Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈԼԵՋԸ»

Հունվար 10,2006 00:00

«ՔՈԼԵՋԸ» ՍԿՍԵՑ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ «Առավոտը» բազմիցս գրել է, որ թե ՖԻՖԱ-ն եւ թե ՈՒԵՖԱ-ն անչափ մեծ կարեւորություն են տալիս աշխարհում կանանց ֆուտբոլի զարգացմանը: Ու ասես խորհրդանշական է, որ այս տարի հայկական ֆուտբոլին առաջին անդրադարձն էլ սկսում ենք Հայաստանի կանանց առաջնության հաղթող Երեւանի «Քոլեջ» թիմի՝ մրցաշրջան 2006-ին նախապատրաստվելուց, որին թիմը ձեռնամուխ եղավ երեկվանից: Երեւանի առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջի տնօրեն եւ «Քոլեջ» մարզական ակումբի նախագահ Հրաչյա Գրիգորյանի խոսքերով, մրցաշրջանը, հնարավոր է, հագեցած լինի ներհանրապետական ու միջազգային մրցաշարերով, ու այդ պատճառով ինքն ու մարզիչները այս տարվանից առաջին պլան են մղում կարգապահությունը, մարզումներին ու խաղերին ամենայն պատասխանատվությամբ մոտենալը: «Բնականաբար, մենք առաջին հերթին նախապատրաստվելու ենք երկրի առաջնությանը,- ասաց նա:- Սակայն ցավով պիտի նշեմ, որ թիմերի քանակի սակավության պատճառով այն կարող է կամ չկայանալ, կամ էլ մեկնարկել 2-3 թիմի մասնակցությամբ, որն անկասկած թուլացնում է պայքարը, մրցակցությունը: Իսկ եթե, Աստված մի արասցե, առաջնությունը չմեկնարկի, մրցափորձ կուտակելու, աղջիկների վարպետությունը բարձրացնելու նպատակով անպայման կանցկացնենք քոլեջի առաջնություն, որտեղ հանդես կգան մեր կրթօջախի հինգ թիմեր, կմասնակցենք մինի ֆուտբոլի մրցումների: Ֆեդերացիայում կանանց ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքի ջերմացման միտում եմ նկատում, եւ դա որոշակիորեն հուսադրում է մեզ: 2006 թվականին ֆեդերացիայի ջանքերով ամենայն հավանականությամբ նաեւ միջազգային հեղինակավոր մրցումներում հանդես գալու հնարավորություն էլ կունենանք: Խոսքը Լեհաստանում կայանալիք մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մասին է: Իսկ այդ հավաքականի հիմնական կորիզը, ինչպես գիտեք, մեր ֆուտբոլիստուհիներն են: Պատրաստվում ենք մասնակցել ՈՒԵՖԱ-ի կանանց ակումբային գավաթի խաղարկությանը ու այդ հարցում նույնպես ֆեդերացիայի աջակցությունն ենք ակնկալում: Սակայն պիտի ասեմ, որ այստեղ շատ լուրջ խնդիրների առջեւ ենք կանգնում ակումբի մշտական լուրջ հովանավոր չունենալու առումով, քանի որ ֆեդերացիան ակումբների հարցեր լուծելու պարտավորություն չունի: Ինչ վերաբերում է «Քոլեջի»՝ ֆուտբոլային առումով այս տարվա մյուս արժանահիշատակ մեկնարկներին, կառանձնացնեի Նորվեգիայի գավաթի խաղարկությունը, որի մշտական մասնակիցն ենք արդեն մի քանի տարի»: Ասենք, որ թիմի այս տարվա առաջին մարզմանը ներկա էին նաեւ Նորվեգիայից Ամանորը եւ Ծննդյան տոները Հայաստանում անցկացնելու նպատակով ժամանած մեր հայրենակից Կայծակ Դեմիրճյանը եւ նորվեգացի Յուսի Բյորնը: Նրանք քոլեջցիների խաղը տեսել են Օսլոյում ու հայ ֆուտբոլիստուհիների երկրպագուն են: Յուսի Բյորնը առաջարկեց Նորվեգիայի գավաթի այս տարվա խաղարկության օրերին ընկերական հանդիպում կազմակերպել «Քոլեջի» եւ այդ երկրի ամենահարուստ ակումբներից մեկի աղջիկների թիմերի միջեւ, իսկ Կայծակ Դեմիրճյանը ցանկություն հայտնեց մարզուհիներին հնարավորության սահմաններում օգնել տարբեր մարզահագուստ եւ մարզագույք ձեռք բերելու հարցում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել