Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ԺԱՄԸ՝ 2.500 ԴՐԱՄ

Օգոստոս 09,2007 00:00

Մալաթիայի մարմնավաճառների նոր շուկային սպասարկելու համար տարածքի պոնչիկանոցները գիշերը ծառայում են որպես հասարակաց տներ:

Վերջին շրջանում Մալաթիայի մթերքի շուկայի հարեւանությամբ մարմնավաճառների նոր շուկա է ձեւավորվել: Այդ շուկայում սպասարկվում են հիմնականում մարզերից եկած առեւտրականները, որոնք գալիս են մթերքի շուկայում իրենց ապրանքը վաճառելու եւ ձեռքի հետ էլ օգտվում են տարածքի մարմնավաճառների ծառայություններից: Հաշվի առնելով, որ իրենց հաճախորդներն օրվա վաստակով ապրող մարդիկ են, մարմնավաճառները՝ մտնելով նրանց դրության մեջ, իրենց ծառայությունների գները սահմանել են շատ մատչելի՝ սկսած 2.500-ից մինչեւ 5000 դրամ: Մարմնավաճառները համագործակցում են մթերքի շուկայի մոտակայքում գործող «փափախ» տաքսիների հետ ու իրենց հաճախորդներին առաջարկում այդ տաքսիներով գնալ որեւէ մոթել, իսկ եթե այցելուի գրպանի պարունակությունը չի ներում՝ տաքսի ծառայություններից օգտվելու կամ մարմնավաճառին մոթել տանելու, մշտական ու վստահելի հաճախորդին չկորցնելու համար մարմնավաճառներն այլ առաջարկ են անում. պարզվում է՝ մթերքի շուկայի հետնամասում, որտեղ փքաբլիթների ու կարկանդակների վաճառքի տաղավարներ են տեղադրված, հենց նույն տաղավարների ներսում վարձով տեղ են տրամադրում մարմնավաճառներին, այսինքն՝ պոնչիկանոցները գիշերները որպես հասարակաց տուն են գործում: Երբ մտնում ես այդ պոնչիկանոցները՝ առաջին հայացքից ոչ մի կասկածելի տպավորություն չես ստանում, քանի որ տաղավարի սկզբնամասում խոհանոցային հատվածն է, իսկ մարմնավաճառներին վարձով տրվող հատվածը խոհանոցից առանձնացված է վարագույրով: Այդ կարգի հասարակաց տնից օգտվելն անհամեմատ էժան է: Ուշագրավ է, որ տաղավարում տեղադրված անկողինը գիշերը ծառայում է մարմնավաճառներին, ցերեկը՝ պոնչիկ թխող խոհարարներին՝ որպես հանգստատեղի, ուստի այդ անկողնու հիգիենիկ վիճակի մասին կարելի է պատկերացնել:

Մալաթիայի մարմնավաճառներից երբ փորձեցինք հետաքրքրվել, թե նրանք գիտակցո՞ւմ են՝ որքան վտանգավոր է իրենց առողջության համար նման հակահիգիենիկ պայմաններում «աշխատելը», մարմնավաճառներից մեկը, որն այդպես էլ չխոստովանեց իր մարմնավաճառ լինելը, ասաց. «Բայց մենք ի՞նչ ենք անում, որ: Իմ ամուսինը ստեղ տաքսիստ ա, ես էլ իրա հետ կանգնում եմ, դրա մեջ ի՞նչ կա որ»:

Նրանց «խոհանոցին» հաջողվեց ծանոթանալ միայն լրագրողական հնարամտության շնորհիվ: «Առավոտի» խնդրանքով հաճախորդ ներկայացած մի երիտասարդ զրուցեց մարմնավաճառների հետ՝ մանրամասն ծանոթանալով նրանց առաջարկած ծառայություններին: Պարզվում է՝ նախնական գինը 1 ժամվա համար, որ ասում են այդ տարածքի մարմնավաճառները՝ 5000 դրամն է, բայց գինն ասելուն պես, հաճախորդ չկորցնելու համար, իսկույն վրա են բերում, որ «կբարիշենք, մի քիչ էլ կիջնենք»: Նկատենք, որ Մալաթիայի մարմնավաճառների շուկան մյուս նմանատիպ շուկաների համեմատ մի յուրահատկություն ունի. մեր աղբյուրի հավաստմամբ՝ այստեղ մարմնավաճառներն իրենց ծառայության գինը պայմանավորում են հաճախորդի մաքրասիրությամբ: Հաշվի առնելով, որ այդ շուկան մարզերից եկած տղամարդկանց է սպասարկում՝ մարմնավաճառները, կախված հաճախորդի հիգիենիկ վիճակից, որոշում են գինը: Եթե շատ փնթի է լինում՝ գինը 5000 դրամից չեն իջեցնում, իսկ մաքրասերների համար զգալի զեղչեր են անում՝ գինը հասցնելով մինչեւ 2.500 դրամի:

Այդ շուկայի մարմնավաճառների կոնկրետ «կայանատեղին» Մալաթիայի շուկայի կանգառն է: «Գիշերային թիթեռնիկներն» իրենց գործը սկսում են երեկոյան ժամը 7-ից՝ մութը չընկած, եւ շատ հաճախ խառնվում են կանգառում երթուղայինի սպասող քաղաքացիների հետ՝ ավելորդ ուշադրություն չգրավելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել