Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանում էի իմանում, որ զոհս աղքատ է»

Հունվար 28,2006 00:00

Ասում է գիշերային զրուցակիցս՝ գրպանահատ Վրեժը

Աբովյան փողոցում երկուսը կտրեցին ճանապարհս: Ուշադրությունս գրավեց, որ երկուսն էլ մուգ ակնոցով էին: Գիշերվա 12-ն էր, իսկ ձյունը ծածկել էր ողջ ճանապարհը: «Ձեն հանես՝ վատ կլինի,- սպառնաց նրանցից մեկը, պահանջելով.- ինչ կա-չկա՝ տուր»: Նկատեցի, որ նրանցից մեկի ձեռքը շարունակ գրպանում էր, ջղաձիգ շարժումներ էր անում: Ու երբ հանեցի (հայացքս չէի կտրում նրանցից) դրամապանակս, ուր այդ պահին «ինչ կար-չկարը» լրագրողական գրքույկս էր ու 1000 դրամ, նրանցից մեկը մյուսին ասաց՝ «գնա, գալիս եմ»: Մեկը գնաց, իսկ իմ գիշերային «զրուցակիցս» դանդաղորեն հանեց ակնոցը ու հարցրեց. «Լրագրող չե՞ս»: Ճանաչեցի նրան. լուսաբանել եմ նրա դատը: «Պետք չէ»,- դրամապանակս կոպիտ հրելով վերադարձրեց նա: Հարցեր տալու առիթը չկորցրեցի. «Էլի գողությա՞մբ ես զբաղվում»:

«Իսկ ի՞նչ անեմ: Գաղութից 6 ամիս է դուրս եմ եկել ու որեւէ տեղ հնարավորություն չունեմ աշխատելու. ոչ շինարարություն կա, ոչ պահակի տեղ: Մայրս 80 տարեկան անկողնային հիվանդ է, տառապում է հիպերտոնիայով»:

Վրեժը հասցրել էր 3 անգամ դատապարտվել գողության համար: Ամուսնանալու մասին չի էլ մտածում, որովհետեւ գիտի, որ չի կարող ընտանիք պահել, հոգալ ծախսերը:

Ըստ Վրեժի, նա գիշերն է «աշխատում», քանի որ իրեն չեն տեսնում, կկարողանա միայնակ գլուխ հանել «զոհից», «շուխուռ» չի ընկնի, ընկնելու դեպքում էլ ինքը «զինված է»: Պարզվեց, որ Վրեժի գրպանում մանկական ատրճանակ կա՝ 2500 դրամ արժողությամբ, որը մթի մեջ իսկականի է նման: Զենք չտեսած մարդու համար դա «Մակարով» էր հիշեցնում: Իմ հարցին, թե ուշ ժամերին մարդկանց մոտ գումար կա՞, չէ՞ որ նրանք «արտակարգ իրավիճակների» թելադրանքով են գիշերը հայտնվում դրսում, նա պատասխանեց, որ «եթե գիշերը դուրս է գալիս, նշանակում է պատրաստ է տաքսիով տուն գնալ, զվարճանքի վայրերից է վերադառնում» եւ համոզված է, որ բոլոր «յուղոտ» գործարքները ուշ ժամերի են կատարվում:

Իսկ եղե՞լ է, որ իր կատարածի համար զղջացել է, Վրեժը պատասխանեց, որ օրեր առաջ «պրոսպեկտի տատիկի» վրա հարձակվեց շուկայի դիմաց, քաշքշոցի ժամանակ տատիկն ընկավ փողոցում ու լաց լինելով անիծում էր իրեն: Այդ պահին հիշել է մորը, փախել՝ ոչինչ չփախցնելով: Նա խոստովանեց, որ միայն դատարաններում էր իմանում, թե տուժողը աղքատ է եղել: Որովհետեւ երբ մոտեցել է գողության նպատակով, տուժողի մոտ այդ պահին եղել է նույնիսկ 500 դոլար, 1000 դոլար: «Հարուստ է ու ձեւեր է անում, դատարան էլ ինչ թուղթ ասես՝ բերում է»,- եզրակացրեց գրպանահատը: Վրեժը հրաժեշտից առաջ ասաց, որ երբ դուրս էր գալիս տնից, աչքն իրենց օրացույցի վրա ընկավ: Աստղերը հուշում էին. «Վերահսկեք մտքերն ու արարքները, ոչինչ մի պայմանավորվեք, քանի որ իրավիճակն անկարող եք վերահսկել: Ոչինչ մի ձեռնարկեք»: Վրեժը զգում էր, որ այսօր ոչինչ չի ստացվելու: Այդպես էլ եղավ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել