Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ

Փետրվար 21,2006 00:00

ԵԹԵ ՀԱՅ ԼԻԲԵՐԱԼՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՆԱՆ Հայաստանը կհայտնվի «ազիատչինայի» գրկում Հայկական նորագույն լիբերալ մտածողությունը ծնվեց արցախյան շարժմանը համընթաց։ Սկզբնական շրջանում, երբ պայքարը գնում էր խորհրդային համակարգի դեմ, չկար բացահայտ տարանջատում լիբերալ ու ազգայնական մտածողությունների միջեւ։ Հետագայում, երբ Հայաստանը դարձավ անկախ, հաղթեց արցախյան պատերազմում ու առաջնահերթ դարձավ Արցախի կարգավիճակի իրավական լուծման հարցը, ի սկզբանե միասնական շարժումը մասնատվեց հիմնականում երկու բեւեռների՝ լիբերալ ու ազգայնական։ Ու չնայած այն բանին, որ լիբերալ գաղափարախոսությունը ուժեղ վարկաբեկվեց ՀՀՇ-ի իշխանավարության ընթացքում, այնուամենայնիվ այն շարունակեց գոյություն ունենալ եւ երկրորդ շունչն առավ Հայաստանի եվրոինտեգրացիայի ուղին բռնելուց հետո։ Այսօր լիբերալ մտածողության կրողները հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող, օտար լեզուներին տիրապետող երիտասարդներն են։ Նաեւ ղարաբաղյան շարժումից սերված քաղաքական այն գործիչները, որոնք հավատարիմ մնացին իրենց գաղափարներին ու չփոխեցին իրենց ճամբարները իննսունականների վերջում կատարված իշխանափոխության ընթացքում։ Արտաքին քաղաքականության ոլորտում հայ լիբերալները հաճախակի նշում են, որ ձգտում են հաշտության ու բարիդրացիական հարաբերությունների՝ բոլոր հարեւանների հետ։ Սա առողջ ձգտում է յուրաքանչյուր նորմալ ազգի համար։ Նաեւ հավելում են, որ Հայաստանը չպետք է նախապայմաններ դնի իր հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու համար: Բայց իրականում «նախապայմաններ չդնել» ասելով նկատի ունեն միայն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հակառակը՝ Ռուսաստանի նկատմամբ նախապայմաններ դնելը համարվում է դրական եւ նույնիսկ անհրաժեշտ բան։ Ու սա չնայած այն բանին, որ մեզ քիչ թե շատ մոտ հարեւաններից միայն Ռուսաստանն է, որ ամենամոտն է եվրոպական երկիր կոչվելուն։ Իհարկե, Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ենթակա է քննարկման, բայց քննարկումը մի բան է, իսկ թշնամանք սերմանելը՝ ուրիշ։ Սա արդեն հակասություն է։ Հայաստանի համար ամենաբարդ արտաքին հարցերից մեկը Թուրքիայի հետ հարաբերություններն են։ Ցեղասպանության հարց, Արցախի խնդրում բացահայտ թշնամական դիրքորոշում, Կարսի պայմանագիր, շրջափակում, հայերի համար ազատ բնակության ու երթեւեկության սահմանափակում Թուրքիայի արեւելյան շրջաններում եւ այլն։ Հայ լիբերալները այս ամենը ընդունելով հանդերձ, միեւնույն է, պնդում են, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել միայն առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուց հետո. բացել սահմանները եւ ունենալ բարիդրացիական հարաբերություններ։ Ենթադրենք, թե մենք հետեւելով լիբերալ մտածողությանը, զիջում ենք Արցախի ամբողջ անվտանգության գոտին, զիջում ենք Արցախի կարգավիճակի հարցում (որը կորոշվի մի 10 կամ 20 տարի հետո կամ էլ չի որոշվի ընդհանրապես), Թուրքիան բացում է սահմանները ու հաստատվում է ենթադրելիք խաղաղությունը։ Մի պահ փորձենք պատկերացնել՝ ինչ գործընթացներ կսկսվեն Հայոց աշխարհում. 1.Արցախը լրիվ կշրջապատվի ադրբեջանցիներով։ Հայերի առանց այն էլ գոյություն ունեցող արտագաղթը Արցախից էլ ավելի կարագանա։ 2.Երեւանում կսկսեն հաստատվել թուրք ձեռներեցները: Նույն կերպ, ինչպես պարսիկները եւ արաբները՝ այսօր։ Ներկայումս Հայքում տիրող ժողովրդագրական ճգնաժամն էլ ավելի կխորանա: Քանի որ հայ ժողովուրդը իրեն ընդհանուր առմամբ կզգա որպես պարտված կողմ, ապա ազգային հոգեբանությունում առանց այն էլ առկա ունեցող զոհի, սակավաթիվ ազգի, ինչպես նաեւ պետական անկարողությամբ տառապող ժողովրդի բարդույթներն էլ ավելի կսրվեն։ Ինչի հետեւանքով էլ ավելի կաշխուժանան մի կողմից արտագաղթը, իսկ մյուս կողմից էլ հետադիմական ապոկալիպտիկ ագրեսիվ աղանդները։ 3.Քանի որ ցեղասպանության հարցը կմնա առկախ, ապա Հայաստանում ապրող թուրքական համայնքը միշտ էլ իր շուրջը կզգա որոշ լարվածություն։ Ավելին՝ խառը ամուսնությունների ի հայտ գալուն պես՝ այդ հիմնախնդիրները կստանան ավելի սուր ու անձնավորված բնույթ։ 4. Չի բացառվում, որ Հայքում նույնիսկ առաջանան արտասովոր երեւույթներ՝ հայ-մահմեդականներ։ Չէ՞ որ այդպիսիք կան այսօր Թուրքիայում։ Այդպիսի պայմաններում լիբերալների սոցիալական բազիսը Հայաստանում կամ լիովին կմարգինալանա, կամ էլ իսպառ կվերանա։ Խոսել եվրոպական արժեքների մասին՝ այդ պարագայում կլինի բացարձակ անհեթեթություն։ Ոմանք կարող են առարկել, թե Թուրքիայում ու Ադրբեջանում նույնպես կա եվրոպականամետ խավ։ Բայց հիմնականում այդ խավը չէ, որ ներթափանցելու է Հայաստան, այլ անմիջականորեն մեր սահմանների մոտ բնակվող աղքատ ու հետամնաց շրջանների բնակիչները։ «Ազիատչինայի» գրկում հայտնված Հայաստանում, ինչքան էլ դա տարօրինակ հնչի, քիչ թե շատ եվրոպական արժեքների կրողներ կմնան միայն՝ ծայրահեղ ազգայնականները։ Փաստորեն, եթե հայկական լիբերալիզմը հասնի իր իսկ հայտարարվող նպատակներին, ապա այդպիսով կիրագործի խարակիրի ու կանհետանա որպես քաղաքական երեւույթ հայկական իրականությունից՝ լավագույն դեպքում կմնա որպես վիրտուալ մի կուռք հատուկենտ մարգինալների ու ռոմանտիկների համար։ Ինչքան էլ սա անհավատալի հնչի, հայկական լիբերալիզմը իր գոյության համար պարտական է հենց շրջափակմանը։ Փաստորեն, Հայաստանում ստեղծվել են ջերմոցային եզակի պայմաններ, որոնք մեզ զերծ են պահում ասիական (նաեւ ռադիկալ մահմեդական) ուժեղացող ազդեցություններից։ Այդ հատուկ պայմաններն են, որ հնարավորություն են տալիս եվրոպական արժեքների ուղղությամբ միտված լիբերալ գաղափարախոսությանը գոյություն ունենալ ասիական երկրների շրջապատում։ Հայկական լիբերալիզմի մյուս հակասությունը գալիս է նրանից, որ այն իր առջեւ խնդիր չի դնում ազատականացնել ու եվրոպականցնել իր գալիք գործընկերներին, այն է՝ թուրք ու ադրբեջանական հասարակությունները։ Սեւեռված լինելով միայն ներքին հարցերի վրա, այն բացարձակապես չի ձգտում, օրինակ՝ թուրք հասարակության լայն խավերը եվրոպականացնելու: Հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս հայը կարող է Թուրքիան եվրոպականացնել։ Առաջին հերթին քայլ առ քայլ համոզելով ու ապացուցելով, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները նույնպես ունեն իրավունքներ, եւ որ այդ իրավունքները անհրաժեշտ է հարգել։ Որ նախկինում արված սխալները պետք է ընդունել, որպեսզի ազատ առաջ շարժվել։ Եվ վերջապես, որպես քաղաքական ու բարոյականության հասունության սիմվոլ, թուրք հասարակությունը պետք է խարանի ցեղասպանությունը որպես թեեւ անցյալի, բայց, միեւնույն է, սարսափելի մի հանցագործություն։ Ընդ որում՝ Ցեղասպանության դատապարտումը բխում է հենց լիբերալների շահերից։ Չէ որ եթե լիբերալ մտածողությունը սահմանափակված մնա միայն Հայաստանի սահմաններում, ապա այն ապագա չի ունենա՝ ինչպես վերը արդեն ցույց տրվեց։ Ու առավել եւս ցավալի է, որ Հայաստանի լիբերալները մի տեսակ քամահրանքով են մոտենում Հայ Դատ հասկացությանը, այնպիսի դիրք ընդունելով, կարծես այն վերաբերում է միայն ազգային ուժերին։ Փաստորեն, հայկական լիբերալիզմը իր գործունեությամբ նպաստում է ասիականության աճին՝ թե՛ երկրում, թե՛ տարածաշրջանում։ Այն իր գործունեությամբ հող է նախապատրաստում ծայրահեղական ազգայնականության համար։ Անհետեւողական դիրքորոշման պատճառով այն ոչ միայն չի նպաստում եվրոպական արժեքների ներմուծմանը տարածաշրջան, այլ նույնիսկ ականներ է դնում մեր երկրում նոր հայտնվող եվրոպականության ծիլերի տակ. ականներ, որոնք կպայթեն Հայքում լիբերալիզմի թվացյալ հաղթանակից անմիջապես հետո։ ԱՐԱՄ ԽԱԼԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել