Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի խնդիրը գլոբալ խոչընդոտ չէ

Փետրվար 21,2006 00:00

Եվ
այդ պատճառով էլ առայժմ լուծում չի պարտադրվում ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր
Արզումանյանը շաբաթ օրը «Ազդակ» ակումբում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության
պարագայում ստատուս քվոն հավերժ պահպանելն անհնար է, եւ դա է վկայում համաշխարհային
փորձը: Իբրեւ օրինակ, նա ներկայացրել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության վիճակը,
երբ Իսրայելը նույնիսկ 30 տարի անց ստիպված էր վերադարձնել հողերը: Ալեքսանդր Արզումանյանի
կարծիքով, ազգամիջյան այն հակամարտությունները, որոնց ընթացքում արձանագրվել են տարածքային
փոփոխություններ, ի վերջո բերվել են մինչեւ հակամարտությունը եղած վիճակին: Ըստ Ալեքսանդր
Արզումանյանի, առայժմ միջազգային հանրությունը Ղարաբաղի հակամարտության պարագայում
ճնշումներ չի գործադրի: Կան առանձին ճնշման փորձեր, որ, ըստ Ալեքսանդր Արզումանյանի,
բխում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առանձին շահերից, բայց դրանք միասնական
նպատակաուղղվածություն չունեն: Դրա պատճառը, դիվանագետի կարծիքով, այն է, որ Ղարաբաղի
հակամարտությունը միջազգային առումով դեռեւս չի դարձել շոշափելի պրոբլեմ եւ գլոբալ
խոչընդոտ. «Գուցեեւ լավ է, որ այդպես է: Բայց այն պահից սկսած, երբ Ղարաբաղն արդեն
կդառնա միջազգային հանրության համար ավելի հետաքրքրական եւ կարեւոր խնդիր, մեզ որեւէ
լուծում կպարտադրվի»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը: Իսկ պարտադրված լուծումը,
նրա կարծիքով, ամենեւին չի բխի Հայաստանի շահից: Թեպետ հանդիպման թեման ղարաբաղյան
հակամարտությունն էր, սակայն չեն շրջանցվել նաեւ ՀՀՇ-ին վերաբերող հարցերը: Ալեքսանդր
Արզումանյանը հայտարարել է, որ ՀՀՇ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին, քանի որ
կանգնած է երկընտրանքի առաջ՝ վերսկսել քաղաքական ակտիվությունը կամ տրվել լիակատար
մոռացության: Նախկին ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ ՀՀՇ-ն ամբողջությամբ գիտակցում
է այդ իրողությունը եւ մտածում է ճիշտ քայլ կատարել: Իսկ ՀՀՇ ներկայիս պասիվությունը
Ալեքսանդր Արզումանյանը պայմանավորում է հասարակական պահանջարկի բացակայությամբ:
Միեւնույն ժամանակ վստահ է, որ ՀՀՇ-ն բավական պահանջարկ ունեցող կուսակցություն է
քաղաքական դաշտի մյուս խաղացողների շրջանում: Այդ պահանջարկը, ըստ Ալեքսանդր Արզումանյանի,
բավական յուրօրինակ արտահայտություն է ստանում, որի նմանն աշխարհում գոյություն չունի:
Ըստ նրա, ընդդիմությունը հանրահավաքներ է հրավիրում եւ փոխանակ քննադատելու այն իշխանությանը,
որից իշխանություն են պահանջում, քննադատում է ՀՀՇ-ին. «Բռնցքամարտում դա կոչվում
է մենամարտ ստվերի դեմ: Հիմա ՀՀՇ-ն ստվեր է, բայց շարունակում են այդ ստվերի դեմ
պայքարել»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը: Նրա գնահատմամբ, այդ իրավիճակում կուսակցությունը
միանգամայն ճիշտ է վարվում, որ դադար է վերցրել: Նախկին ԱԳ նախարարը գտնում է, որ
դա հասարակությանը կօգնի ավելի հստակ գիտակցել՝ ինչն ինչոց է եւ ով ով է: Մ.
Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728