Լրահոս
Օրվա լրահոսը

Կողոպտվել

Փետրվար 11,2006 00:00

Կողոպտվել է, գողացվել է, նշանակվել է Ոստիկանական խճանկար Օրերս ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկել 1982թ. ծնված Կարեն Հակոբյանին եւ 1967թ. ծնված Կարո Անտոնյանին: Պարզվել է, որ նրանք 2005թ. դեկտեմբերի 21-ին դիմակավորված եւ հրազենով զինված կոտրել են Չարենցավան քաղաքի Անդրանիկի զանգվածի թիվ 20/Ա տնակում ժամանակավորապես բնակվող Չեխիայի Հանրապետության քաղաքացի, չեխական «Մարդը դժբախտության մեջ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Էդուարդ Ս.-ի տնակի դուռը եւ զենքի սպառնալիքի տակ գումար պահանջել, ապա հրազենից կրակ արձակելով՝ հափշտակել են 1 մլն 900 հազար դրամ, 9000 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ տնակում գտնվող հիշյալ հիմնադրամի կոորդինատոր Աշխեն Է.-ի պայուսակում եղած 3000 ԱՄՆ դոլարը եւ 60 հազար դրամը: Խուզարկությամբ Կ. Անտոնյանի բնակարանում հայտնաբերվել եւ առգրավվել են ՏՏ տիպի ատրճանակ, 9մմ տրամաչափի մեկ փամփուշտ, ԱԿ-74 տիպի խլացուցիչով ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի կարճեցված խզակոթով ինքնաձիգ, երկու պարունակ՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 17 եւ 29 փամփուշտով, երկու խլացուցիչ, 16 եւ 18 մմ երկարությամբ ու 5.45 մմ տրամաչափի 11 փամփուշտ: Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքրեագիտական վարչություն: Հանցագործները կալանավորված են, քննությունը վարում է ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժինը: *** Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ Արման Սահակյանը եւ հայտնել, որ նույն օրը, գիշերը իրեն պատկանող առեւտրի կրպակի պատուհանի ապակին կոտրելու միջոցով գողացվել է 320 հազար դրամ կանխիկ գումար, բջջային հեռախոսի «Nokia», «Erixson» եւ «Samsung» տեսակի ապարատներ, նաեւ «Վիվասել»-ի վերալիցքավորման քարտեր՝ 1 մլն 900 հազար դրամի ընդհանուր արժողությամբ: Ձեռնարկված օպերատիվ քննչական միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները ոստիկանության Արտաշատի բաժին բերման են ենթարկել 1978թ. ծնված Մանվել Ավետիսյանին: Վերջինս խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնի մի մասը հայտնաբերվել է, Մ. Ավետիսյանը կալանավորվել է: Քննությունը վարում է ոստիկանության Արտաշատի բաժնի քննչական բաժանմունքը: *** Երեկ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոստիկանության գնդապետ Գառնիկ Ղալիջանյանը, որը նախկինում եղել է ԿՀԴՊ գլխավոր վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ: Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր ոստիկանության գնդապետ Արկադի Բալայանը, որն օրերս ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է արդարադատության նախարարության ԴԱՀԿ պետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել