Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍ-ԾՐԱԳԻՐ ՉԻ»

Օգոստոս 15,2007 00:00

 Վստահեցնում է «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունն ընդունելության քննությունների ողջ ընթացքում պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով, որոնցում հիշատակվում էին քննական շրջանում դիմորդների հանդեպ անարդար, սխալ մոտեցումների կոնկրետ օրինակներ: Երեկ կազմակերպության ղեկավար Նարեկ Գալստյանը «Փաստարկ» ակումբում ամփոփեց բուհական ընդունելության քննությունները՝ դիմորդների եւ «Սարգիս Տխրունու» տեսանկյունից, ու հայտնեց, որ իրենց հավաքած բոլոր տեղեկությունները փոխանցելու են ԿԳ նախարարություն:

Ասուլիսից հետո Նարեկ Գալստյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին, որոնք չէին առնչվում կրթական խնդիրներին:

– Ձեր ղեկավարած կազմակերպությունը խորհրդարանական ընտրություններից առաջ շատ ակտիվ էր եւ անընդհատ ժողովրդի սրտից բխող սուր քննադատություններով էր հանդես գալիս իշխանությունների հասցեին: Ինչո՞ւ դա չանդրադարձավ ՍԴՀԿ-ի ռեյտինգի վրա: Հնչակները ընտրություններում գրավեցին ամենավերջին տեղը:

– Մեր կուսակցության ռեյտինգի մասին խոսելը բավականին սուբյեկտիվ կլինի, քանի որ վստահ ենք՝ մեր ձայները կեղծվել են: Չենք ասում, թե հաղթահարել ենք 5%-ի շեմը, դա այդպես չէ: Մենք դեռ շատ աշխատանք ունենք տանելու մեր ընտրողների հետ: Մեկ-մեկուկես տարի է ընդամենը, որ մեր կուսակցությունը սկսել է լուրջ աշխատանքներ ծավալել: Բայց դրանով հանդերձ, մեկ-երկու ամիս առաջ ստեղծված ինչ-որ կուսակցություն, որն ընդհանրապես որեւէ կապ չունի այսօրվա քաղաքական իրականության կամ քաղաքական դաշտի հետ, չէր կարող հավաքել մեզնից շատ ձայներ:

– Չլինի՞ «Բարգավաճ Հայաստանին» նկատի ունեք:

– Չէ, «Բարգավաճն» ուրիշ դեպք է: Ես նկատի ունեմ ՄԻԱԿ-ը, որի նախագահը հիմա դարձել է վարչապետի խորհրդականը: Այնպես որ՝ համոզված ենք, որ մեր ձայները գողացել են: Մենք խնդիր ունեինք երկու կարեւորագույն ուժերի հետ: Առաջինն Էռնեստ Սողոմոնյան կոչվածն է, որը հեռացվել է Հնչակյան կուսակցությունից տասը տարի առաջ՝ գումար շորթելու համար: Նա ընդամենը գող է: Գող, ավազակ, մի մարդ, որն արժանի է քրեական հետապնդման, բայց, մտնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը, դարձավ պատգամավոր: Մեր երկրորդ խնդիրը նրանք էին, ովքեր նպատակ էին դրել ցույց տալ, թե ՍԴՀԿ-ն գտնվում է վերջին տեղում եւ, որպես ավանդական կուսակցություն, չի կարող մրցակցել որեւէ մեկի հետ: Կրկնեմ, չենք ասում, որ անցել ենք 5%-ի շեմը կամ հավաքել ենք 50 հազար ձայն, եւ ընդամենը 1 ձայն պակասեց: Բայց առնվազն մի քանի հազար ձայն հավաքել էինք: 120-ամյա կուսակցությունն ուղղակի չէր կարող հավաքել 987 ձայն, որը մեզ ցույց տրվեց: Մեզ վերջին տեղում դնելն ուղղորդված էր նախագահականի կողմից:

– ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, որ կպաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Համամի՞տ եք նրա հետ:

– Նախ, դա կուսակցական ղեկավարի կարծիքը չի, կուսակցության վարչության որոշումն է: Մի անձով չի պայմանավորված մեզ մոտ ոչինչ: Հետո, նա ասել է, որ եթե ընտրությունը լինի Լեւոն Տեր-Պետրոսյան կամ Վազգեն Մանուկյան, մենք կընտրենք Տեր-Պետրոսյանին: «Սարգիս Տխրունին» կուսակցության մի մասն է կազմում, այնպես որ, մենք էլ ենք այդ որոշման տերը:

– Կարելի՞ է ենթադրել, որ չորս տարի հետո Հնչակյան կուսակցությունն ավելի բարձր տեղերում կհայտնվի՝ ձեր շնորհիվ:

– Չգիտեմ՝ մեր շնորհիվ թե ոչ, բայց մեր ողջ կուսակցությունը կոորդինացված ձեւով փորձում է այնպես անել, որպեսզի ՍԴՀԿ-ն լինի այն տեղում, որին իրեն արժանացրել է պատմությունը: Գնալու ենք առաջ՝ անկախ խոչընդոտներից, քանզի ունենք վճռականություն, եւ, ի տարբերություն շատ կուսակցությունների, մեզ կոտրելը դժվար է, որովհետեւ հավատամքով ենք մտել, գումար չենք վաստակում մեր կուսակցությունում, եւ մեզ համար կուսակցությունը բիզնես-ծրագիր չի: Մենք գիտակցում ենք, որ ինչքան էլ ամենաակտիվ երիտասարդական կազմակերպություններից մեկը լինենք, 10 տարի հետո պատգամավոր չենք դառնա: Մենք դրա համար չենք մտել կուսակցություն ու կուսակցությունից դուրս չենք գա՝ պատգամավոր դառնալ կամ չդառնալու համար:

– Քանի՞ անդամ ունի ՍԴՀԿ-ն:

– Մեր կուսակցությունը վերջին տվյալներով 4200 անդամ ունի, որից ուսանողական երիտասարդական միության անդամ են կազմում մոտավորապես 120 երիտասարդ: Թվով քիչ ենք եւ երեւի ավելի քչանանք՝ մաքրվելու արդյունքում, բայց կուռ կառույց ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել