Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխհատուցած գումարով հազիվ հանրակացարանում է տեղավորվել

Սեպտեմբեր 08,2007 00:00

Հյուսիսային պողոտայի բնակիչը պետության կարիքների համար իր տունը զիջել է ու զղջացել

Լալայան փողոցի 27 տան նախկին բնակիչ Կարինե Պեպանյանը պետության կարիքների զոհերից է: Նրան իր տնից վտարել են՝ Հյուսիսային պողոտայի կառուցման համար: Կնոջ պատմելով՝ ինքը Երեւանի քաղաքապետարանի անունից հանդես եկող «Հյուսիսային պողոտա եւ կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի հետ դեռեւս 2004-ի փետրվարին պայմանագիր է կնքել եւ, իր խոսքերով՝ ընկել է կրակը: Ըստ այդ պայմանագրի, Կ. Պեպանյանի ընտանիքը պետք է հրաժարվեր տան օգտագործման իրավունքից, դուրս գրվեր հաշվառումից եւ, ինչպես պայմանագրում է ֆիքսված՝ «պարտավորվել տունը զիջել՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար»: Այս բոլոր պարտավորությունները կատարելու համար կնոջն ընդամենը 3 օր ժամանակ են տվել: Սահմանված ժամկետում բնակիչն արել է այն ամենը, ինչ քաղաքապետարանն իրենից պահանջել է, որից հետո Կարինեի տունը քանդել են: Ներկայումս այդ տան տարածքում «էլիտար» շենք է արդեն կառուցվել: Պետությունն էլ Կարինեի տան դիմաց պարտավորվել է իր կամքով բնակարանը զիջած բնակչին տալ դրամական աջակցություն՝ այդ քանդվող տանը ապրող յուրաքանչյուր անձին տրամադրել 2000 դոլար կամ դրան համարժեք դրամ, ինչպես նաեւ 1500 դոլար էլ՝ որպես խրախուսում պետության ծրագրին աջակցելու համար: Կարինեի պատմելով՝ «Քանի որ մեր տանը ապրում ենք 3 բնակիչ՝ ես, աղջիկս՝ Արմինե Դադայանը, եւ թոռս՝ Էլեն Մկրտչյանը, մեզ պետք է տային 10.500 դոլար: Այդ գումարից մենք ստացանք միայն 9450 դոլար, իսկ 1050 դոլարը եկամտահարկ գանձեցին: Մենք այդ գումարով հազիվ կարողացանք Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամասի հանրակացարանում 20 քմ ընդհանուր մակերեսով խոնավ եւ խիստ անբարեկարգ սենյակ գնել, այնինչ՝ իմ տունն այնքան էլ վատը չէր եւ ավելի մեծ էր: Այստեղ հիմնականում ապրում են փախստականներ, բացի այդ, հանրակացարանի շենքը ենթակա չէ գազիֆիկացման: Մեզ տրամադրված գումարով մենք չէինք կարող անգամ մայրաքաղաքի ծայրամասում տուն գնել, քանի որ դրանք ամենաքիչը 20-25 հազար դոլար արժեն»: Կ. Պեպանյանը Լալայան 27 տանն ապրել է 33 տարի. «Աղջիկս էլ է այդ տանը ծնվել, թոռս էլ ընդամենը 3 տարեկան է: Այդ թաղամասի բնակիչներից ամենաքիչ փոխհատուցումն ինձ են տվել, փաստորեն, ամենախղճուկ վիճակում ես եմ հայտնվել»:

Փոխհատուցումից դժգոհ Կ. Պեպանյանը բողոքով դիմել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ խնդրելով աջակցել, որ գոնե մեկ սենյականոց բնակարան գնի: Նրան պատասխանել են «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակից»՝ ՊՈԱԿ-ից (տնօրեն՝ Ռ. Հարությունյան), գրելով. «ՀՀ վարչապետին հասցեագրված ձեր դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ ձեզ հետ կնքվել է պայմանագիր այդ պահին գործող ՀՀ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին ու գործող կարգին համապատասխան»:

Կարինեն ինքն էլ քաջ գիտակցում է, որ պայմանագիրը ստորագրել է ու այնտեղ նշված փոխհատուցումն էլ ստացել, սակայն, ըստ նրա, իր տան հաշվին քաղաքապետարանի ԾԻԳ-ը գերշահույթներ է ստացել, ուստի դրանից ելնելով՝ պետք է իրեն ինչ-որ կերպ աջակցեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել