Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ

Փետրվար 02,2006 00:00

ԵԹԵ ՍԿԻԶԲԸ ՀԱՋՈՂ ՍՏԱՑՎԻ «Առավոտը» շատ է գրել, որ սկսած 2006-ի հունվարից, պետական բյուջեից սպորտին հատկացվող գումարներն անմիջականորեն տրվում են մարզական ֆեդերացիաներին, որոնք այսուհետեւ իրենք են ըստ նպատակահարմարության տնօրինելու դրանք: Մի կողմից սա շատ երկրներում ընդունված ու իրեն արդարացրած մոտեցում է՝ վերջապես Հայաստանում էլ ֆեդերացիաները պետք է աշխատեն եւ տվյալ մարզաձեւի վիճակի համար պատասխանատվություն կրեն: Մյուս կողմից, ինքնուրույն գործելու պարագայում, հնարավոր է, որ պետական միջոցները նպատակային չծախսվեն եւ ավելին՝ կմսխվեն ծանոթ- բարեկամների մեջ: Այս թեմայի շուրջ զրուցեցինք ՀՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանի հետ: – Պարոն Իսպիրյան, արդյո՞ք պետությունը մեծ սպորտից ձեռքերը չի լվանում: – Ամենեւին: Պարզապես, յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով: Պետության գործը սպորտում քաղաքականություն մշակելն է, զանգվածային սպորտը զարգացնելը, մարզական շինարարություն իրականացնելը: Իսկ ֆեդերացիաները պետք է զբաղվեն իրենց մարզաձեւերի զարգացման, բարձր ցուցանիշներ ունենալու, այդ նպատակով հանրապետության առաջնություններ, մարզիկների ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու, հավաքականների՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցումներին մասնակցությունն ապահովելու խնդիրներով: Պետության դերը, ի դեմս Սպորտպետկոմի, աջակցելը եւ վերահսկելն է: – Եվ կարծում եք՝ հիմա ֆեդերացիաները կաշխատե՞ն: – Ամեն բան դրա համար է արվել: Մինչեւ ֆեդերացիաներին անմիջականորեն ֆինանսավորելուն անցնելը, որին, ցավոք, ոչ բոլորն են պատրաստ, Սպորտպետկոմը դրանց հետ համապատասխան պայմանագիր է ստորագրել, որում նշված են կողմերի նպատակները, խնդիրները, հանձնարարված կամ ստանձնած գործի հանդեպ պատասխանատվության աստիճանը: Նրանք ներկայացրել են աշխատանքային ծրագրերը, որոնցում նշված են անգամ մրցումների կամ միջոցառումների նախահաշվարկները, թե որի անցկացումը մոտավորապես ինչ է արժենալու: Ըստ այդմ էլ հաստատվել են տարեկան ֆինանսավորման, ըստ եռամսյակների գումարի բաշխման չափերը: Յուրաքանչյուր միջոցառման՝ հավաք, հանրապետության առաջնություն, միջազգային մրցուղերթ, ավարտից հետո ֆեդերացիան մեկ ամսվա ընթացքում պարտավոր է գրավոր հաշվետվություն ներկայացնել ինչպես մարզական արդյունքների, այնպես էլ ֆինանսական ծախսերի մասին: Միայն դրանք քննարկելուց եւ ընդունելուց հետո կֆինանսավորվի հաջորդ միջոցառումը: Սա արված է, որպեսզի գումարները ծախսվեն նպատակային ու արդյունավետ: – Վստահություն կա՞, որ ֆինանսական փաստաթղթերում կեղծ թվեր չեն ներկայացվի կամ էլ, ասենք, հավաքականի մարզիչը, ֆեդերացիայի այս կամ այն պաշտոնյան հավաքում, հանրապետությունից դուրս մրցման մեկնող թիմում կընդգրկի ոչ արժանավոր մարզիկի: Այդպիսի օրինակներ ունեցել ենք: – Անձամբ ես նման փորձերը չեմ բացառում: Մենք հիմա ըստ էության երկար ճանապարհի սկզբին ենք: Շատ բան կախված է լինելու անձի արժանապատվությունից, փոխադարձ հարգանքից ու վստահությունից: Ոչ բոլոր ֆեդերացիաներն են կայացած՝ մեծ մասը ֆինանսապես կաղում է: Դա կարող է անցանկալի քայլերի առիթ հանդիսանալ: Դրա համար էլ խիստ վերահսկողություն է իրականացվելու: Թե որքանո՞վ կհաջողվի, հիմա դժվարանում եմ ասել: Սպորտպետկոմում բանիմաց, հեղինակավոր ու փորձառու մարդիկ են աշխատում: Նրանք լավ գիտեն մարզիկներին եւ տիրապետում են ֆինանսական հարցերին: Մեր մասնագետները եւ ֆեդերացիաների նախագահները պետք է միասին անեն այնպես, որպեսզի հավանական չարաշահումները բացառվեն կամ հասցվեն նվազագույնի: Իսկ եթե ֆեդերացիայի մի որեւէ պաշտոնյա կամ մարզիչ փորձի կեղծիքների գնալ, ֆինանսավորումը կդադարեցվի, հարցը կմտցվի ֆեդերացիայի արտահերթ նիստ եւ գործերը կհանձնվեն համապատասխան մարմիններին: – Եկող տարվանից ֆեդերացիաների ֆինանսավորման նոր սանդղակ է մտցվելու: Գումարի չափը որոշվելու է ըստ նախորդ տարվա ընթացքում միջազգային ասպարեզներում նվաճած մեդալների համար սահմանված միավորների պարզ հաշվարկի: Մարզաձեւերն անհավասար վիճակում չե՞ն հայտնվի: – Հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն աշխատում է հաշվարկների մի քանի տարբերակների վրա: Ձեր բարձրացրած խնդիրը, իրոք, կա: Եթե հավասար նժարի վրա դնենք մեր, այսպես կոչված, «հենակետային» մի քանի մարզաձեւերը (դրանք մոտ 11-12-ն են), որոնք անցած մրցաշրջանում հանրապետությանը մեդալներ են բերել եւ, ասենք, հանդբոլը կամ վոլեյբոլը, կստացվի, որ պետբյուջեի ամբողջ գումարը պետք է տալ այդ 11-12 մարզաձեւերին, իսկ մյուս մարզաձեւերը պարզապես փակել: Դրա համար էլ մտադիր ենք վերջինների համար ֆինանսավորման առանձին չափորոշիչներ մշակել: – Տարեվերջյան քննարկումների ժամանակ մեր առաջատար որոշ մարզաձեւերի ֆեդերացիաների ծավալած գործունեությունը մրցաշրջան-2005-ում անբավարար գնահատվեց: Նույնիսկ մարզչական խորհուրդների, հավաքականների մարզիչների կազմն ամբողջությամբ որակազրկելու առաջարկներ հնչեցին: Բայց փոփոխություններ այդպես էլ չեղան: – Այո: Ես ինքս անչափ դժգոհ էի ու այդ առաջարկներն անողներից մեկն էի: Սակայն մարզիչները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին գրավոր խոստացան ամենակարճ ժամկետներում շտկել թույլ տված սխալները եւ արդեն այս տարի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, պաշտոնական պատասխանատու մրցումներում մեդալների հարուստ ավար նվաճել հանրապետության համար: Նրանց տրվեց վերջին հնարավորությունը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել