Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հարեւանդ դատավոր է

Փետրվար 03,2006 00:00

«Դռնփակ»
նիստեր Իսահակյան փողոցում չեն լինի «Առավոտի» խմբագրությանն են դիմել Երեւանի
Իսահակյան 22 շենքի 1-ին մուտքի բնակիչներ Վ. Քարիմյանը, Լ. Ռոստոմյանը, Վ. Քաշլյանը,
Ա. Քարիմյանը, Ա. Ռոստոմյանը: Նամակագիրները տեղեկացնում են, թե դիմել են նաեւ բոլոր
հիմնական պաշտոնյաներին, ինչպես նաեւ ՀՀ-ում գործող դիվանագիտական հաստատություններին:
Բնակիչները արդարադատության
նախարար Դավիթ Հարությունյանի առաջ հարց են բարձրացնում «կանխել Երեւանի Էրեբունի
եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի օրինազանցությունները»:
Դատավորի հարեւանները տեղեկացնում են, թե Ս. Կոստանյանը փակել է 1-ին մուտքի տարադրամի
փոխանակման եւ ձայներիզների վաճառքի կետերը՝ «հաշվի չառնելով, որ փոքր բիզնեսի վերոհիշյալ
տեսակները մի շարք ընտանիքների կենսական կարիքները ապահովելու միջոց են հանդիսանում»:
«Միջհարեւանական բախումներ» տեղի ունեցան, մասնավորապես, 2005-ի նոյեմբերի 20-ի առավոտյան,
երբ «մուտքում չափազանց թանկ, երկաթե ծանր դռներ» տեղադրվեցին: Բնակիչներն անգամ
գինն են նշում. 700 դոլար: «Զուգահեռաբար նա փոխում է 1-ին եւ 2-րդ հարկերի միջեւ
եւ շենքի ետնամասում գտնվող դռների կողպեքները, իսպառ զրկելով բնակիչներին ելումուտի
հնարավորությունից»: Բնակիչներն այսպիսով գտնում էին, թե խախտվել են իրենց սահմանադրական
իրավունքները եւ որ դատարանի նախագահը «չի հարգում այլոց իրավունքները, ազատությունները
եւ արժանապատվությունը»: Մենք այցելեցինք հիշյալ տարածք: Իսահակյան 22 շենքն
ունի երկու մուտք: 2-րդ մուտքն ընդհանրապես դուռ չուներ: Շենքը, բացի առաջին մուտքից,
«լցոնված» էր բազմաթիվ կազմակերպություններով՝ կոմպյուտերային խաղերի, «Վիվա Սելի»,
դեղատան եւ զբոսաշրջության գրասենյակների եւ այլն: Վիճահարույց առաջին մուտքի դուռը
հեշտությամբ բացելով, իրոք տեսանք փակված տարադրամի եւ ձայներիզների վաճառքի կետերը:
Սակայն երկուսի դռները բաց պատկերացնելու դեպքում կարող ենք արձանագրել, որ բնակիչների
ելումուտը իսկապես դժվարանցանելի էր: Այս առումով շենքի մի քանի բնակիչներ իսկապես
տեղին են համարել այդ երկու կետերի փակելը: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների
առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանն «Առավոտին» ասաց, թե ինքը որեւէ
մուտք չի փակել: Տեղեկացրեց, որ Կենտրոնի թաղապետարանն է իրականացրել դռների տեղադրումը:
Ինչ վերաբերում է մեր կատակին, թե գուցե «մտադիր եք դռնփակ նիստեր հրավիրել», նա
պատասխանեց, որ տարածքը վերածվել էր բոմժանոցի՝ «ով ասես մտնում էր, իսկ շենքի կանայք
մաքրում էին նրանց թողած հետքերը, աղբը»: Տեղեկացանք նաեւ, որ դռների տեղադրմանը
մասնակցել են Կենտրոն թաղապետարանի կոմունալ սպասարկման բաժնի աշխատակիցները, որոնք
մասնակցել են նաեւ Կենտրոն համայնքում գտնվող շատ ու շատ շենքերում դռների տեղադրմանը:
Սակայն բնակիչների մի մասը կարծում է, թե իրենց թշնամաբար տրամադրված դատավորը գործել
է «բացառապես այլ անձին վնաս պատճառելու մտադրությամբ»: Բնակիչները դիմել էին նաեւ
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն: Նրանք պահանջել են պաշտպանել ՀՀ քաղաքացու
իրավունքները՝ սեփականատիրության (փոքրիկ բիզնես) հարցում: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել