Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական վտարումը՝ «պետական» կարիքների համար

Փետրվար 08,2006 00:00

Հերթական վտարումը՝ «պետական» կարիքների համար Շենքը վաճառվելու դեպքում 1800 բնակիչ ձմռան ցրտին կմնա անօթեւան Կառավարության որոշմամբ Նոր Նորք համայնքի ուսանողական ավանի 5-րդ մասնաշենքը, առանց բնակիչներին տեղյակ պահելու, աճուրդի է հանվել: Երեկ պետք է կայանար այդ մասնաշենքի աճուրդը, սակայն այդտեղ ապրող բնակիչների բարձրացրած աղմուկի պատճառով կառավարությունը 21 օրով այն հետաձգել է: Բանն այն է, որ 98-ից ի վեր ուսավանի 5-րդ մասնաշենքը էլեկտրաէներգիայի դիմաց մոտ 42 միլիոն դրամ պարտք է «Հայէլցանցերին», իսկ վերջինս էլ «Հայգազարդ» ՓԲԸ-ին: Իսկ մասնաշենքը աճուրդով վաճառելու որոշումը կայացրել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը՝ հիմք ընդունելով դատարանի որոշումը: Եվ քանի որ ուսավանում ապրող բնակիչները ի վիճակի չեն պարտքը մարելու, ԴԱՀԿ-ն որոշել է գումարը բռնագանձել շենքն աճուրդով վաճառելու միջոցով: Չնայած պարտքը կուտակել են ուսավանի նախկին ուսանողները, սակայն նոր բնակիչները երեկ կազմակերպած ասուլիսում ասացին, որ ձմռան կեսին բնակարանից չզրկվելու համար ժամանակի ընթացքում պարտավորվում են պարտքը մարել: Ուսանողական հանրակացարանում ապրում են հիմնականում սեփական բնակարան չունեցող եւ սոցիալապես անապահով ընտանիքներ: 5-6 անձից բաղկացած յուրաքանչյուր ընտանիք բնակվում է 16 քմ-ում: Մասնաշենքում բացակայում են կոմունալ-կենցաղային պայմանները: Մարդիկ օգտվում են ընդհանուր զուգարանից ու լոգարանից: Նախօրեին էլ բնակիչները կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են կազմակերպել՝ գործադիրից ակնկալելով աճուրդը չեղյալ հայտարարել, սակայն կառավարության միակ զիջումը եղել է աճուրդը 21 օրով հետաձգելը, որպեսզի բնակիչները ժամանակ ունենան պարտապանի հետ հարցերը լուծել: Թեպետ բնակիչները փողոցում չհայտնվելու համար պարտավորվել են պարտքը մարել, բայց երեկ վերջիններս խոստովանում էին, որ նույնիսկ ի վիճակի չեն հանրակացարանի 3 հազար դրամ վարձը մուծել: Հինգերորդ մասնաշենքի բնակչուհի Թագուհի Զաքարյանի խոսքերով՝ «որդիս ծառայում է բանակում, մյուսն էլ զորակոչի ենթակա է եւ մի քանի ամսից պետք է մեկնի, երկուսն էլ գրանցված են հանրակացարանում: Որդիս գալու է դրսում ապրի՞, իսկ մյուսին փողոցից ե՞ն տանելու»: Ավանի բնակիչներին հասած տեղեկություններով՝ իրենց մասնաշենքը ցանկանում է գնել ԱԺ նախագահի տեղակալ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը: Ի դեպ, շենքում ապրող 1800 բնակիչներից մոտ 800-ը երեխաներ են: Երեկ ասուլիսավորները հայտարարեցին, որ բնակիչներից բաղկացած խորհուրդ են ստեղծել եւ պատրաստվում են պայքարել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել