Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ապրիլ 07,2006 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ՝ ԿԱՇԱՌՔ ՉՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Արդյոք նման բան գոյություն ունի՞ Խորհրդարանի նիստերի դահլիճը բառացիորեն պայթում էր կոռուպցիայի դեմ պայքարի ելածների առատությունից, ներկա էին ե՛ւ միջազգային կառույցների ներկայացուցիչները, ե՛ւ մեր երկրում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոն Էվանսը, ե՛ւ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը, ե՛ւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ի դեպ, հենց լրագրողների դերն էր, որ չափազանց կարեւորվեց գիտաժողովի ընթացքում, եւ գրեթե բոլոր ելույթ ունեցողները շեշտեցին պետական կառույցների, չինովնիկների վրա չորրորդ իշխանության վերահսկողությունը: Միջազգային կառույցների ղեկավարների ողջույնի խոսքերը հերթապահ ելույթներ էին եւ որեւէ կոնկրետ բան չասացին բուն հայաստանյան կոռուպցիոն դրսեւորումների մասին, բայց բոլորն էլ անդրադարձան այն բանին, որ կոռուպցիա կա բոլոր երկրներում, պարզապես չափերն են տարբեր: Հայաստանում ԱՄն արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը նույնիսկ այնքան անկեղծացավ, որ ասաց, թե կոռուպցիա կա նաեւ Վաշինգթոնում եւ վերջերս մի պաշտոնյա դատապարտվել է կոռուպցիայի համար: Համաժողովը բացեց Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Կոռուպցիայի դեմ պայքարը համարելով քաղաքական առաջնահերթություն՝ Արթուր Բաղդասարյանը առանձնացրեց 10 հիմնական ուղղություն: Պետական կառավարման մարմինների գործունեությունը պետք է լինի թափանցիկ եւ արդյունավետ: «Մենք չենք կարող միաժամանակ ծախսել եւ շատ, եւ վատ, պարտավոր ենք կոնսոլիդացնել պետական ծախսերը եւ բարձրացնել դրանց արդյունավետությունը»,- ասաց ԱԺ խոսնակը: Երկրորդ կարեւոր խնդիրը, ըստ ԱԺ նախագահի՝ օրենքի հետեւողական եւ անկողմնակալ կիրառումն է. «Օրենքի առաջ արտոնյալներ չպետք է լինեն, օրենքը չպետք է անզոր լինի ամենաթողության, չարդարացված բյուրոկրատական քաշքշուկների, պետական դիրքի չարաշահման դեմ պայքարում»: Երրորդ՝ ուժեղացնել պայքարը ստվերային տնտեսության դեմ եւ չորրորդ՝ «Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հնարավոր չէ հասնել՝ առանց դատաիրավական համակարգում լուրջ բարեփոխումների»: «Քաղաքացիները պետք է տեղյակ լինեն իրենց իրավունքների մասին, եթե դուք չգիտեք ձեր իրավունքները, ուրեմն դուք իրավունքներ չունեք. այս կարգախոսն այսօր եւս արդիական է»: Կարեւորվեցին քաղաքացիական հասարակության ակտիվությունը, անկախ մամուլի դերը, ֆինանսական ոլորտում խորհրդարանին վերահսկողության մեխանիզմների հնարավորություն տալը: Ինքնաքննադատաբար խոստովանեց նաեւ. «Հայտնի է, որ մեր իրականության մեջ քիչ չեն անօրինականությունները եւ չարաշահումները տարբեր ոլորտներում, այդ մասին ասված է եւ ԱԺ ՎՊ ուսումնասիրություններում, ՀԲ-ի եւ մյուս միջազգային կառույցների փաստաթղթերում: Համոզված եմ, որ այս թերությունների մատնանշումը, պատշաճ հանրային վերահսկողությունը, կոռուպցիոն դեպքերի վերհանումը ԶԼՄ-ների կողմից ավելի պատկառելի կդարձնեն պատկան մարմինների եւ պաշտոնյաների գործողությունները»: Գիտաժողովին ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ցանկություն հայտնեց ելույթ ունենալ, բայց նրան մերժեցին խոսափող տրամադրել՝ պատճառաբանելով, որ հարկավոր էր վաղօրոք հերթագրվել: Դրանից զայրացած էլ Սաքունցը լրագրողներին բողոքեց, որ այսօր նրանք, ովքեր խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իրականում հենց իրենք խնդիրներ ունեն կոռուպցիայի հետ, եւ բոլոր այս կարգի քննարկումներն ու գիտաժողովները ժամանակի զուր վատնում են: Իսկ եթե ուզում ենք կոռուպցիայի դեմ իրականում պայքարել, ըստ Արթուր Սաքունցի, պետք է սկսել հենց նրանից, որ այս կարգի ֆարս-մաժորային միջոցառումներ տեղի չունենան: Մհեր Շահգելդյանը նկատեց. «Մեզ համար կարեւոր խնդիր է կոռուպցիայի դեմ պայքարը, ներգրավելով բոլոր այն ուժերին, ովքեր պատրաստ են ցուցաբերել կամք եւ մասնակցություն»: ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը թեպետ կարեւորեց ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագիրը, բայց եւ ասաց, որ դեռ բավարար գործ չի արվել որոշակի հաջողությունների հասնելու համար. «Դեռ շատ անելիք կա, եւ ես հատուկ ուրախ եմ, որ Հայաստանի խորհրդարանը սկսում է շատ ավելի ակտիվ մասնակցել այս ոլորտում»: Լրագրողի հարցին՝ հատկապես ո՞ր ոլորտում է կոռուպցիան ավելի մեծ, պարոն Պրյախինը հղում անելով այլ կառույցների վերլուծություններին՝ ասաց, որ դա դատական համակարգն է առաջին հերթին, իսկ ճանապարհային ոստիկանները հինգերորդ տեղում են: Իսկ թե ինչո՞ւ կոնկրետ անուններ չեն տրվում, Պրյախինը չասաց, բայց շեշտեց, որ կարեւոր է ցույց տալ, հասարակությանն ապացուցել, որ կոռուպցիան հաղթահարելի է: ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանին հարցրին, թե ինչո՞ւ կոռուպցիայի դեմ պայքարողները հաշվի չեն առնում մամուլի հրապարակումները այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքի, ամառանոցների եւ այլնի մասին: Խորհրդականը նախ զայրացավ եւ հետո պատասխանեց. «Եթե որեւէ մեկը ունի տուն, ամառանոց, ավտոմեքենա, դեռեւս սա քրեորեն պատժելի արարք չի: Սրա մասին մենք մի քանի անգամ ասել ենք, եւ ես խնդրում եմ՝ թողեք այս բոլշեւիկյան մտածելակերպը, որ բոլորը պետք է լինեն աղքատ եւ հավասարապես աղքատ, եւ երկրում հարուստներ չպետք է լինեն»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել