Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 16,2006 00:00

ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԻ ՍԱՊՈԳԻ Երեկ Վրաստանի խորհրդարանը 180 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով քվեարկել է Հարավային Օսիայից ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման օգտին: «Ազատություն» ռ/կ-ն հիշեցնում է, որ ռուսական կողմը օրեր առաջ համոզմունք էր հայտնել, թե վրացի օրենսդիրները պատասխանատվությամբ եւ սառնասրտորեն կմոտենան հարցին: Մինչդեռ Վրաստանի իշխանությունները շարունակում են ամենաբարձր ամբիոններից հայտարարել, որ ռուս խաղաղապահները սպառնում են Վրաստանի բնակչությանն ու պետական անվտանգությանը: Ըստ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանի, հարցի շուրջ ներքին գործերի, ինչպես նաեւ պաշտպանության նախարարությունների ներկայացրած փաստարկները բավական համոզիչ են: «Կարծում եմ, որ խորհրդարանը կքվեարկի հօգուտ ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման, բայց, ի վերջո, որոշումը ընդունում է երկրի նախագահը: Չորս տարի առաջ խորհրդարանը որոշում կայացրեց Աբխազիայից խաղաղարար ուժերի դուրսբերման մասին, սակայն նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն չվավերացրեց որոշումը: Իմ կարծիքով, Վրաստանի ղեկավարությունն այս անգամ էլ այդ քայլին, հավանաբար, չի դիմի»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Բայբուրդյանը: Վերջինս Վրաստանի խորհրդարանի միակ պատգամավորն էր, ով 4 տարի առաջ քվեարկությամբ դեմ արտահայտվեց Աբխազիայից ռուս խաղաղարարների դուրսբերմանը: Պատգամավորը, սակայն, դժվարացել է պատասխանել, թե ինչպես է քվեարկելու այս անգամ: «Վրաստանը նույն երկիրը չէ, ինչ 4 տարի առաջ: Վրաստանի հետ արդեն հաշվի են նստում արեւմտյան տերությունները: Կարծում եմ, որոշումից հետո Ռուսաստանը կանի եզրակացություններ, որպեսզի խաղաղապահ ուժերը Հարավային Օսիայում լինեն ավելի օբյեկտիվ»,- նշել է Վան Բայբուրդյանը: «Ազատություն» ռ/կ-ն հիշեցնում է նաեւ, որ երեքշաբթի խորհրդարանում ունեցած իր ամենամյա ելույթի ժամանակ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել էր, թե Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն այլընտրանք չունի: «Մեր հյուսիսային եղբայրներին դուր չեն գալիս Վրաստանի ժողովրդավարական զարգացումներն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ձգտումները: Հենց այդ պատճառով էլ փորձում են ներքին անկարգություններ ու սադրանքներ հրահրել»,- ասել էր Սահակաշվիլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել