Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՐՅԱՆԸ՝ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ

Դեկտեմբեր 22,2005 00:00

2005
թվականի դեկտեմբերի 31-ին լրանում է անվանի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ,
հրապարակախոս, հասարակական գործիչ Նաիրի Զարյանի ծննդյան 105-ամյակը: Նա
իր ժամանակաշրջանի կրողն էր, իր բազմաժանր ստեղծագործությամբ ուրույն եւ հաստատուն
տեղն է զբաղեցնում հայ գրականության անդաստանում: Նաիրի Զարյանի կյանքի, ստեղծագործական
գործունեության վկաներն են Հայաստանի Հանրապետության ազգային արխիվում պահվող նրա
անձնական արխիվային ֆոնդի ստվարածավալ, բազմազան, բազմաբնույթ փաստաթղթերը: Ստեղծագործական
բնույթի փաստաթղթերում առկա են նրա պատմվածքները, «Սասնա Դավիթ» պոեմը, բանաստեղծություններ,
«Հացավան», «Պարոն Պետրոսն ու իր նախարարները» վեպերը, «Փորձադաշտ», «Արա Գեղեցիկ
եւ Կլեոպատրա», «Արա Գեղեցիկ» եւ այլ թատերգություններ, մեծ մասամբ հեղինակային ուղղումներով,
խմբագրությամբ: Կա նաեւ «Ասք Անդրանիկ զորավարի մասին» պոեմի ձեռագիր օրինակը, նաեւ
նյութերի հավաքածու զորավար Անդրանիկի մասին, իր հոդվածը՝ «Իմ յոթհատորյակի հրատարակման
տարեկարգը», «Կոմիտաս» կինոսցենարը՝ գրված Լ. Վաղարշյանի հետ եւ ստեղծագործական բնույթի
այլ նյութեր: Ունի հարուստ նամականի: Իր նամակներն ուղղված են Ավետ Ավետիսյանին,
Զարուհի Դոլուխանյանին, Իլյա Էրենբուրգին, Ռասուլ Համզատովին, Բոգդան Գերբարսկուն,
Իրակլի Աբաշիձեին, Միխայիլ Շոլոխովին եւ այլոց: Նաիրի Զարյանը նամակներ է ստացել
Սիլվա Կապուտիկյանից, Զարզանդ Դարյանից, Սուրեն Վահունուց, Մկրտիչ Արմենից, Ն. Լյուբիմովից,
Վ. Դուդինից եւ ուրիշներից: Նամակներում արծարծվել են ստեղծագործական բնույթի շատ
հարցեր, արդի գրականության խնդիրներ եւ այլ նյութեր: Կան նաեւ զանազան այլ
նյութեր, մեջբերումներ գրքերից, թերթերից, ասացվածքներից՝ իր հոդվածներում օգտագործելու
համար, բանաստեղծությունների տարբերակներ, նյութեր Սեւանի պրոբլեմի վերաբերյալ, ելույթներ
հանրապետության գրողների միությունում, մամուլի արձագանքներ «Արա Գեղեցիկ» ներկայացման
մասին, Նոր տարվա շնորհավորանքներ, հուշեր՝ «Պատառիկներ իմ կյանքից», ծոցատետրեր՝
զանազան գրառումներով, գնահատականներ «Սասնա Դավթի» վերաբերյալ, նյութեր արտասահմանյան-միջազգային
կապերի վերաբերյալ, Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ մեկնած նկարիչների եւ գրողների
ցուցակը, ռազմաճակատում զոհված գրողների ցուցակը, հանդիպումներ ընթերցողների հետ,
պաշտոնական նամակներ, զանազան գրություններ, հեռագրեր եւ նմանատիպ շատ այլ նյութեր:
Ֆոնդում առկա է լուսանկարների մեծ հավաքածու, ուր կան Նաիրի Զարյանի անհատական
եւ խմբակային լուսանկարներ՝ մշակույթի, գրականության եւ արվեստի գործիչների հետ.
Գեղամ Սարյան, Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար, Անժելա Ստեփանյան, Հր. Քոչար, Վահագն
Դավթյան, Ստեփան Զորյան, Վարդան Աճեմյան, Ավետ Ավետիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Իլյա
Էրենբուրգ եւ ուրիշներ: ԳՈՒՐԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀԱ արխիվի
փաստաթղթերի օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել