Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ

Դեկտեմբեր 21,2005 00:00

Ինչո՞ւ է լույսն անջատվում «Հայէլցանցերը» հոսանքի համատարած տատանումները պատճառաբանում է մառախուղով Վերջերս մայրաքաղաքի մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի հաճախակի տատանումներ էին լինում: Բնակիչներն էլ իրենց տան տեխնիկան փրկելու համար հեռուստացույցները, սառնարանները, երաժշտական կենտրոնները եւ այլ սարքավորումներ ստիպված անջատում էին: Հոսանքի համատարած տատանումները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կապեց վերջին օրերի անբարենպաստ եղանակի հետ: Ընկերության մեկնաբանությամբ՝ մառախուղից առաջացած մերկասառույցի պատճառով 110 կիլովոլտ օդային ցանցի գծերը 10 ուղղություններով անջատվել էին, ինչը, սակայն, ընկերության մամուլի պատասխանատուի հավաստիացմամբ՝ տեւել է մինչեւ դեկտեմբերի 16-ը. «Տասը ուղղություններն էլ վերականգնվել են, դրանից հետո բնակիչներից նման բողոքներ չենք ունեցել»: Ճիշտ է՝ նույն հաճախականությամբ չէ, բայց Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն համայնքներում այս օրերին էլ հոսանքի տատանումները շարունակվում են, ինչը վկայում են նաեւ այդ համայնքների բնակիչները: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ ընկերությունից ասացին, որ օդային ցանցի նոր վթար տեղի չի ունեցել. «Հնարավոր է, որ ցածրավոլտ լարման ցանցում է ինչ-որ խաթարում եղել»: Այն, որ բնակիչները հոսանքի տատանումների ժամանակ գերադասում են էլեկտրական սարքերը անջատած պահել ու չօգտագործել՝ պատահական չէ, քանի որ վստահ չեն, որ դրանք փչանալու դեպքում ընկերությունը վնասը կփոխհատուցի. անցյալ տարի շատերին այդպես էլ չհաջողվեց ապացուցել, որ, օրինակ, իրենց հեռուստացույցը վառվել է հոսանքի տատանումների պատճառով: Այս առնչությամբ «Հայէլցանցերի» պարզաբանմամբ՝ «Լինում է, որ իրենց 30 տարվա փչացած լվացքի մեքենան կամ սովետական հեռուստացույցն են բերում ու ասում՝ փոխհատուցեք, այնինչ պարզվում է, որ դրանք անսարք են արդեն մի երկու տարի»: Ի գիտություն բնակիչների՝ ընկերությունից հավաստիացրին, որ իրենց էլեկտրամատակարարման մասնաճյուղերում բոլոր ժամերի տատանումները մեկառմեկ գրանցվում են. եւ եթե ապացուցվում է, որ մեղքն իրենցն է՝ փոխհատուցում են. «Եթե սարքը փչանում է՝ բնակիչը պետք է իրենց թաղամասի էլցանցում դիմում գրի: Մենք մի ընկերության հետ սարքերը վերանորոգելու պայմանագիր ունենք»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել