Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկ տոմսեր՝ անհայտ ներկայացումների համար

Դեկտեմբեր 22,2005 00:00

Պարոնյանի թատրոնը ամանորյա
ներկայացում չունի, բայց դպրոցներում այդ թատրոնի անվան տակ տոմսեր են վաճառվում:
Դեկտեմբերի սկզբից մի շարք դպրոցներում աշակերտներին Հ. Պարոնյանի
անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում անցկացվող ամանորյա տոնահանդեսների տոմսեր
են բաժանվում: Որոշ դպրոցներում տնօրենների հրահանգով դասղեկները երեխաներին
նույնիսկ պարտադրում են դրանք գնել: Սակայն ինչպես պարզվեց, Ամանորի առիթով Պարոնյանի
թատրոնն իր հանդիսատեսի համար ոչ մի ներկայացում էլ չի պատրաստել, պարզապես ինչ-որ
մասնավոր ընկերություն է դահլիճը վարձել ու պետական թատրոնի անվան տակ տոմսեր է բաժանում:
Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի խոսքերով՝ քանի որ թատրոնի շենքը
չի ջեռուցվում եւ դահլիճում սարսափելի ցուրտ է, այդ օրերին սեփական ներկայացումներ
չեն բեմադրվում: Բեմն ու դահլիճը վարձակալությամբ տրամադրում են ամանորյա միջոցառումներ
կազմակերպող մասնավոր ընկերությունների. «Մենք ոչ մի կապ չունենք, տոմսերի գները
նույնպես այդ ընկերություններն են սահմանում»: Ի դեպ, վարձակալները դահլիճի ջեռուցման
հարցը չեն հոգալու, եւ միջոցառումներն անցկացնելու են ցուրտ պայմաններում: Պարոն
Շահբազյանը թատրոնի հետ պայմանագիր կնքած ՍՊԸ-ի անվանումը չմտաբերեց: Պարզվեց՝ դահլիճը
վարձակալել է իր սարսափազդու համարներով հայտնի աճպարար Վաչե Խուրշուդյանը: Ծնողների
դժգոհությունն է առաջացրել նա եւ դպրոցներում տիկնիկային թատրոնների տոմսերի ստիպողաբար
բաշխումը: «Առավոտին» ահազանգած ծնողները բողոքում էին, որ ներկայացումների ցանկը
հարուստ չէ, եւ շատ հաճախ իրենց երեխաներն արդեն այդ ներկայացումները տեսած են լինում.
«Տոմսն արժե 400-500 դրամ, դրանից բացի՝ ամեն անգամ 300-400 դրամ էլ վճարում ենք
երեխաներին տեղափոխելու համար վարձված ավտոբուսներին»: Դպրոցի մշակութային ծրագրերում
ներառված է տիկնիկային թատրոն հաճախելը, սակայն՝ կամավորության սկզբունքով: Հ.
Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնից տեղեկացանք, որ երեք ներկայացում ունեցող
աբոնեմենտն արժե 1200 դրամ: Սակայն ըստ տիկնիկայինի գլխավոր ադմինիստրատոր Արփինե
Մուրադյանի՝ դպրոցների հետ համագործակցող այլ մասնավոր տիկնիկային թատրոններ եւս
կան. «Թատրոնի համար հանդիսատես բերող միջնորդները մեզ հետ պայմանագիր ունեն եւ իրավունք
չունեն տոմսերը ավել գնով վաճառելու: Վաճառված տոմսերի քանակից նրանց տոկոս է տրվում»:
«Քաղաքապետարանը վերահսկո՞ւմ է ներկայացումների տոմսերի իրացման գործընթացը դպրոցներում»
մեր հարցին քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Արմենուհի Վարդանյանն
ասաց. «Վարչությունն առհասարակ դրանով չի զբաղվում: Եթե դպրոցներում տոմսեր են բաժանվում,
դրանք բացառապես տրվում են կամավորության սկզբունքով ու ծնողների ցանկությամբ: Տնօրենն
էլ իրավունք չունի առանց ծնողական խորհրդի համաձայնության՝ դրանք բաժանել կամ ինչ-որ
կազմակերպության հետ պայմանավորվել»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել