Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակրթական դպրոց թերսնված են գալիս

Սեպտեմբեր 08,2007 00:00

Էջմիածնի նախկին թիվ 1 հատուկ դպրոցի սաները դեռ չեն ընտելացել հանրակրթականի պայմաններին:

Սեպտեմբերի 1-ից Էջմիածնի նախկին թիվ 1 հատուկ դպրոցի աշակերտները իրենց տետրերի վրա արդեն գրում են՝ թիվ 13 հանրակրթական դպրոց: Կառավարության որոշմամբ այս տարվա հուլիսի 1-ից հանրապետության բոլոր հատուկ դպրոցները ձեռք են բերել հանրակրթականի կարգավիճակ: «Առավոտի» հետ զրույցում արդեն թիվ 13 հանրակրթական դպրոցի տնօրեն Սահակ Զաքարյանը նշեց, որ մինչեւ նոր ուսումնական տարին սկսելը իրենք մտավախություն ունեին, թե չեն կարող անհրաժեշտ թվով աշակերտներ հավաքել, քանի որ իրենց մոտ սովորում են որբ, միակողմանի ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Հանրակրթականի կարգավիճակի պարագայում աշակերտներն այլեւս չեն օգտվի անվճար սննդից ու գրենական պիտույքներից: Տնօրենը փաստեց, որ աշակերտները գուցեեւ դպրոց են գալիս թերսնված: Նրա ներկայացմամբ, նախորդ տարի ունեցել են 376 աշակերտ, իսկ այս տարի՝ 340: Եթե նախորդ տարի հավաքագրվել է երկու դասարանով 37 առաջին դասարանցի, այս տարի՝ ընդամենը մի դասարան է ձեւավորվել՝ 14 աշակերտով:

Ս. Զաքարյանը նշեց, որ միանգամից անցում կատարելով հանրակրթականին, ինչ-ինչ դժվարությունների են հանդիպել. «Նախկինում դպրոցում աշխատում էր 75 մարդ, այժմ նրանցից 25-ը կրճատվել է»: Մեր դիտարկմանը, որ այդ 25-ը փոքր թիվ չէ եւ փաստորեն այդքան ընտանիք զրկվել է կերակրողից, տնօրենը հայտնեց, որ մյուսներին ամեն գնով փորձել են ապահովել աշխատանքով: Կրճատված ուսուցիչների գերակշիռ մասը դաստիարակներ են եղել, նրանցից մեկն էլ դասվար է, որը կրճատվել է առաջին դասարան չունենալու պատճառով:

Դպրոցն այս օրերին շինհրապարակ է հիշեցնում, քանդուքարափ է արված ամբողջ առաջին հարկը, արդյունքում ապահովված չէ երեխաների անվտանգությունը: Շինարարությունը սկսվել էր մայիս ամսից ու դադարեցվել էր՝ նախագծային փոփոխությունների պատճառով: Չգիտես ինչու, ըստ տնօրենի, շինարարության պատասխանատուները աշխատանքների կեսից էին որոշել փոփոխություններ անել:

Այս դպրոցի խնդիրների թվում է նաեւ առաջին դասարանցիներին հարմար նստարաններով ապահովելն ու համապատասխան կահույք ձեռք բերելը: Ս. Զաքարյանը այս առիթով նշեց. «Առաջին անգամ դպրոց մտնող երեխայի տրամադրության վրա բացասաբար են անդրադառնում վատ կահավորված դասասենյակները, սակայն սուղ են մեր հնարավորությունները՝ դրանք տեսքի բերելու համար»: «Առավոտի» այն հարցին՝ ճի՞շտ էր կառավարության՝ հատուկ դպրոցները վերացնելու որոշումը, տնօրենը դիվանագիտորեն պատասխանեց. «Շատ-շատ հարցերում որդեգրել ենք եվրոպական չափանիշներ, որոշման իմաստն էլ այն է, որ հատուկ կրթություն ու դաստիարակություն ստացող երեխաները չառանձնանան առողջ երեխաներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել