Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «մասնագիտացնել» դատավորներին

Փետրվար 19,2007 00:00

Բարեփոխումների կարեւոր փուլը

«Առավոտի» փետրվարի 13-ի համարում տպագրված «Դատավորների տարօրինակ բաժանում» տեղեկատվությանն ի պատասխան, ՀՀ վճռաբեկ դատարանը պարզաբանում է ուղարկել, որը ստորագրել է այդ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը: Պարզաբանման առաջին մասում հիմնավորվում է դատավորների մասնավորեցման (քրեական եւ քաղաքացիական գործերով) անհրաժեշտությունը, որը մեր տեղեկատվության մեջ չի վիճարկվում: Այնուհետեւ պարզաբանման մեջ գրված է.

«ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն իր 2006 թվականի հունիսի 13-ի թիվ 97 որոշմամբ սահմանել է, որ դատական գործերը բաշխվում են դատավորների միջեւ՝ նրանց մասնագիտացման ոլորտներին համապատասխան, հաշվի առնելով նրանց ծանրաբեռնվածությունը եւ գործերի բարդությունը: Ի գիտություն հայտնում ենք նաեւ, որ նշված որոշման հիմք են հանդիսացել Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանների, ինչպես նաեւ Լոռու եւ Շիրակի մարզերի առաջին ատյանի դատարանների կենտրոնական նստավայրերի դատավորների գրավոր համաձայնությունները: Այս առումով առնվազն զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ այդ նույն դատավորները «Առավոտի» թղթակցի հետ բանավոր զրույցի ժամանակ արտահայտել են իրենց դիրքորոշումներին միանգամայն հակառակ «տեսակետներ»: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցումն անցած Դատական օրենսգիրքը եւս ամրագրել է դատավորների մասնագիտացման պահանջը: Նշված պահանջի իրականացման սկիզբը դրվել է 2006 թվականի հունիսի 13-ի թիվ 97 ԴՆԽ որոշմամբ: Բացի այդ, դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի հիմնական ուղղությունն է հանդիսանում մասնագիտացված դատավորներ եւ դատարաններ ստեղծելը:

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, իբր «ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը գերազանցել է իր լիազորությունները», անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ վերջինս, ըստ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կանոնակարգի, հրավիրում եւ նախագահում է խորհրդի նիստերը, իսկ որոշումներն ընդունվում են կոլեգիալ, խորհրդի անդամների՝ դատարանների նախագահների ձայների մեծամասնությամբ»:

Այդ պարզաբանման եւ մեր տեղեկատվության մեջ առանձին հակասություն չտեսնելով, ուզում ենք մեր հարգարժան գործընկերների ուշադրությունը հրավիրել երեք հանգամանքի վրա.

ա/ հնարավոր չէ բացառել, որ դատավորների մի մասը դժգոհ մնա ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կատարած «քրեական-քաղաքացիական» բաշխումից,

բ/ Սահմանադրության 94 հոդվածով՝ «Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ»: Սահմանադրության 6-րդ՝ «Դատական իշխանություն» գլխի 92 հոդվածում սահմանված է. «ՀՀ-ում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում մասնագիտացված դատարաններ»: Ոչ թե դատավորներ:

գ/ «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների» ծրագրում գրված է. «Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով գործերը դատավորների միջեւ բաշխվում են այբբենական վիճակահանությամբ»:

Հուսով ենք, այդ հանգամանքները հաշվի կառնվեն դատաիրավական բարեփոխումների առաջիկա փուլերում: Պատրաստակամ ենք այս հարցերով հրապարակել մասնագետների տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել