Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՂ «ԴՈՒԽՈՎ» ԳԱԶԻ ԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵՆ

Դեկտեմբեր 22,2005 00:00

Ըստ
ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Գագիկ Մինասյանի՝ մենք պատրաստ ենք: «Ես շատ ուրախ եմ, որ գազի
գինը թանկացավ եւ հավասարվեց իրական շուկայական գնին: Մինչ այդ ընկերությունները
չէին մտածում այլ ոլորտներում էլ ներդրում կատարել, հիմա արդեն կհայտնաբերվեն էլեկտրաէներգիայի
այլընտրանքային աղբյուրներ, իսկ արդյունքը կտեսնենք 2007-ին, երբ ներդրումները կսկսեն
գոհացնել մեզ»,- երեկ Հայաստանի բյուջեի մասին «Հայելի» ակումբում կազմակերպած քննարկման
ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Նրա հետ
այս եւ ընդհանրապես բոլոր հարցերի շուրջ արտահայտած տեսակետներին իր խորին համաձայնությունն
էր տալիս ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ Գագիկ Մինասյանը: Նկատենք, որ եթե ընդամենը մի քանի օր առաջ Ռուսաստանից
արտահանվող գազի մասին խոսելիս հարցն այսպես էր դրվում՝ «կբարձրացնե՞ն սակագինը,
թե՞ ոչ», հիմա արդեն այս թեմայով քննարկումների ժամանակ հարցադրումներն այլ կերպ
են հնչում՝ «գնի թանկացումը Հայաստանում ցնցումներ ու ցնցահարվածներ կառաջացնի՞,
թե՞ ոչ»: Ըստ պարոն Մինասյանի, «ցավոք, մենք հարցին մոտենում ենք ոչ ճիշտ տեսանկյունից.
հարեւան պետությունն իրականացնում է իր տնտեսական քաղաքականությունը, եւ դա մեր կամքից
անկախ է»: Նա նույնիսկ հանդիմանեց լրատվամիջոցներին, որ ավելի շատ հետաքրքրվում են,
թե որ պաշտոնյան, որ բարի քեռին ինչքան կիջեցնի Ռուսաստանի կողմից առաջարկված սակագինը,
քան թե մենք ինչքանով ենք պատրաստ դրան: Իսկ պատրաստ ենք դրան, ըստ Գ. Մինասյանի,
բավականին լավ. «Մենք պիտի նայենք՝ ինչ ռեսուրսներ ունենք՝ լուծելով մեր պրոբլեմները
մեր հնարավորությունների սահմաններում: Մեր ռեսուրսները 3-ն են՝ պարսկական գազամուղը,
որի դեպքում մենք վճարելու ենք ոչ թե գազի դիմաց, այլ էլեկտրաէներգիա ենք արտահանելու
նորից Պարսկաստան, իսկ այդ դեպքում տակը բավականին մեծ քանակով գազ է մնալու Հայաստանին,
քանի որ էլեկտրաէներգիան ավելի թանկ է, քան գազը: 2-րդը՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի
գործարկումը, որի դեպքում էլեկտրաէներգիայի գինը փոքր է լինելու եւ Երեւանի ՋԷԿ-ը,
որը եւս լրացուցիչ հնարավորություն է»: Հարցին, թե գազի գնի թանկացումը 2006-ի բյուջեի
վրա այնուամենայնիվ ինչպե՞ս կանդրադառնա՝ Գ. Մինասյանը խորհուրդ տվեց. «Մի՛ շտապեք,
Կիկոսի մահի պատմությունը հիշում եք, չէ՞, ամեն ինչ ընթանում է էնպես, ինչպես պիտի
ընթանա»: Ինչ վերաբերում է քննարկման բուն առիթին՝ 2006-ի պետբյուջեին, «տարիներ
առաջ, եթե մեկն ասեր՝ բուժօգնությունը ձրի ա լինելու՝ նրան աննորմալ կհամարեին»,-
նշեց պարոն Մինասյանը, իսկ մեր երկրի առաջընթացն ու խոսուն ցուցանիշներն առավել ցայտուն
ներկայացնելու համար այն համեմատեց 2001-ի բյուջեի հետ: Պարոն Սուքիասյանի կարծիքով՝
«բյուջեն կարելի էր ավելի շատ կազմել, քան այսօրվա 1 մլրդն է»: Նա մեր տնտեսության
միակ բացթողումը համարեց բոլոր ոլորտներում հավասար պայմանների բացակայությունը,
բայց նաեւ մի օրինակով հասկացրեց, որ տնտեսական քաղաքականության համար որոշակի խոչընդոտներ
են ստեղծում նաեւ պետական մարմինները. «Երբ ֆիզիկական անձը գործարքի մեջ է մտնում
շինարարության, արտադրության ոլորտից որեւէ մեկի հետ՝ բարձր մակարդակով սպասարկվում
է, երբ իրավաբանական անձն է իրավաբանական անձի հետ հարաբերվում ցանկացած ոլորտում՝
էլի փայլուն հարաբերություններ են ստացվում, բայց որ պահին ֆիզիկական անձը պետական
որեւէ մարմնի հետ հարաբերվում է, առաջանում են խոչընդոտներ. մարդուն կարող են դեն
շպրտել, չսպասարկել, եւ նա դժգոհ հեռանում է: Ոչ ՏԻՄ-երից, ոչ նախարարությունից ոչ
մի փաստաթղթի պատասխան չես ստանում»: Մինչ պարոն Սուքիասյանը փորձում էր իր
տեսակետները հայտնել շուկայի այս կամ այն ոլորտի մասին՝ առաջարկելով, օրինակ, շինարարության
ու Հայաստանում արտադրվող շինանյութերի շուկան դարձնել վերահսկելի՝ հաստատագրված
վճարով, Գ. Մինասյանն անընդհատ միայն իր համաձայնությունն էր հայտնում՝ ժամանակ առ
ժամանակ Հայաստանում տնտեսական առաջընթացի մասին բերելով ցայտուն օրինակներ: Հարցին,
թե եթե մեր տնտեսությունն այդքան լավն է, ինչո՞ւ են մեր գործարարները վազում քաղաքականություն՝
նա պատասխանեց. «12 տոկոս տնտեսական աճը դեռ չափանիշ չի: Եթե մարդն իր ուժն ուզում
է փորձել նաեւ քաղաքականության մեջ, այստեղ որեւէ տաբու չի կարող լինել»: ՀՌԻՓՍԻՄԵ
ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել