Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՄԵԿՆԵՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐՈՎ

Սեպտեմբեր 08,2007 00:00

\"\"Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները ստահոդ լուրեր էին տարածում, իբր թե Հայաստանը Բաքվում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ չի ներկայացրել: Դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ մարզասերներին ապակողմնորոշելու անհաջող փորձեր:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան սահմանված ժամկետներում հայտերն ու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիա (ՖԻԼԱ) ու մեկնում է Բաքու: Սեպտեմբերի 6-ին ստացվել է ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետիի՝ մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Ալեքսանյանին հասցեագրած պաշտոնական նամակը, որում բառացիորեն ասված է. «Հարգելի պարոն Ալեքսանյան: Հաճույքով հաստատում եմ, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան գրանցված է՝ մասնակցելու մեծահասակների աշխարհի առաջնությանը, որ տեղի կունենա Բաքվում (Ադրբեջան)՝ 17-23.09, 2007: Ցանկանում ենք ձեր թիմին հաջող մրցումներ: Անկեղծորեն՝ ձեր Մարտինետի, FILA-ի նախագահ»:

Այստեղ շատերն են հարցնում, թե մեր ըմբիշներն իրենց մարզավիճակով եւ հոգեբանորեն պատրա՞ստ են պատշաճ ձեւով հանդես գալ: Ասեմ, որ տղաներն ավելի մարտական են տրամադրված, քան շատերը պատկերացնում են, եւ պատրաստ են գոտեմարտելու: Իսկ թե դա որքանո՞վ կիրականանա, ցույց կտան մրցագորգը, հյուրանոցային, դահլիճային, մարզումային, տրանսպորտային եւ մյուս պայմանները: Այո, այնտեղ հեշտ չի լինելու: Իմ պատկերացմամբ՝ զբոսնելը, փողոց դուրս գալը բացառվելու են: Որտեղ էլ գտնվենք, լինելու ենք նրանց անվտանգության աշխատակիցների խիստ հսկողության ներքո, ինչպես խոստացել են Ադրբեջանի իշխանությունները: Կաշկանդվածությունը, անշուշտ, բացասական ազդեցություն կունենա: Սակայն մրցումների կարեւորությունն ըմբիշներից եւ պատվիրակության բոլոր անդամներից պահանջելու է լինել զսպված, կենտրոնանալ միայն մարզումների եւ մրցելույթների վրա:

Այս տարվա մայիսի սկզբին Բաքվում՝ Ադրբեջանի, Հայաստանի օլիմպիական կոմիտեների, ՖԻԼԱ-ի եւ ՄՕԿ-ի կողմից ստորագրված քառակողմ պայմանագրով Ադրբեջանը պարտավորվել է առաջնության ընթացքում կատարել միջազգայնորեն ճանաչված բոլոր պարտադիր կանոնները: Այսինքն՝ մեր եռագույնը պետք է կանգնեցված լինի մասնակից բոլոր երկրների դրոշների կողքին, հայաստանցի մրցանակակիր լինելու դեպքում՝ դրոշը բարձրացվի դահլիճում, իսկ չեմպիոն ունենալիս՝ հնչեցվի Հայաստանի օրհներգը: Եթե դրանցից որեւէ մեկը բացակայի, իրավունք ունենք հրաժարվել առաջնությանը մասնակցելուց ու լքել մրցավայրը: Բայց մենք Բաքու մեկնում ենք զուտ մարզական միջոցառման մասնակցելու նպատակով, այլ ոչ թե քաղաքական, թեեւ նշածս պարտադիր պայմաններից որեւէ մեկը բացակայելու դեպքում կազմակերպիչներից պահանջելու ենք ապահովել նորմերի պահպանումը: Ադրբեջանական կողմը պարտավոր է նաեւ մրցումների անցկացման վայրում, առավել եւս՝ դահլիճում ապահովել մեր ըմբիշների անվտանգությունը եւ պատշաճ մթնոլորտ, քանի որ ՄՕԿ-ի եւ ՖԻԼԱ-ի օրենքներով մարզիկի տրիկոյի վրա պարտադիր պետք է նշված լինի նրա ներկայացրած երկրի անունը: Հակառակ դեպքում՝ մրցավարն ըմբիշին գորգ մտնել չի թողնի՝ նրան պարտություն գրանցելով:

Թե հարեւան երկրի իշխանությունները որքանո՞վ պատրաստ կլինեն կատարել իրենց իսկ ստանձնած պարտավորությունները, գուշակել չեմ ուզում: Ասեմ միայն, որ աշխարհի առաջնությունն առանց միջադեպերի անցկացնելն Ադրբեջանի, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի համար, որը նաեւ երկրի օլիմպիական կոմիտեի նախագահն է, պակաս կարեւոր փորձություն չէ՝ բոլոր առումներով: Ու դրա համար նրանք, կարծում եմ, պետք է անեն ամեն բան, որպեսզի աշխարհի առաջնությունն ընթանա առանց խնդիրների, իսկ Հայաստանի պատվիրակությունն ապահով մուտք գործի իրենց տարածք ու դուրս գա:

Հայաստանի տղաների հավաքականները Բաքու մեկնում են ամբողջական մարտական կազմերով: Հունահռոմեական ոճի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտավորել է հետեւյալ ըմբիշներին. 55 կգ՝ Ռոման Ամոյան, 60՝ Խոսրով Մելիքյան, 66՝ Արման Ադիկյան, 74՝ Արսեն Ջուլֆալակյան, 84՝ Դենիս Ֆորով, 96՝ Արման Գեղամյան, 120՝ Յուրի Պատրիկեեւ: Իսկ ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը հավաքականի կազմ ընդգրկել է Վահան Սիմոնյանին՝ 55, Արմեն Կարապետյանին՝ 60, Ժիրայր Հովհաննիսյանին՝ 66, Ռուսլան Կոկաեւին՝ 74, Վադիմ Լալիեւին՝ 84, Էդգար Ենոքյանին՝ 96, Ռուսլան Բասիեւին՝ 120: Կանանց մրցապայքարին մասնակցելու է 63 կգ քաշային Կարինե Շադոյանը: Որպես մրցավար հրավիրված է միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել