Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ԻՄԱՆՈՒՄ՝ Ո՞Ր ԱՊՈՒՇՆ Է ԴԱ ԱՍԵԼ»

Ապրիլ 18,2006 00:00

Ասում
է ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը «17+1» ձեւաչափի առաքելության ավարտված լինելու մասին՝
մոռանալով, որ այդ պնդումն արել էր «Հանրապետության» քաղխորհրդի անդամը: ԱԺԴ
նախագահ Արշակ Սադոյանն «Առավոտին» ապրիլի 3-ին տեղեկացրել էր, թե «սառույցը շարժվել
է» եւ «17+1» ձեւաչափի նիստում մշակել են ժամանակացույց. «Առաջիկա 15 օրում նախապատրաստելու
ենք նախաձեռնող խմբի եւ համակիրների մեծ ժողով, որտեղ կընդունվի հայտարարագիրը: Դրանից
հետո կհավաքվեն ստորագրություններ: Իսկ դրանից 15-20 օր հետո կանցկացվի շարժման հիմնադիր
ժողով, որտեղ կընդունվեն հիմնադրույթները եւ կընտրվի ղեկավար մարմին»: Փորձեցինք
պարզաբանումներ ստանալ, թե ինչու, չնայած այդ ժամկետն արդեն սպառված է՝ այդպես էլ
չկա տեղեկություն որեւէ «մեծ ժողովի» մասին: Արշակ Սադոյանը պարզաբանեց. «Աշխատանքային
խումբն ինտենսիվ աշխատում է: Փաստաթղթերն արդեն պատրաստ են: Մենք ենթադրում էինք,
որ կուսակցություններն իրենց համախոհների շրջանում աշխատանքներ կտանեն 200 հոգանոց
նախաձեռնող խումբ ձեւավորելու համար: Բայց բեռը նորից ընկնում է աշխատանքային խմբի
վրա: Եվ շարունակվում են կոնտակտները նախաձեռնող խմբի պոտենցիալ անդամների հետ: Կարող
է մի քիչ ձգձգվի, բայց այդ գործընթացն այլընտրանք չունի՝ ուզած-չուզած պետք է իրականացնենք:
Նախաձեռնող խմբի ժողովը ծրագրում ենք ապրիլի վերջին: Կարող է՝ ուշացվի մեկ շաբաթով»:
Որպես այս ձգձգումների պատճառ՝ պրն Սադոյանը նշեց. «Որոշակի բարդություններ
կան, պասիվություն են ցույց տալիս որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ»: ԱԺԴ
նախագահը հրաժարվեց որոշակիացնել, թե որ կուսակցություններն են դրանք՝ չցանկանալով
այս հարցին անդրադառնալ առանց այդ կուսակցությունների «հիմնավոր պատասխանի՝ ուղղակի
նախնական խոսակցությունների հիման վրա»: Սակայն երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք «Հանրապետությունը»
մասնակցո՞ւմ է «17+1» ձեւաչափի ամեն երկուշաբթի գումարվող նիստերին (երեկ միավորման
նիստ չի եղել՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա կապակցությամբ), պրն Սադոյանը պատասխանեց.
«Հանրապետություն» կուսակցությունն ակտիվ մասնակցություն չի ցուցաբերում աշխատանքային
խմբի գործունեությանը»: Հիշեցնենք, որ այդ կուսակցության քաղխորհրդի նիստում որոշվել
էր, որ առաջիկա ամիսներին «Հանրապետությունը» չի մասնակցելու որեւէ նոր ձեւաչափի
ձեւավորման: Եվ հենց «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն էլ հայտարարել
էր. «17-ի ֆորմատն իր առաքելությունը կատարել է: Այն խնդիրը, որը այդ ֆորմատը դրել
էր իր առջեւ սահմանադրական հանրաքվեի հետ կապված՝ այդ խնդիրն արդեն ետեւում է մնացել»:
Սակայն երբ պրն Սադոյանին խնդրեցինք մեկնաբանել այն գնահատականները, թե քանի որ «17+1»
ձեւաչափը ստեղծվել էր հանրաքվեի կապակցությամբ՝ իր խնդիրը լուծել եւ այլեւս սպառված
է, նշեց. «Չեմ իմանում, թե որ ապուշն է դա ասել: Քանի որ՝ հենց հանրաքվեի ընթացքում
հարց արծարծվեց, թե քանի որ կեղծվում է քվեարկությունը՝ առաջիկայում դարձյալ կկեղծվեն
ընտրությունները, ուստի Հայաստանում պետք է պայքար գնա հանուն քաղաքացիական հասարակության:
Խնդիր չեմ տեսնում, թե քանի որ այս կազմավորումը ձեւավորվել է հանրաքվեի ընթացքում՝
հիմա պետք է ասել, որ հանրաքվեն ավարտվել է, հարցերն էլ՝ վերջացել: Եթե հիշում եք՝
ե՛ւ Վազգեն Մանուկյանը, ե՛ւ մյուսները հաճախ պատկերավոր ասում էին, թե տիզի պես պետք
է կպնենք եւ այս հանրաքվեն պատճառ դարձնենք, որ Հայաստանում ստեղծվի քաղաքացիական
հասարակություն: Եվ այժմ զարմանում եմ, որ ինչ-որ մարդիկ կարող են ասել, թե առաքելությունը
կատարված է: Սա ուղղակի նշանակում է, թե նրանք իրենց որոշումներից հետ են կանգնում,
կամ խուսափում՝ անհասկանալի պատճառներով»: Վերջերս, սակայն, ԱԺՄ նախագահ Վազգեն
Մանուկյանն էլ ասաց, թե կամաց-կամաց ե՛ւ «Արդարություն» դաշինքը, ե՛ւ «17+1» միավորումը
սկսում են ֆորմալ ակումբային տեսք ունենալ, որտեղ մարդիկ հավաքվում եւ քննարկում
են ապագա եւ այսօրվա հարցերը. «Ես չեմ տեսնում, որ այդ ֆորմատներից մեկնումեկի հզորացումով
պետք է որոշվեն 2007-ի մեր անելիքները, ինչ-որ նոր ֆորմատ պետք է ստեղծել»: Սակայն
Արշակ Սադոյանը չհամաձայնեց մեր այն նկատառմանը, թե ակումբներում գործողություններ
չեն իրականացվում՝ ընդամենն ընթանում են զրույցներ. «Չեմ կարծում, թե դա ասելով՝
Վազգեն Մանուկյանը նկատի ուներ, որ ակումբն ընդամենը խոսարան է: Հավանաբար միտքը
եղել է այն, թե քանի որ «17+1+8» շարժումն իր առջեւ նպատակ է դնում վեր կանգնելով
գաղափարական տարաձայնություններից՝ մշակել ընդհանուր գործունեության հիմքերը՝ բնական
է, որ նեղգաղափարական վեճեր կա՛մ չեն լինի, կա՛մ կլինեն մեղմ ակումբային: Համենայնդեպս,
շարժումը միաձույլ մի ամբողջություն չի՝ տարբեր մոտեցումներով, մասնակցության աստիճանի
տարբերություններով ուժերի միավորում է: Եվ այս պայմաններում, ինչ-որ չափով, դա կարող
է ունենալ ակումբային տեսք էլ»: Նկատեք, որ միավորման մասին խոսելով՝ Արշակ
Սադոյանը գործածեց «17+1+8» բանաձեւը: Սակայն ինչպե՞ս է ստացվում, որ թվերը չեն փոխվում,
թեեւ անընդհատ փոխվում են այս ձեւաչափի գումարելիները: Մարքսիստական կուսակցությանն
իրենք հեռացրին, Պահպանողական կուսակցությունն ինքը հեռացավ, ՀԺԿ-ն այլեւս չի մասնակցում,
«Հանրապետությունն» առկախել է մասնակցությունը, սակայն չի փոխվում միավորման թիվը,
եւ հակառակը՝ ավելանում է: Մաթեմատիկական այս առեղծվածի սադոյանական բացատրությունն
էր. «17+1»-ն ընդամենն անուն է, որին սովոր են, ուստի ընթացքում չեն փոխում՝ 16 կամ
15 դարձնելու համար: Ամեն դեպքում, այսօր բացի Ձեր նշած կուսակցություններից՝ մնացածը
որեւէ հայտարարություն չեն արել, թե դուրս են գալիս այս ձեւաչափից»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել