Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է գնում գրաքննադատությունը

Օգոստոս 15,2007 00:00

Ինչպես եմ ես «պլագիատ արել» Նիցշեից

Քանիցս առիթ ունեցել եմ հրապարակավ ասելու, որ մեր գրաքննադատությունը, իրեն գերազանց դրսեւորել կարողանալով հինգ զգայարանների տիրույթում, այնուամենայնիվ, շղթայված է պատճառահետեւանքային կապի սարդոստայնով եւ դժվարություններ ունի ըմբռնելու, որ գրողը (մարդը) ունի այլ զգայարաններ եւս ու դրանք զարգացնելու դեպքում կարող է ոչ ստանդարտ առնչություններ ունենալ Տիեզերքը կառավարող ուժերի հետ ու բերել բոլորովին նոր տեսակի, ոչ հանրամատչելի գրականություն: Մեր գրաքննադատությունը խնդիր ունի նման կարգի ստեղծագործությունները «մարսելու» եւ դասակարգելու գործում: Ասվածն օրերս վառ կերպով ապացուցեց մի գրաքննադատ. չունենալով բավարար պատրաստվածություն, նա փորձել է խորանալ ոչ ստանդարտ առնչություններին տեղյակ, էզոթերիկայի վերաբերյալ բավարար պատկերացում ունեցող ընթերցողներին հասցեագրված (պարտադիր այս պայմանները կան գրքի շապիկին) իմ «Մեգիրա» վիպակի մեջ եւ արդյունքում հանգել է աբսուրդ մի հետեւության, թե իբր ես պլագիատ եմ արել Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» գիրքը: Իսկ նրա հետեւության աբսուրդն այն է, որ ես Նիցշեի այդ գիրքը չեմ կարդացել…

«Մեգիրան» գեղարվեստի ձեւով ներկայացված էզոթերիկ մի ստեղծագործություն է, որը հասու է քչերին: Այդ պատճառով ես գրքի տպագրությունից հետո որոնել եմ ոչ թե գրականագետների, այլ ոչ ստանդարտ առնչություններից տեղյակ մարդկանց վերաբերմունքը գրքին: Նման մարդիկ գիտեն, որ անձը իմացության զարգացման աստիճաններով վեր բարձրանալով եւ հետզհետե ընդլայնելով Տիեզերքի հետ առնչվելու սպեկտրը՝ Տիեզերական ինֆորմացիոն դաշտից կարող է ստանալ իր որոնած տեղեկությունները: Որքան շատ է մարդն աշխատում իր զարգացման վրա, այնքան նա ավելի բարձր շերտերից է ինֆորմացիա ստանում եւ դառնում առավել իմաստուն: Այդ ինֆորմացիաները կամ դրանց մի խումբը հնարավոր է քեզանից առաջ որեւէ մեկը ստացել է եւ շարադրել գրքի կամ ուսմունքի տեսքով: Դու ինքդ, եթե ստանում ես այդ նույն շերտ մտնելու թույլտվութուն, ապա կարող ես առանց գրքեր եւ ուսմունքներ ուսումնասիրած լինելու ստանալ քեզ անհրաժեշտ ինֆորմացիան: Նշածս մարդիկ նման դեպքերում ոչ թե միմյանց մեղադրում են պլագիատի մեջ, այլ ընդամենը փաստում, որ տվյալ անձի առջեւ եւս բացվել է այս կամ այն շերտը:

Ես երկար ժամանակ որոնել եմ հանրային գիտակցության արմատական փոփոխություն իրականացնելու ընդունակ մեխանիզմ, ու մի օր «Մեգիրան» տրվեց ինձ երազում: Բայց քանի որ Տիեզերքը կառավարող ուժերը մարդկանց հետ ուղիղ տեսքով չեն խոսում, ես հարկադրված էի վերծանել երազը: Այդ հարցում ինձ օգնեցին արտառոց ընդունակություններով օժտված մի մարդու հետ հանդիպումը, ինքնամեկուսացումը լեռներում, Լ. Պովելի «Մոգերի լուսաբացը» գրքի ոչ ստանդարտ թեզերի յուրացումը: Արդյունքում ինձ հաջողվեց «թափանցել» ինֆորմացիոն մի նոր շերտ, որտեղից արդեն ինձ երեւաց որոնածս մեխանիզմի ուրվագիծը, որն էլ որոշ ծածկագրով ներկայացրել եմ «Մեգիրայում»:

Ես հանրային գիտակցության արմատական փոփոխման մեխանիզմի առաջին որոնողը չեմ, այդ խնդրով, անշուշտ, ինձանից առաջ տարվել են շատերը: Ու եթե տարբեր ժամանակներում միեւնույն նպատակի ետեւից գնում են տարբեր մարդիկ (նկատի ունեմ որոնումի ոչ ստանդարտ կերպը), ապա նրանց տրված ինֆորմացիաները այս կամ այն չափով կարող են նման լինել կամ փոխլրացնել միմյանց, քանի որ Ճշմարտությունը մեկն է:

Այնպես որ, նպատակի որոնման ճանապարհին ինձ տրվածը եթե անգամ այս կամ այն չափով ակամա աղերս ունի հայտնի դեմքերի ուսումնասիրությունների հետ (բավականին տեղյակ մի ընթերցող էլ «Մեգիրա»-ի մեջ Շոպենհաուեր է տեսնում, բայց ոչ՝ Նիցշե), ապա այս դեպքում ճշմարիտ գրականագետը ոչ թե չկարդացածս գրքի պլագիատության տագնապ կհնչեցներ՝ գրականությունը իբր փրկելու նպատակով, այլ ընթերցողին օգնելու նպատակով կփորձեր պարզաբանել փոխլրացման էությունը, կօգներ գտնել դեպի հանրային գիտակցության արմատական փոփոխման մեխանիզմի հայտնագործումը տանող ճամփան: Մեխանիզմ, առանց որի կիրառման մեր ժողովրդի ապագան անչափ մշուշոտ է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել