Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Փետրվար 18,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդԳլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդԳլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ Երբ Շողիկ մայրիկը շնչակտուր հայտնվեց եւ օղին հանդիսավոր դրեց մեր սեղանին, Ֆրունզիկն ասաց. – Էս ո՞ւր էիր կորել, ա՛յ Շողիկ: – Էդ խանութն արդեն փակել էին,- ասաց Շողիկը.- էս արաղն աշխարհի ծերից եմ բերել: – Գինն է թանկացնում,- առանց Շողիկին նայելու՝ ասաց Ներսիսյանը: – Ոտով համարյա մինչեւ Ձկան խանութ եմ հասել,- Ներսիսյանին խեթ-խեթ նայելով՝ ասաց Շողիկը:- Մենակ էն պրասպեկտի բազարի մոտի գաստրանոմում էս արաղից կար: – Էլի սկսեց փչոցները,- ասաց Ներսիսյանը: – Ով որ սուտ ա ասում՝ գյուլլախորով ըլնի,- Ներսիսյանին ոտից գլուխ չափեց Շողիկը:- Համ էլ՝ ես ըստեղ ձեր համար աֆիցանտ չեմ. ես ընդամենն էս քամբախի հավաքարարն եմ: – Հավաքարար ես՝ հավաքարարությո՛ւնդ արա,- ասաց Ներսիսյանը:- Քեզ ոչ ոք չի խնդրել, որ Ձկան խանութ հասնես: – Տենում ես, չէ՞, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շողիկը.- լավություն անողի գլուխը ծակ ա: Ես իրանց համար մի մատ էրեխի պես դեսուդեն վազվզեմ, իրանք մի բան էլ վրես մուննաթ գան: – Դո՛ւ ես մուննաթ գալի, Շողի՛կ,- ասաց Ֆրունզիկը:- Կարող ա՞ քեզ փող ենք պարտք: – Ինչ որ տվել ես՝ հերիք ա, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շողիկը: – Էդ փողին հըլը չորս հատ էլ կոֆե պիտի բերի,- ասաց Շերենցը: – Բարեւ քեզ,- ասաց Շողիկը:- Կոֆեի փողը ջոկ պիտի տաք: – Կոֆեի փողն արդեն տվել ա,- ասաց Շերենցը: – Էլի՛ պիտի տա,- ասաց Շողիկը.- պրասպեկտի գաստրանոմում էդ արաղը թանկ էր: – Ինքը թանկո՛վ ա տվել,- ասաց Շերենցը: – Ո՞վ ա թանկով տվել,- հարցրեց Շողիկը: – Ֆրո՛ւնզը,- ասաց Շերենցը: – Որ Ֆրունզն ա տվել, քու փո՞րն ինչի ա ցավում, ա՛յ Շերենց,- ասաց Շողիկը: – Հեռացի՛ր,- առանց Շողիկին նայելու՝ գոռաց Ներսիսյանը: – Էդ ո՞ւմ վրա էս գոռում,- զարմացավ Շողիկը: – Վերջացրո՛ւ,- գոռաց Ներսիսյանը: – Էդ ո՞ւմ ես ասում վերջացրու,- կմկմաց Շողիկը: – Ժե՛նշինա,- աղաղակեց Ներսիսյանը: – Քֆուր չտաս, հա՜, Լեւո՛ն տղա,- ասաց Շողիկը:- Որ քֆուրով ըլնի՝ քեզնից հազար անգամ ուժեղ կքրֆեմ: – Գիտեմ,- ասաց Ներսիսյանը.- էդ մի բանը հաստատ բոլորիցս լավ կանես: – Էս ի՞նչ մարդիկ են,- փնթփնթաց Շողիկը.- ես իրանց համար լակոտի պես մինչեւ պրասպեկտի ծերը վազեմ՝ իրանք մի բան էլ վրես գոռգոռան: – Ոչ ոք քեզ չի խնդրել, որ մինչեւ պրոսպեկտի ծայրը վազես,- ասաց Ներսիսյանը: – Սրանից հետո որ վազեմ՝ շատ կուրախանաք,- ասաց Շողիկը:- Ես ըստեղ ձեր համար աֆիցանտ չեմ: Հիմի որ մի բաժակ կոֆեի համար իրեք ժամ դախլի մոտը հերթ կայնեք՝ նոր ղադրս կիմանաք: – Շատ խոսացիր, Շողի՛կ,- ասաց Ֆրունզիկը՝ գրպանից մի ռուբլիանոց հանելով ու Շողիկի գրպանը խոթելով:- Չորս հատ կոֆե բեր, մեկը՝ առանց շաքար: -Քու խաթրը որ չըլներ, ես դրանց համար կոֆե բերողը չէի,- Ֆրունզիկին ասաց Շողիկը: – Ժե՛նշինա,- գոռաց Ներսիսյանը: – Էլի քրֆեցի՞ր, Լեւո՛ն տղա,- ասաց Շողիկը:- Չիմանաս դասախոս ես՝ կվախենամ: – Դասախոս որ չլինեի, հետդ ուրի՛շ ձեւով կխոսեի,- ասաց Ներսիսյանը: – Ի՞նչ ձեւով պիտի խոսայիր: Հեն ա՝ լավ էլ խոսում ես,- ասաց Շողիկը: – Շատ երկարացրիր, Շողի՛կ,- ասաց Ֆրունզիկը:- Գնա կոֆեները բեր: – Սրան շատ ես երես տալիս, Ֆրո՛ւնզ,- ասաց Ներսիսյանը, երբ Շողիկն արդեն հեռացել էր: – Հի՛-հի՛-հի՛,- ծղրտաց Շերենցը: – Ինչո՞ւ ես ծիծաղում, Շերե՛նց,- զարմացավ Ներսիսյանը: – Իրան հիմի ոչ թե Մհեր ասեցիր, այլ՝ Ֆրունզ,- ժպտաց Շերենցը:- Երեւի Շողիկի վրա որ ջղայնացար, մոռացար, որ իրան պիտի Մհեր ասես: Պիտի շատ կենտրոնացած ըլնես, որ իրա էս թազա անունը հիշես: – Կենտրոնանալու խնդիր չկա,- ասաց Ներսիսյանը: – Լեւոն ջան, ես է՛լ եմ էն կարծիքին, որ Ֆրունզն էս Շողիկին շատ ա էրես տալի,- ասաց Շերենցը: – Շիրա ես տալի, հա՞,- Շերենցին ասաց Ֆրունզիկը: – Շիրա չեմ տալի,- ասաց Շերենցը.- շիրա որ ունենամ, հացի վրա կքսեմ՝ կուտեմ: – Իմ ասածներն ես կրկնում,- ասաց Ֆրունզիկը: – Մեծերի ասածները միշտ էլ կրկնում են,- ասաց Շերենցը:- Հետո էլ ասում ես՝ էսօր մեծություններ չկան. բա դու ի՞նչ ես, ա՛յ Ֆրունզ: – Դու իսկական մեծություն չես տեսել,- ասաց Ֆրունզիկը.- դու որ Երեւան էկար, մեծություններն արդեն մեռել էին: – Մեր վախտերն էդ մեծությունները Լեննականի թատրոնում ավելի շատ էին խաղում,- ասաց Շերենցը:- Փափազի հետ «Օթելլոյի» մեջ խաղացել եմ: Մոռացել ե՞ս: – «Օթելլոյում» ի՞նչ ես խաղացել,- հարցրեց Ներսիսյանը: – Յագո,- ծիծաղեց Ֆրունզիկը: – Ձեռ մի՛ առ,- ասաց Շերենցը:- Դերի անունը չեմ հիշում, բայց խաղացել եմ: Պիտի որ դո՛ւ էլ հիշես, ա՛յ Ֆրունզ: – Էդ դերի անունը չես էլ կարա հիշես, որովհետեւ էդ դերն անուն չուներ,- ասաց Ֆրունզիկը: – Ի՞նչ դեր էր,- հարցրեց Ներսիսյանը: – Ծառաներից մեկի դերն էր,- ասաց Ֆրունզիկը:- Ընդամենն էրկու մուտք ուներ. Շերենցն էդ էրկու անգամն ա Փափազին մոտիկից տեսել: – Հինգ մուտք ունեի,- ասաց Շերենցը: – Հինգ մուտք ուներ ու ընդամենը մի նախադասություն՝ «ի՞նչ կցանկանայիք, տե՜ր իմ»,- Շերենցին նմանակելով՝ ասաց Ֆրունզիկը: – Սխալ ես հիշում,- ասաց Շերենցը.- «ի՞նչ կկամենայիք, տե՜ր իմ»: – Շա՜տ լուրջ դեր էր,- ծիծաղեց Ֆրունզիկը: – Էն վախտերը ես ջահել տղա էի,- ասաց Շերենցը.- էդ դերն ինձ որ բաժին էր հասել՝ էլի մեծ բան էր: – Ախր դու ե՞րբ ես ջահել էղել, ա՛յ Շերենց,- ասաց Ֆրունզիկը.- ինչքան քեզ հիշում եմ՝ է՛ս ես: – Նեղացնում ես, Ֆրո՛ւնզ տղա,- ասաց Շերենցը: – Բայց այդ ի՞նչ ծառայի դեր էր,- հարցրեց Ներսիսյանը: – Ըտենց դեր Շեքսպիրի մոտ չկա,- ասաց Ֆրունզիկը.- ռեժիսորն էդ դերը բստրել էր, որ Շերենցն էլ դեր ունենար: – Ռեժիսորն ո՞վ էր,- հարցրեց Ներսիսյանը: – Ռեժիսորը Բեյլերյանն էր, բայց Փափազն իրա գլխու էր ամեն ինչ անում,- ասաց Շերենցը:- Տեքստը որ մոռանում էր, իրանից բաներ էր հնարում ու արտասանում էր: Ժողովուրդը գլխի էլ չէր ընկնում, որ ուրիշ տեքստ ա ասում, որովհետեւ ինքը շատ ուժեղ առոգանությամբ էր արտասանում, ու Լեննականի ժողովուրդն էլ իրա էդ ախպարական լեզվից բան չէր հասկանում: – Արեւմտահայերե՛ն,- ասաց Ներսիսյանը.- ախպարական լեզու գոյություն չունի: – Հա,- ասաց Շերենցը.- իրա էդ արեւմտահայերենից ոչ մեկը ոչ մի բան չէր հասկանում: – Օթելլոյի կապակցությամբ Փափազյանը քեզ ի՞նչ է ասել, Մհե՛ր,- հարցրեց Ներսիսյանը: – Ի՞նչ ա ասել,- զարմացավ Ֆրունզիկը: – Ասում են, իբր, ցանկացել ես Օթելլո խաղալ, եւ Փափազյանն այդ իմանալով՝ քեզ ասել է. «Ամեն սեւ բան Օթելլո՛ չէ, մա՛նչս»: – Էդ պապադ ա ինձ ասել, բայց Փափազյանի վրա են նաղդել,- ասաց Ֆրունզիկը: – Բայց իսկապե՞ս ցանկացել ես Օթելլո խաղալ,- հարցրեց Ներսիսյանը: – Չէ, ի՞նչ Օթելլո, ա՛յ Լեւոն,- ասաց Ֆրունզիկը.- ուղղակի մի անգամ թատրոնի բուֆետում Փափազի տնազն անելով՝ Օթելլոյի մենախոսությունն էի արտասանում, ու որ պապադ լսեց՝ ինձ էդ բանն ասեց: Երեւի դուրը չեկավ, որ Փափազի տնազն եմ անում: – Էս էլ ձեր կոֆեները,- մեր սեղանին մոտենալով՝ ասաց Շողիկ մայրիկը: – Չորս հատ կոֆեն չորս ժամ տեւեց, ա՛յ անխիղճ,- ասաց Ֆրունզիկը: – Էս կոֆեներն է՛լ ա Ձկան խանութի մոտերքից բերել,- ասաց Շերենցը: – Սուրճերը Բրազիլիայի՛ց բերեց,- ժպտաց Ներսիսյանը: – Շատ որ խոսաք՝ ոնց բերել եմ, ըտենց էլ հետ կտանեմ,- ասաց Շողիկը: – Սրանցից դառը ո՞րն ա,- Շողիկին հարցրեց Ֆրունզիկը: – Էս սիրուն բաժակովը,- բաժակը Ֆրունզիկի դիմաց դնելով՝ ասաց Շողիկը: – Կողմնապաշտպանություն ես անում, Շողի՛կ աղջիկ,- ասաց Շերենցը.- իրան սիրուն բաժակով ես տալի, մեզ՝ սովորական: – Դրանցով էլ որ տվել եմ՝ գոհ էղեք,- Ներսիսյանին խեթ-խեթ նայելով՝ փնթփնթաց Շողիկն ու գնաց: – Այս պառավն արդեն չափն անցնում է,- ասաց Ներսիսյանը: – Ինքը ոչ մի մեղք չունի, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- մեղավորը Ֆրունզի նմաններն են, որ իրան էրես են տալի: – Իմ նյարդերն արդեն չեն դիմանում այս կնոջը,- ասաց Ներսիսյանը: – Տեսակի հարց ա,- ասաց Շերենցը:- Ֆրունզն ամեն մարդու հետ էլ կարում ա լեզու գտնի: – Բացի դերասաններից,- ասաց Ֆրունզիկը.- իմ ներվերն էլ դերասաններին չեն դիմանում: – Ասում ես՝ Փափազի տնազը որ արիր՝ Հրաչյա Ներսիսյանի դուրը չեկա՞վ,- հարցրեց Շերենցը: – Չէ,- ասաց Ֆրունզիկը.- հազար տարվա ընկերներ էին, ո՞նց դուրը կգար: – Մեծատառո՛վ ընկերներ էին,- ասաց Ներսիսյանը: – Հիմի էդ մակարդակի մեծություններ չկան,- ասաց Ֆրունզիկը: – Կա՛ն,- ասաց Ներսիսյանը.- պարզապես չե՛նք նկատում ու չե՛նք գնահատում: Պիտի մեռնեն, որ նոր գնահատենք: – Գնա մեռի՝ արի սիրեմ,- ասաց Շերենցը: – Հրանտը մեծություն չի՞,- հարցրեց Ներսիսյանը: – Հրանտն ո՞վ ա,- հարցրեց Շերենցը:- Աթանեցի՞ն: – Ահնիձորցին,- ասաց Ֆրունզիկը: – Երբ նրանք մեզանից հեռանում են, միայն այդ ժամանակ ենք զգում նրանց ահավոր բացակայությունը,- ասաց Ներսիսյանը: – Ճիշտ ես ասում,- ասաց Շերենցը:- Շիրազը որ ամեն օր կողքներս չնստեր, իրա մեծությունը շատ լավ էլ կզգայինք: – Ըսենց է՛լ ենք զգում,- ասաց Ֆրունզիկը: – Էնքան էլ չենք զգում,- ասաց Շերենցը:- Որ ամեն օր հետներս սեղան ա նստում, մտածում ենք՝ իրան հավասար մարդիկ ենք: – Ես ըտենց չեմ մտածում,- ասաց Ֆրունզիկը: – Շիրազը շա՜տ սուր լեզու ունի,- ասաց Շերենցը:- Իրանց էդ գրողներին ընենց ա շշպռում, որ Աստված հեռու պահի: Էն ամենավերեւներին էլ ա մի գլուխ շշպռում: – Իրանց գրողներին շատ մազալու ածական անուններ ա կպցրել,- ասաց Ֆրունզիկը: – Շիրազն իսկապե՛ս շատ տաղանդավոր մարդ է,- ասաց Ներսիսյանը: – Տնաշենը ոնց էլ հնարում ա էդ գրողների ածական անունները,- ասաց Շերենցը: – Շատ ափսոս, որ Շիրազն էդպիսի դատարկ բաների վրա է իր տաղանդը մսխում,- ասաց Ներսիսյանը: – Դրանք դատարկ բաներ ե՞ն,- զարմացավ Շերենցը: – Իհարկե՛,- ասաց Ներսիսյանը:- Դա՛ չէ Շիրազի առաքելությունը: Իր էդ բանավոր կալամբուրների վրա ինքը, փաստորեն, իր տաղանդն ու իր ժամանակն է մսխում: – Մի բան ասեմ՝ չես նեղանա՞, Լեւոն ջան,- հարցրեց Շերենցը: – Ասա,- ասաց Ներսիսյանը:- Ես քեզանից ե՞րբ եմ նեղացել, որ հիմա նեղանամ: – Լեւոն ջան, դու էլ չե՞ս քո տաղանդն ու ժամանակը բանավոր մսխում,- հարցրեց Շերենցը: – Իհա՛րկե մսխում եմ,- մի քիչ մտածելուց հետո ասաց Ներսիսյանը:- Շատ ճիշտ ես ասում: – Ի՞նչն ա ճիշտ ասում,- ասաց Ֆրունզիկը:- Ա՛յ Շերենց, Լեւոնի հիմնական գործը բանավորն ա. վերջիվերջո, ինքը դասախոս ա: Իրա լեկցիաներով աշխարհն ա հիանում: – Դասախոսություններն ինձ համար ինչ-որ իմաստով արդարացում են, ճիշտ է, բայց մեծ հաշվով բոլորս էլ մեզ մսխում ենք, մեր հնարավորությունների չնչին մասն անգամ չենք նյութականացնում,- ասաց Ներսիսյանը: – Պայմաններից ա, Լեւոն ջան,- ասաց Ֆրունզիկը.- Փափազն ու Հրաչյա Ներսիսյանը որ Ֆրանսիայում խաղային, երեւի Ժան Գաբենից ավելի հայտնի ըլնեին: – Շատ հնարավոր է,- ասաց Ներսիսյանը: – Բա որ Ժան Գաբե՞նը Հայաստանում ապրեր,- ասաց Շերենցը.- պատկերացնո՞ւմ ես, Ֆրո՛ւնզ: – Էդ մեկը դժվար ա պատկերացնել,- ասաց Ֆրունզիկը: – Դժվար ա, բայց պատկերացրո՛ւ. ինքը Հայաստան ապրեր ու «Հայֆիլմում» էլ խաղար,- ասաց Շերենցը: – «Զանգեզուրի» մեջ խաղար,- ասաց Ֆրունզիկը:- Իրան ծափ տային ու ասեին՝ տա՛շի, Արմե՛ն: – Չէ,- ասաց Շերենցը.- ծափ տային ու ասեին՝ տա՛շի, Գաբե՛ն: – Մարդկային ողբերգությունը զավեշտի եք վերածում,- ասաց Ներսիսյանը: – Կյանքը տեղով մեկ զավեշտ ա, Լեւո՛ն ջան,- ասաց Ֆրունզիկը: – Լեւոն ջան, ուզում ենք ասենք՝ հերդ ու Փափազն էդ արտասահմանցիներից պակաս չեն էղել: – Մի բան էլ ավել էին,- ասաց Ֆրունզիկը: – Իրենք մեր պաշտպանության կարիքը չունեն,- ասաց Ներսիսյանը: – Մեկը մեկից ուժեղ էր խաղում,- ասաց Շերենցը: – Իրենք չէին խաղում,- ասաց Ներսիսյանը.- իրենք ապրում էին: – Համ ապրում էին, համ էլ խաղում էին,- ասաց Շերենցը: – Մե՛նք ենք խաղում,- ասաց Ներսիսյանը: – Մի բան ասեմ՝ էլի չես նեղանա՞, Լեւոն ջան,- հարցրեց Շերենցը: – Քեզանից դժվար թե նեղանամ,- ասաց Ներսիսյանը: – Լեւոն ջան, էսքան վախտ իրար ճանաչում ենք, բայց էս առաջին դեպքն ա, որ պապայիդ գովում ես,- ասաց Շերենցը: – Հայրս իմ գովեստի կարիքը չունի,- ասաց Ներսիսյանը.- եւ ոչ էլ որեւէ մեկի գովեստի կարիքն ունի: – Ուզում եմ ասեմ՝ ուրիշ վախտ իրա մասին վաբշե չէիր խոսում,- ասաց Շերենցը: – Երեւի առիթ չի եղել,- ասաց Ներսիսյանը: – Առիթ միշտ էլ էղել ա,- ասաց Շերենցը,- բայց ուրիշ վախտ որ իրա մասին խոսակցություն ա բացվել, դու էդ թեման տեղնուտեղը փակել ես: – Ես է՛լ եմ էդ բանն զգացել,- ասաց Ֆրունզիկը: – Ես չեմ զգացել,- ասաց Ներսիսյանը: – Ուրիշ վախտ իրա մասին որ խոսք էր բացվում, դու բառ չէիր ասում,- ասաց Շերենցը: – Էդպես որ վերցնենք, Շերե՛նց, դու քո հոր մասին ընդհա՛նրապես որեւէ բան չես ասում,- ասաց Ներսիսյանը: – Լավ համեմատություն գտար,- ծիծաղեց Շերենցը:- Իմ հերը բանվոր մարդ էր. իմ հերն աշխարհի ամենահասարակ մարդն էր: – Ամենահասարակ մարդն իմ հայրն էր,- ասաց Ներսիսյանը.- հենց դրանով էր ինքը մյուսներից մեծ: – Լավ հասարակ մարդ գտար,- ասաց Շերենցը:- Ինքը քեզանից բեթար տեսքով էր. որ Լեննական էր էկել, սաղ քաղաքն իրան մատով էր ցույց տալի: – Իրան Երեւանում է՛լ էին մատով ցույց տալի,- ասաց Ֆրունզիկը: – Մատով էին ցույց տալիս, որովհետեւ, ի դեմս Հրաչյա Ներսիսյանի, մարդիկ իրենց իդեա՛լն էին տեսնում: – Առաջին անգամ ա Լեւոնն իրա հորն ըսենց սրտանց գովում,- ասաց Շերենցը: – Ես չեմ գովում,- ասաց Ներսիսյանը.- ճշմարտությո՛ւնն եմ ասում: – Առաջին անգամ ես ճշմարտությունն ասում,- ասաց Շերենցը: – Լեւոնը միշտ էլ ճշմարտությունն ա ասել,- ասաց Ֆրունզիկը: – Առաջին անգամ եմ տենում, որ իրա հոր մասին ըսենց բաց խոսա,- ասաց Շերենցը: – Հորս մասին խոսելու իրավունք չունե՞մ,- զարմացավ Ներսիսյանը: – Ընդհակառակը,- ասաց Շերենցը.- որ իրա մասին խոսում ես՝ էդ շատ նորմալ ա: Աննորմալն էն ա, որ ուրիշ վախտ իրա մասին վաբշե ծպտուն չես հանում: – Աննորմալն ա՛յն կլինի, որ յուրաքանչյուրս առավոտից իրիկուն մեր հայրերի մասին խոսենք,- ասաց Ներսիսյանը: – Իզուր ես համեմատում, Լեւոն ջան,- ասաց Շերենցը:- Քո հերը մենակ քոնը չի. էս սաղ ազգինն ա: – Եթե ազգինն է, թող ազգն էլ իր մասին խոսի,- ասաց Ներսիսյանը:- Ինչի՞ նման կլինի, եթե ես առավոտից իրիկուն իր մասին խոսեմ: – Էսօր խոսացիր,- ժպտաց Շերենցը: – Ղալա՛թ արեցի,- անսպասելի գոռաց Ներսիսյանը: – Լավ արեց՝ խոսաց,- ասաց Ֆրունզիկը:- Էդ ի՞նչ էրեսով տալու բան ա, որ էրեսով ես տալի: Իրավունք չունի՞ իրա հոր մասին հետներս էրկու բառ խոսա: – Պարզվում է՝ չունեմ,- ասաց Ներսիսյանը: – Ինձ դիտմամբ ե՞ք սխալ հասկանում,- նեղսրտեց Շերենցը:- Ես, ընդհակառակը, շատ ուրախ եմ, որ Լեւոնն իրա հոր մասին հետներս խոսաց: Աշխարհի էրեսին ամենասիրուն բանն էն ա, որ տղեն իրա հոր մասին սիրով ա խոսում,- ասաց Շերենցը: – Իսկապես շատ խոսեցինք,- ժամացույցին նայելով՝ ասաց Ներսիսյանը.- արդեն տասն անց է: – Էդ ե՞րբ տասն էղավ,- զարմացավ Շերենցը.- որ տնից դուրս էկա՝ էրկուսն էլ չկար: – Լեւոնը որ խոսում ա, չես զգում՝ ոնց ա ժամանակն անցնում,- ասաց Ֆրունզիկը: – Մանավանդ, որ իրա հորից ա խոսում,- ասաց Շերենցը: – Երեւի սխալվեցի, որ չափից ավելի անկեղծացա,- ասաց Ներսիսյանը: – Աստված տա՝ միշտ ըսենց հարցերո՛ւմ սխալվես,- ասաց Շերենցը: – Հարազատ մարդկանց շրջապատում երբեմն չափից ավելի ես անկեղծանում,- ասաց Ներսիսյանը: – Ես շատ ուրախ եմ, որ ինձ հարազատ մարդ ես համարում,- ասաց Շերենցը:- Հաստատ Ֆրունզն ու Արմենն էլ են ուրախ: – Արմենը, փաստորեն, հորս ամենահին ընկերներից է,- ժպտաց Ներսիսյանը: – Արմենը մեր փոքր ախպերն ա,- ասաց Շերենցը: – Երեւի արդեն վեր կենանք,- ասաց Ներսիսյանը: – Ո՞ւր ես վռազում,- ասաց Ֆրունզիկը:- Ես ավտոյով եմ. սաղիդ հերթով տուն կհասցնեմ: – Հազիվ օրերից մի օր իրար հետ անկեղծ խոսում ենք,- ասաց Շերենցը: – Մինչեւ այսօր կե՞ղծ ենք խոսել,- հարցրեց Ներսիսյանը: – Կեղծ չենք խոսացել, Լեւոն ջան, բայց դու միշտ քեզ քո բարձրության վրա էիր պահում. հեչ ցած չէիր իջնում,- ասաց Շերենցը: – Այսօր շա՞տ ցածրացա,- հարցրեց Ներսիսյանը: – Անձամբ իմ համար էսօր ավելի՛ բարձրացար,- ասաց Շերենցը:- Տղեն որ իրա հորով հպարտանում ա՝ դրանից սիրուն բան չկա: – Իրա հորով սա՛ղս ենք հպարտանում,- ասաց Ֆրունզիկը: – Որ հարազատ տղեն ա իրա հորով հպարտանում՝ էդ լրիվ ուրիշ ա,- ասաց Շերենցը:- Աստված տա՝ մեր էրեխեքն էլ մեզանով մի պտղունց հպարտանան: – Կհպարտանան,- ասաց Ներսիսյանը:- Հատկապես քոնո՛նք կհպարտանան, որովհետեւ դու կյանքում էնպիսի բան չես արել, որ ժառանգներդ ամաչեն: – Լավ բան էլ առանձնապես չեմ արել, Լեւոն ջան,- ասաց Շերենցը.- իմ ինչո՞վ հպարտանան: – Քո արվեստո՛վ,- ասաց Ներսիսյանը: – Ձեռ ե՞ս առնում, ա՛յ Լեւոն,- ասաց Շերենցը:- Ի՞նչ արվեստ: – Քո մարմնավորած կերպարներն առանձնապես մեծ չեն, բայց չափազանց իրական ու բնական են,- ասաց Ներսիսյանը: – Հրանտի ֆիլմի մեջ լավ էլ մեծ դեր էր,- ասաց Ֆրունզիկը: – Ոչխարների՞,- հարցրեց Շերենցը: – Հա,- ասաց Ֆրունզիկը:- Էդ ֆիլմում դու սաղիցս էլ լավ էիր խաղում: – Փայլուն դերակատարում էր,- ասաց Ներսիսյանը:- Իսկապես. այդ ֆիլմում Շերենցը լավագույնն էր: – Հաստատ ձեռ եք առնում,- ասաց Շերենցը.- հանաք եք անում: – Ես արվեստի հարցերում երբեք չեմ կատակում,- ասաց Ներսիսյանը: – Գիտեմ, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- հենց դրա համար էլ զարմանում եմ: Ախր էսքան վախտ չեմ լսել, որ դու մեկնումեկին գովաս: – Մհերին միշտ էլ գովել եմ,- ասաց Ներսիսյանը.- թող ի՛նքն ասի։ – Ճիշտ ա ասում,- ասաց Ֆրունզիկը: – Ֆրունզին սաղ աշխարհն ա գովում,- ասաց Շերենցը:- Ի՞մ ինչն ես հավանել: – Բնականությո՛ւնը,- ասաց Ներսիսյանը:- Մի՛ մոռացիր, որ ես արդեն կինոյում մեկ-երկու փորձ արել եւ ձախողվել եմ: Այսինքն, ես արդեն ներսից գիտեմ՝ ինչ ասել է կինո: – Դերերիցդ մեկը տեսել եմ, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- շատ էլ ուժեղ էիր խաղում: – Ես է՛լ եմ հավանել,- ասաց Ֆրունզիկը: – Հիմա արդեն դուք իսկապես ինձ ձեռ եք առնում,- ասաց Ներսիսյանը:- Ինչ վերաբերում է Շերենցին, ինքը փոքր դերերի վարպետ է: – Ամաչացնո՛ւմ ես, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը: – Շատ մի՛ ամաչի, վարպե՛տ,- ծիծաղեց Ֆրունզիկը:- Լեւոնը ճիշտ ա ասում: – Ի՞նչն ա ճիշտ ասում,- հարցրեց Շերենցը: – Վաղը քո էրեխեքն ու թոռներն էլ քեզանո՛վ են հպարտանալու,- ասաց Ֆրունզիկը: – Եթե, իհարկե, այսօր արդեն չեն հպարտանում,- ասաց Ներսիսյանը: – Ախր իմ ինչո՞վ պիտի հպարտանան,- նեղսրտեց Շերենցը.- մի հատ հասարակ քննության հարց էլ չեմ կարում լուծեմ: – Էդ քննության հարցը լուծված հաշվի,- ասաց Ֆրունզիկը: – Հաստա՞տ,- ժպտաց Շերենցը: – Եթե ռեկտորը խոստացել է, ուրեմն՝ այդ հարցը կարելի է լուծված համարել,- ասաց Ներսիսյանը: Գլուխ քսանմեկերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել