Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր

Փետրվար 04,2006 00:00

Ովքեր էին խանգարում օլիմպիադաների անցկացմանը Մեծ ու փոքր ահաբեկչություններ օլիմպիադաների ժամանակ Որքան էլ օլիմպիական խաղեր ընդունող երկրների կառավարությունները ջանում են խուսափել անախորժ երեւույթներից, միեւնույն է, դա նրանց չի հաջողվում: Որպես կանոն, բոլոր օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրվում են սկանդալներ, ահաբեկչական գործողություններ, զանգվածային անկարգություններ, որոնք, բարեբախտաբար, չեն ստվերում մարզական համաշխարհային տոնահանդեսները: 1968 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերից երկու շաբաթ առաջ, մի քանի հազար երիտասարդներ հեղեղեցին Տլատելոլկո հրապարակը: Նրանք պահանջում էին իրավունքների հավասարություն եւ կրթության ավելի բարձր որակ: Մեքսիկայի նախագահ Գուստավո Դիաս Օրդասը ուսանողներին համարում էր խամաճիկներ դրսի ինչ-որ ուժերի ձեռքին, որոնք ցանկանում են խափանել Լատինական Ամերիկայում առաջին անգամ անցկացվող օլիմպիական խաղերը, զինվորականներին հրամայեց կրակ բացել ուսանողների վրա: Համաձայն պաշտոնական վիճակագրության, այդ օրը սպանվել է 37 մարդ: Իսկ անկախ աղբյուրները խոսում են 400 զոհի մասին: Մյունխենի օլիմպիական խաղերի ժամանակ՝ 1972 թ. սեպտեմբերի 5-ին, «Սեւ սեպտեմբեր» ահաբեկչական խմբի մի խումբ զինված ներկայացուցիչներ, ներխուժելով օլիմպիական ավանում Իսրայելի պատվիրակության առանձնատուն, տեղում գնդակահարեցին երկու մարզիկի ու եւս ինը հոգու պատանդ վերցրին: Նրանք պահանջում էին ազատ արձակել այդ ժամանակ Իսրայելի բանտերում գտնվող «Պաղեստինի ազատագրման կազմակերպության» անդամներին եւ գերմանացի երկու ահաբեկչի: Իսրայելի կառավարությունը հրաժարվեց բավարարել պահանջները: Սակայն ԳՖՀ-ի ներքին գործերի նախարար Հանս Դիտրիխ Գենշերը շարունակում էր բանակցությունները ահաբեկիչների հետ: Օլիմպիական ավանի քաղաքապետ Վալտեր Տրյոգերը, Գերմանիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Վիլլի Դաումեն եւ Բավարիայի ներքին գործերի նախարար Բրունո Մերկը առաջարկեցին մարզիկների փոխարեն իրենց պատանդ վերցնել, սակայն ահաբեկիչները հրաժարվեցին: Դրանից հետո ահաբեկիչներին պատանդների հետ միասին ավտոբուսներով դուրս բերեցին օլիմպիական ավանի տարածքից, նստեցրին ուղղաթիռ ու տեղափոխեցին մոտակայքի ռազմական օդակայան, որտեղ նրանց սպասում էր դեպի Կահիրե թռիչքի համար բերված օդանավը: Պատանդներին ազատագրելու համար հրավիրվել էին Գերմանիայի ոստիկանության ուժերը, սակայն օպերացիան ողբերգական զարգացումներ ստացավ ու ավարտվեց փոխհրաձգությամբ: Արդյունքում սպանվեց իսրայելցի ինը մարզիկ, որոնց տեղում հասցրին գնդակահարել ահաբեկիչները, մեկ ոստիկան եւ հինգ ահաբեկիչ: Մեկօրյա ընդմիջումից հետո կազմկոմիտեն վերսկսեց օլիմպիական մրցումները: 1996 թվականին Ատլանտայի օլիմպիական խաղերի ժամանակ, չնայած կիրառված անվտանգության բոլոր միջոցառումներին, ահաբեկչական ակտ տեղի ունեցավ: Բազմամարդ օլմպիական զբոսայգում նռնակ պայթեց, որի արդյունքում երկու մարդ զոհվեց, 100-ից ավելին վնասվածք ստացավ: Ահաբեկչին՝ Էրիկ Ռոբերտ Ռուդոլֆին, որը մասնակից էր նաեւ մի քանի այլ ահաբեկչությունների, ձերբակալեցին միայն հինգ տարի հետո, այն էլ պատահականորեն: 2004 թվականին Աթենքի օլիմպիական խաղերի ավարտին աղմկալի սկանդալ եղավ: Մարաթոնյան վազքի եզրափակիչ հատվածում առաջատարի՝ բրազիլացի Վանդերլեյ Լիմայի վրա խուլիգանական հարձակում գործեց իռլանդացի հոգեւորական Կոռնելիուս Հորանան: Նա թռավ արգելափակոցի վրայից ու հրելով մրցուղուց դուրս շպրտեց մարզիկին, որի պատճառով վերջինս զրկվեց օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճելու հնարավորությունից: Չնայած ոստիկանությունն ու հանդիսատեսն անմիջապես միջամտեցին, շոկի մեջ հայտնված վազորդը զիջեց ոչ միայն առաջին, այլ նաեւ երկրորդ տեղը ու եզրագիծը հատեց երրորդը: Մեղավորն այնուհետեւ դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման ու տուգանվեց երեք հազար եվրո: Պատրաստեց Ա. ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել