Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգթոն-Բաքու,

Ապրիլ 04,2006 00:00 Share

Վաշինգթոն-Բաքու, նոր սերտացումներ Մեկնաբանելով մարտի վերջին Վաշինգթոնում կայացած հերթական ադրբեջանա-ամերիկյան ռազմաքաղաքական խորհրդատվությունների արդյունքները՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հանդես է եկել Վաշինգթոնի եւ Բաքվի անվտանգության հարցերով երկխոսության առավել խորացման օգտին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Ազիմովը նշել է, թե Ադրբեջանի եւ ԱՄՆ համագործակցության զգալի մասը վերաբերում է ռազմաքաղաքական ոլորտին: «Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը պատշաճ մակարդակի վրա է, սակայն մեր պահանջները զգալիորեն ավելի շատ են: Ամերիկայի վերաբերմունքն այդ պահանջներին վկայում է այն մասին, որ նրանք պատրաստ են ավելի սերտ համագործակցության: Ընդհանուր առմամբ, երկխոսության ընթացքը դրական է»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը: Ազիմովն ասել է նաեւ, որ երկխոսության օրակարգի հարցերը մնում են անփոփոխ՝ Ադրբեջանի անվտանգության ապահովումը ազգային եւ տարածաշրջանային մակարդակով, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, տարածաշրջանային հակամարտությունների, մերձկասպյան պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը, ռազմաքաղաքական դրությունը Կասպից ծովի ավազանում: Նա հայտնել է, որ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ իրանա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: «Մենք նշել ենք, որ այդ սահմանի 130 կիլոմետրանոց հատվածը օկուպացված է: Այստեղից բխող սպառնալիքներն անպայման պետք է դիտարկվեն: Նաեւ քննարկվել է իրավիճակը Կասպից ծովի՝ Իրանին սահմանակից հատվածում: Ադրբեջանին մտահոգում են այնտեղ Իրանի կողմից գործադրվող որոշ քայլեր»,- ասել է Արազ Ազիմովը: Մանրամասնելով հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած քննարկումներից իր տպավորությունները՝ Արազ Ազիմովն ասել է. «Ամերիկան պետք է հասկանա, իսկ Հայաստանը՝ լավ հիշի, որ Ադրբեջանը ոչ միայն չի համաձայնի իր հողերի անդամահատմանը, այլեւ կկանխի դա: Եվ սա պետք չէ ընկալել որպես մեր դիրքորոշման կոշտացում»: Ըստ Ազիմովի, «դա սկզբունքային դիրքորոշում է, որն Ադրբեջանը որդեգրել է հակամարտության առաջին իսկ օրից»: Ի դեպ, Ազիմովը մեծահոգաբար թույլատրել է, որ Ղարաբաղի հայերն ապրեն Ղարաբաղում՝ ասելով. «Ադրբեջանը կողմ է Լեռնային Ղարաբաղում հայկական եւ ադրբեջանական համայնքների համատեղ հանգիստ բնակությանը եւ նրանց համապատասխան երաշխիքներ տրամադրելուն: Համոզված եմ, որ որեւէ փուլում Ադրբեջանը կհասնի դրան, քանզի այլ ճանապարհ չկա»: Ազիմովի խոսքերով, Ադրբեջանը պատրաստ է համապատասխան ճկունություն ցուցաբերել: «Լեռնային Ղարաբաղում բնակվող հայկական համայնքը պետք է ապահովված լինի ինքնավարությամբ՝ ինչ-որ շրջանակներում: Հայկական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանի քաղաքական ուժերը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հայերին այդ տարածաշրջանից վտարելու օգտին: Դա այդպես չէ: Մենք երբեք չենք առարկել հայերի բնակությանը Լեռնային Ղարաբաղում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիների»,- հակափաստարկել է Արազ Ազիմովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել