Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ

Փետրվար 02,2006 00:00 Share

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՉՊԻՏԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱՆ Ըստ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, դատախազությունը պետք է այլ միջոցներ գտնի՝ ընտրակեղծարարներին բացահայտելու: Սահմանադրական հանրաքվեի խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազը վերջերս առաջարկել էր՝ եվրոպական դիտորդները ճիշտ կանեն գան դատախազություն եւ իրենց նկատած խախտումների մասին ցուցմունք տան: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանին հարցրինք՝ արդյոք նա նկատե՞ց, դիտորդները պատրաստվո՞ւմ են գալ ՀՀ գլխավոր դատախազություն եւ ցուցմունքներ տալ: Հարցը կատակ համարելով, Տիգրան Թորոսյանը որոշեց լուրջ պատասխանել. «Ես կարծում եմ, կարիք չկա, որ դիտորդները դիմեն դատախազությանը, հրապարակվել է զեկույց: Այս զեկույցը դիտորդական առաքելության տեսակետն է, եւ, բնականաբար, դատախազությունը չի կարող ուշադրությունից դուրս թողնել այս փաստաթուղթը եւ անպայման պետք է իր աշխատանքի ընթացքում արձագանքի դրան: Մեկ կոնկրետ դեպքի հետ կապված այնտեղ արձանագրում կա, կոնկրետ ընտրատարածքն է նշված եւ խախտման ձեւը, եւ ճիշտ կլինի, որ այս փաստի նկատմամբ արձագանք լինի: Ցավոք, միայն մեկ դեպքի արձանագրում կա: Թեեւ, երբ իրենք դեռեւս Երեւանում էին եւ չէին վերադարձել, նոյեմբերի 28-ին ես հանդիպել եմ իրենց հետ, խոսել եմ նաեւ քաղաքական հարցերի եւ դիտարկման հանձնաժողովներում, եւ իրենք ասել են, որ ընդամենը մի քանի տեղամասերում է, որ իրենք թերություններ են հայտնաբերել: Եթե չեմ սխալվում, 3-4 տեղամասերի մասին էր խոսքը, մինչդեռ իրենք 150 տեղամաս են այցելել: Սա է իրողությունը: Սա իհարկե դժվարացնում է դատախազության աշխատանքը, եւ կարծում եմ՝ որեւէ ողջամիտ մարդ այստեղ որեւէ կասկած չունի: Բայց մյուս կողմից, կարեւոր է թեկուզ շատ ծանր աշխատանքի արդյունքում բացահայտել խախտումները եւ պատժել մեղավորներին»: Մենք հիշեցրինք, որ ոչ թե մեկ կամ երկու, այլ հարյուրավոր տեղամասերում կեղծիքների մասին կոնկրետ հասցեներով տվյալներ արդեն ունի «Արդարություն» խմբակցությունը եւ առաջարկ է արել նաեւ հարցը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Բայց ոչ ոք չի կասկածում, որ խորհրդարանական մեծամասնությունը չի գնա այդ քայլին: ԱԺ փոխնախագահի կարծիքով, ցանկացած ժամանակավոր հանձնաժողով ոչինչ էլ չի կարող անել. «Ես ուզում եմ հիշեցնել մի քանի ժամանակավոր հանձնաժողովների մասին, որոնք ստեղծվեցին եւ գործեցին՝ «ԱրմենՏելի» հետ կապված, այսպես կոչված՝ «Մազութի գործով», «Հոկտեմբերի 27-ի», որտեղ ընդգրկված էին մարդիկ ե՛ւ ընդդիմությունից, ե՛ւ իշխանությունից: Մարդիկ շատ ջանադրաբար աշխատել են եւ որեւէ խնդիր չեն ունեցել, ոչ էլ խոչընդոտ, եւ արդյունքը այն է՝ ինչ ունենք. մի հաշվետվություն, եւ դրանով ամեն ինչ ավարտվում էր: Եվ սա չի նշանակում, որ մեր գործընկերները այդ հանձնաժողովներում վատ են աշխատել, այլ այն, որ ժամանակավոր հանձնաժողովները մեր սահմանադրության եւ կանոնակարգի համաձայն՝ սահմանափակ լիազորություններ ունեն, որոնք հնարավորություն չեն տալիս նորմալ քննություն անցկացնել եւ պարզել խախտումներ եւ հետագա քայլերի հնարավորություն, հիմքեր չեն ստեղծվում»: Տիգրան Թորոսյանը խորհուրդ տվեց այս ամենի փոխարեն պատրաստվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին. «Ես համոզված եմ, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոչ միայն որոշվելու է, թե որ կուսակցությունը քանի տեղ է ունենալու, այլեւ երկու կարեւոր հանգամանք՝ մենք պիտի կարողանանք ցույց տալ, որ կարող ենք անցկացնել այնպիսի ընտրական գործընթացներ, որոնք լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին: Սա, կարծում եմ, շատ ավելի կարեւոր խնդիր է, քան առաջինը: Եվ երկրորդ, հաշվի առնելով ընթացող գործընթացները՝ կարծում եմ, կուսակցություններն ունեն մեկ այլ կարեւոր շահ՝ դա բազմակուսակցական համակարգի լիարժեք կայացման խնդիրն է, իսկ այսօր ընթացող գործընթացները չեմ կարծում, որ ուղղված են այդ համակարգի կայացմանը»: Տիգրան Թորոսյանին հարցրինք նաեւ ԵԽԽՎ դիտարկման հանձնախմբի նախորդ օրը տարածած հայտարարության մասին: Ըստ մեր զրուցակցի՝ դրանում չկան խիստ գնահատականներ. «Եթե ուշադիր հետեւենք, ապա իրենց հարցադրումը ասում է հետեւյալը՝ ինչո՞ւ նման արարքներով («Իրոք, անհրաժե՞շտ էր լցոնել քվեատուփերը եւ արհեստականորեն ուռճացնել քվեարկողների թիվը՝ բարեփոխումն անցկացնելու համար»՝ սա մեջբերում է հայտարարությունից-Մ. Ե.) պիտի վարկաբեկվեր գործընթացը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել