նպատակով օգտագործվող բազմաբնույթ սարքերի շահագործման հետ: Իսկ բաժանորդների երեւակայությունն այս հարցում սահման չունի: Օրինակ, կարող են գազատար խողովակը երկարացնել, ծայրը ծակծկել ու մտցնել «պատուհանիկով» մետաղյա տուփի մեջ՝ սա ամենատարածված ինքնաշեն վառարանն է, այսպես կոչված՝ «ֆարսունկան»: Շատերը ջեռուցման համար օգտագործում են գազօջախի ջեռոցը՝ «դուխովկան», որի դռնակը բաց թողնելով՝ խնդիրը լուծվում է: Իսկ ավելի ցրտադիմացկունները վառած են պահում գազօջախի «աչքերը»: Բոլոր երեք դեպքերում էլ ծխատար չի օգտագործվում: Մինչդեռ գազից թունավորումների հիմնական պատճառը օդի մեջ այրումից առաջացող ածխաթթու կամ «շմոլ» գազի նորմայից մեծ չափաբաժինն է: Ու չնայած «ՀայՌուսգազարդի»՝ բաժանորդներին պարտադիր հատկացվող հրահանգների ու կանոնների մեջ ֆիքսված է, որ չի կարելի օգտագործել ինքնաշեն տաքացուցիչներ, այնուամենայնիվ, օգտագործողների «խելքը գլուխները չի գալիս»: Պատճառը միանշանակ մեկն է՝ գործարանային արտադրության՝ «կարգ ու կանոնով» վառարանները ծխատար խողովակների հետ միասին թիվ արժեն՝ սկսած 100 դոլարից, եւ յուրաքանչյուրը հնարավորություն չունի ձմեռային սեզոնի շոր ու կոշիկի հետ միաժամանակ՝ դա էլ մտցնել ընտանիքի բյուջեի ծախսերի մեջ: Ուրեմն մնում է, որ «գազի մարդու» առջեւ դուռը չբացեն, ինչպես եւ արել են մինչ այժմ: Հատկապես, որ վերջիններս առանձնապես չեն էլ տառապում «ստուգումացավով»: Անդրադառնանք գործարանային արտադրության գազի վառարանների անվտանգության խնդրին՝ դրանք այնքան էլ անվտանգ չեն, ինչպես երաշխավորում են գովազդատուները: Շուկայում ամենաբարձր սպառում ունեցողները պարսկական արտադրության վառարաններն են, որովհետեւ դրանց գինը համեմատաբար էժան է: Դրանք էլ են գործարանային արտադրության, եթե հավատանք վաճառողներին, սակայն շահագործման ու տեխնիկական անվտանգության մասին ուղեկցող փաստաթղթերում տեղեկություններն օտարալեզու են եւ գնորդների հիմնական մասի համար՝ ոչ մատչելի: Այդ վառարանների տեղադրումն ու սպասարկումը կրկին գնորդի վրա է: Լավագույն դեպքում վառարանի տերը կարող է տեղադրումն ու միացումն անել «ՀայՌուսգազարդի» մասնագետների միջոցով, այն էլ՝ վճարովի, ինչից եւ հիմնական մասը խուսափում է եւ տեղադրումն անում է՝ «կոնսուլտացվելով» ծանոթ-բարեկամների հետ: Ինչպես օգտվել վառարանից՝ խանութի կամ շուկայի վաճառողները երկար-բարակ չեն բացատրում, իսկ շատ հարցերի պատասխաններն էլ ուղղակի չգիտեն: Նրանց մեծամասամբ ընտրում են ըստ «բիլակների»՝ ապրանքը տեղաշարժել կարողանալու համար: Հիմնական իմացությունը սահմանափակվում է «քանի՞ քառակուսու համար եք ուզում» հարցի շրջանակներում, նաեւ՝ թե տաք օդը դիմացից կամ կողքերից էլ է փչում, թե՞ ոչ: Ինչպես պարզեցինք, Հայաստան ներկրվող վառարանները, նաեւ այլ գազասարքեր, պարտադիր սերտիֆիկացվող ապրանքատեսակների ցանկում չեն, հետեւաբար եւ՝ որակի ստուգում չեն անցնում: Ցանկում դրանց ներառնելու մասին «ՀայՌուսգազարդի» առաջարկը կառավարությունում է: «Այժմ բարձիթողի վիճակ է՝ յուրաքանչյուր ոք կարող է ներկրել գործարանային արտադրության ցանկացած վառարան: Մյուս տարի մենք մտադիր ենք ստեղծել լաբորատորիա, որտեղ կստուգվեն եւ վաճառքի իրավունք կստանան միայն եվրոչափանիշներին համապատասխանող գազասարքերը: Չի բացառվում, որ դրանց տեղադրումն ու սպասարկումը, գոնե թե՝ երաշխիքային ժամկետների շրջանակներում, կդրվի ներկրող ընկերությունների վրա: Աստիճանաբար շուկան կմաքրվի եւ կմնա այն ընկերությունների արտադրանքը, որոնք այստեղ կունենան սերվիս-կենտրոններ»,- «Առավոտի» բարձրացրած խնդրին արձագանքեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փոխտնօրեն Աշոտ Հովսեփյանը: Իսկ մինչ այդ, նա խորհուրդ տվեց գնել միայն մեկուսացված խցիկներով վառարաններ՝ «ճիշտ է, դրանց մեջ էլ կան անորակներ, բայց ընդհանուր առմամբ՝ անվտանգ են»: Փորձեք վաճառողից խնդրել «մեկուսացված խցիկով» վառարան՝ ո՞վ կհասկանա: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել