Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները խլեցին «Առավոտի» ձայնագրիչը

Օգոստոս 09,2007 00:00

Դատարանը մերժեց ամբաստանյալ Արամունու միջնորդությունները

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց Իշխան Գրիգորյանի, Արմեն Արամունու եւ Իգոր Իսոյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը: Վերջիններս մեղադրվում են ապօրինի թմրամիջոցի օգտագործման եւ վաճառքի մեջ: Երբ ամբաստանյալ Արմեն Արամունին վիճարկում էր իր մեղավոր լինելը, «Առավոտի» թղթակիցը փորձեց դռնբաց նիստը ձայնագրել, սակայն նախագահող Ժորա Վարդանյանը տեղից բղավեց, թե «Ամբաստանյալի կարծիքը հարցրե՞լ եք, որ ձայնագրում եք»: Ոստիկանները խլեցին ձայնագրիչը՝ անջատելով այն, իսկ ամբաստանյալ Ա. Արամունին ասաց, թե չի ցանկանում, որ իրեն ձայնագրեն: Միջադեպին հաջորդեց այն, որ Ա. Արամունին հայտարարեց, որ իրեն ոչ մի հոդվածով մեղավոր չի ճանաչում, քանի որ նախաքննական մարմինը մի շարք սխալներ է թույլ տվել՝ ոտնահարելով իր իրավունքները: «Քննիչն իրավունք չուներ ինձ քննել ժամը 22-ից հետո: Դա մարդու իրավունքների ոտնահարում է: Առաջարկում եմ՝ քննչին բերել դատարան եւ հարցաքննել»,- պահանջեց ամբաստանյալը: Ա. Արամունին միջնորդեց նաեւ ավտոմեքենան զննող երկու ընթերականերին եւս, որպես վկա, հրավիրել դատարան՝ ձեռք բերված ապացույցները հաստատելու կամ ժխտելու նպատակով: Ընթերակաները, ըստ Արամունու, չեն մասնակցել այդ խուզարկությանը: Իգոր Իսոյանի նկատմամբ էլ պահանջեց դատահոգեբուժական փորձաքննություն՝ երկբայելով նրա տված ցուցմունքների հավաստիությունը: Ա. Արամունու պաշտպան Վալենտին Առաքելյանը եւ Իշխան Գրիգորյանի պաշտպան Ռոբերտ Մարտիրոսյանը պահանջեցին դատարանից, որ միջնորդությունն ընդունվի: Սակայն մեղադրողը՝ պրն Հարությունյանը մերժեց Ա. Արամունու միջնորդությունները. «Ա. Արամունու բերած միջնորդությունները հիմնազուրկ են: Դատարանում Ի. Իսոյանի արտահայտած մտքերը վկայում են, որ նա հավասարակշիռ է իր ցուցմունքներում: Հարցաքննությունները կատարվել են պաշտպանների ներկայությամբ: Ա. Արամունու հարցաքննությունը սկսվել է ժամը 21-ին եւ Արամունու խնդրանքով ընդհատվել 23-ին, թեեւ օրենսգիրքը թույլ է տալիս կատարել անհապաղ հարցաքննություններ»:

Դատավոր Ժ. Վարդանյանը, լսելով բոլոր կողմերին, մերժեց Ա. Արամունու միջնորդությունը: Ի. Գրիգորյանի պաշտպան Ռ. Մարտիրոսյանն էլ իր հերթին հանդես եկավ միջնորդությամբ: Համաձայն վերջինիս, ամբաստանյալները նորից պետք է ենթարկվեն համալիր փորձաքննության. «Իմ պաշտպանյալը խնամում է հինգ երեխա: Նա ֆիզիկապես ընդունակ չէր այդքան թմրադեղ (220 գրամ) օգտագործել, առավել եւս, երբ մեզի անալիզը ցույց է տվել, որ նա մաքուր է»: Դատավոր Ժ. Վարդանյանն այս միջնորդությունն էլ մերժեց, քանի որ ամբաստանյալներին կտրվի լրացուցիչ միջնորդությունների հնարավորություն եւս: Դահլիճում նիստը հետեւողներից մեկն էլ դատավորին խորհուրդ տվեց. նախ բուժել հիվանդ ամբաստանյալներին, ապա նոր դատել: Այսօր կշարունակվի դատավարության հաջորդ նիստը:

Հ. Գ. Արամունու բարեկամները «Առավոտին» փոխանցեցին, որ ամբաստանյալը գեներալ Սեյրան Սարոյանի փեսան է, բայց «ոչ հարազատ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել