Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի առեղծվածը

Ապրիլ 13,2006 00:00

Ալիեւի
առեղծվածը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ
բանակցային գործընթացն ընթանում է նոր ձեւաչափով, որը համապատասխանում է Ադրբեջանի
ազգային շահերին եւ հիմք է ստեղծում երկրի տարածքային ամբողջականության վերականգնման
համար»: Ըստ «Թրենդ» գործակալության, ահա այսպիսի նոր «բացահայտում» է արել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Զագաթալայի զորամաս կատարած այցելության ժամանակ,
ինչով, սակայն, այս բավական մութ խնդրի վրա փոքրիշատե լույս սփռելու փոխարեն, նոր
հարցադրումներ է առաջացրել: Եթե ընդունենք, որ «Թրենդի» տեղեկատվությունը ճիշտ է,
եւ Ալիեւն իսկապես նման հայտարարություն է արել, ապա պետք է ընդունենք նաեւ, որ դա
սենսացիա է, ինչը կարոտ է համարժեք իմաստավորման եւ գնահատման: Ալիեւը, իհարկե, չի
ճշտել, թե հատկապես ինչում է կայանում ձեւաչափի նորությունը եւ հատկապես ինչը նրան
դուր չէր գալիս հին ձեւաչափի մեջ: Եվ հենց այս հանգամանքն էլ լուրջ մտորումների տեղիք
է տալիս: Փորձենք ինքներս «փորփրել»: Ի՞նչ կարելի է հասկանալ բանակցային ձեւաչափի
փոփոխության տակ: Շատ քիչ թվով բաներ: Ենթադրենք՝ գործընթացի տեղափոխում որեւէ այլ
միջազգային կազմակերպության (օրինակ՝ ՄԱԿ-ի կամ ԵԽ-ի) իրավասության տիրույթ: Համաձայնենք,
որ դա, գոնե այս պահին, ֆանտաստիկայի ոլորտից է: Ձեւաչափի փոփոխման այլ տարբերակ՝
միջնորդ կառույցի, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցչական կազմի փոփոխություն:
Ասենք՝ խմբի անդամների ավելացում կամ նվազում: Կամ, որ առավել անհավանական է՝ եռանախագահության
ինստիտուտի վերակազմավորում: Եղե՞լ է նման բան. եթե մեր տեղեկություններն անհուսալիորեն
հնացած չեն, ապա՝ ոչ: Հետեւաբար, Ալիեւն այլ բան նկատի ունի: Ձեւաչափի փոփոխություն
կարող է համարվել նաեւ բանակցող ֆիգուրանտների կազմի փոփոխությունը: Ասենք՝ հակամարտող
կողմերն այժմ պաշտոնապես ոչ թե երկուսն են՝ Բաքու-Երեւան, այլ երեքը՝ Բաքու-Երեւան-Ստեփանակերտ:
Վերջապես՝ ձեւաչափի փոփոխություն է նաեւ բանակցող կողմերի՝ Ստեփանակերտ-Բաքու տարբերակով
նորացված կոնֆիգուրացիան: Վերջին երկու վարկածները կարող ենք միանգամից եւ առանց
տատանվելու բացառել, քանի որ դրանց իրական լինելու դեպքում Ալիեւը երբեք չէր խոսի
«Ադրբեջանի ազգային շահերին համապատասխանելու» մասին: Ցանկացած այլ փոփոխություն,
ըստ էության, կարող է վերաբերել ոչ թե բանակցությունների ձեւաչափին, այլ բովանդակությանը,
ինչը, սակայն, արդեն բոլորովին այլ «օպերայից» է: Ուրեմն ի՞նչ է նկատի ունեցել Իլհամ
Ալիեւը ձեւաչափի ադրբեջանանպաստ փոփոխության տակ: Երեկ փորձեցինք այս հարցի պատասխանը
ստանալ ՀՀ ԱԳ նախարարությունից եւ պետք է ասենք, որ այնտեղ զարմացած էին մեզնից ոչ
պակաս: «Ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ, թե ինչ է նկատի ունեցել Ի. Ալիեւը
ձեւաչափի փոփոխություն ասելով»,- պարզաբանեցին մեզ ԱԳՆ-ից, այնուամենայնիվ, խոստանալով
հասկանալուն պես անմիջապես տեղեկացնել: Մեզ մնում է միայն սպասել այս առեղծվածի լուծմանը:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել