Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է»

Օգոստոս 09,2007 00:00

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը երեկ այս համոզմամբ ստանձնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

ՀՀ վարչապետի հրամանով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը նշանակվել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի՝ սպորտային գծով տեղակալ:

Նորանշանակ փոխնախարարը երեկ պատասխանեց «Առավոտի» հարցերին:

– Ձեզ վստահվել է այսուհետեւ միջազգային ասպարեզներում Հայաստանն արժանիորեն ներկայացնելու առաքելությունը: Պատրա՞ստ էիք նման պատասխանատվություն ստանձնելուն:

– Մեծ սպորտում նոր մարդ չեմ: Ինքս ժամանակին եղել եմ գործող մարզիկ եւ պատկերացնում եմ այդ ճանապարհին առկա դժվարությունները: Վերջին երկու տարում եղել եմ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը: Թե ինչպե՞ս եմ ղեկավարել ոլորտը, ասելու ոչինչ չունեմ: Փաստերն ավելի խոսուն են: Հուսով եմ, որ նոր պաշտոնում կկարողանամ օգտակար լինել նաեւ մյուս մարզաձեւերին:

– Այսինքն, շարունակելու եք մնալ նաեւ որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագա՞հ:

– Անպայման: Ծանրամարտն իմ մարզաձեւն է, ու ես այն չեմ թողնի: Առջեւում Եվրոպայի կրտսեր տարիքային խմբի առաջնությունն է, աշխարհինը, որտեղ որոշվելու է, թե քանի մասնակից կունենանք եկող տարի Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում: Այնպես որ, եթե մինչեւ այսօր աշխատում էի օրական 12-14 ժամ, այսօրվանից ավելի քիչ պետք է քնեմ:

– Բայց ստիպված զբաղվելու եք նաեւ մյուս մարզաձեւերի խնդիրներով: Դրանք ծանրամարտին չե՞ն խանգարի:

– Ինձ համար առաջնայինը հայկական սպորտի հեղինակությունն է: Կարեւոր չէ, թե որ ասպարեզում ավելի մեծ հաջողություններ կունենանք` լինի օլիմպիական թե ոչ օլիմպիական մարզաձեւ: Մտադիր եմ ավելի մեծ կարեւորություն տալ հատկապես մարզադպրոցներին: Այդ ոլորտի խնդիրները նույնպես ինձ են տրվում:

– Մոտավոր կարո՞ղ եք ասել, թե նաեւ մյուս մարզաձեւերում ակնկալվող լուրջ հաջողությունները երբ կգրանցվեն:

– Ժամկետներով ինձ մի սահմանափակեք:

– Նախապաշարմունքների հավատո՞ւմ եք:

– Այսօր խորհրդանշական մի հետաքրքիր զուգադիպություն է տեղի ունեցել: Իմ նշանակման ու ամառային օլիմպիական խաղերի մեկնարկի օրերի միջեւ տարբերությունը ճիշտ մեկ տարի է: Սա, գուցե, ինչ-որ բան հուշում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել