Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է՝ ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ԱՍԵԼՈՎ

Սեպտեմբեր 26,2007 00:00

Սա ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատականն է ՀՀ առաջին նախագահի ելույթին

Հայաստանյան ընդդիմադիր դաշտի այն հատվածը, որը դեռ ամռան սկզբներին էր խոսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու եւ որպես ՀՀ նախագահի թեկնածու նրա առաջադրման անհրաժեշտության մասին, ավելի քան ոգեւորված է Լ. Տեր-Պետրոսյանի՝ Անկախության օրը ՀՀՇ-ի նախաձեռնած միջոցառման ժամանակ արած հայտարարությամբ: Ընդդիմադիրների մի հատվածը հակված է կարծելու, որ ՀՀ առաջին նախագահի ելույթը ծրագրային էր եւ վկայում էր, որ նրա առաջադրումը առաջիկա նախագահական ընտրություններում կանխորոշված է, թեեւ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, նման հստակություն այդ հարցում չմտցրեց: Միաժամանակ առանձին քաղաքական գործիչներ՝ ի դեմս, օրինակ՝ Գուրգեն Եղիազարյանի եւ Ռաֆայել Ղազարյանի, կարծում են, որ գործող իշխանությանը հաղթելու գրավականը Լ. Տեր-Պետրոսյանի եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի համագործակցությունն է առաջիկա ընտրությունների համատեքստում: Ու քանի որ այդ ցանկությունն առայժմ զուտ տեսական է, մենք փորձեցինք հե՛նց պարոն Մանուկյանից ճշտել նրա վերաբերմունքը նախ՝ ՀՀ առաջին նախագահի ելույթի, ապա նաեւ՝ նրա հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ: «Անկախ Լեւոն Տեր-Պետրոսյանի, նրա քաղաքական գործունեության մասին իմ կարծիքից, ես կողջունեմ եւ միշտ էլ կոչ եմ արել, որ ինքը վերադառնա քաղաքականություն: Ինչ վերաբերում է նրան, թե Լ. Տեր-Պետրոսյանն ի՞նչ ձեւերով կմասնակցի քաղաքական կյանքին՝ դա իր գործն է, ես կանխագուշակություններ անել չեմ ուզում»,- ասաց ԱԺՄ նախագահը, որն, իր ասելով, հիասթափված է Լ. Տեր-Պետրոսյանի առաջին հրապարակային ելույթից:

Վ. Մանուկյանի դիտարկմամբ, այն գնահատականները, որոնք առաջին նախագահը տվեց ներկա իշխանություններին եւ նրանց ձեւավորած համակարգին՝ մաֆիոզ, կլանային, հեռուստաընկերությունների՝ իշխանության վերահսկողության տակ գտնվելու, ընտրությունները կեղծելու, օրենքները չկատարելու մասով, իհարկե՝ ճիշտ են, բայց դրանց մասին, ԱԺՄ նախագահի մատուցմամբ, «ասել են բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչները: Ինքը դրա մասին խոսելիս պետք է հիշի, որ այդ նույն մեղադրանքները արվել են նաեւ իր հասցեին՝ իր նախագահ լինելու ժամանակ: Հետեւաբար՝ ինքը չէր կարող իր ելույթը կառուցել այնպես, թե ինքը, իբր, նոր է եկել եւ տեսնում է այդ ամենն ու քննադատում: Ինքը պետք է բացատրություններ տար՝ իր ժամանակ ինչո՞ւ էր այդպես, ինքը դրանում ի՞նչ մեղքի բաժին ուներ, հնարավո՞ր էր այն ժամանակ այլ կերպ անել: Դրա փոխարեն Տեր-Պետրոսյանի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ մինչեւ 1998թ.-ն ամեն ինչ լավ էր, իսկ 98-ից հետո այնպիսին է՝ ինչպիսին կա: Այս իշխանությունն, իհարկե, պետք է փոխել, բայց այդ փոփոխությունով ես կուզենայի ոչ թե նորից ետ, այլ առաջ գնալ»: Ընդսմին, Վ. Մանուկյանն այս ասելով չբացառեց, որ ՀՀ առաջին նախագահին ուղղված մեղադրանքները ինչ-որ տեղ կարող են նաեւ անարդարացի լինել, ուստի՝ նրա կարծիքով, Լ. Տեր-Պետրոսյանն ինքը կարող էր հակադարձել դրանց՝ ժխտելով դրանք կամ ընդունելով իր սխալները: «Ես դատավոր չեմ եւ չեմ ուզում դրանով զբաղվել, բայց մի բան հասկանալի է. երբ դու նախագահ ես ու քո իշխանության օրոք՝ ոչ թե 1-2, այլ տարիների ընթացքում, ձեւավորվել է կլանային համակարգ, ինչի համար քեզ մեղադրել են, երբ տեղի են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների չբացահայտված սպանություններ, ընտրություններն են կեղծվել, ու դու նույնի համար քննադատում ես մյուսին, քո իշխանություն եղած ժամանակ այդ երեւույթների համար պետք է ինչ-որ բացատրություններ տաս: Ընդհանրապես, ապակե տնակում ապրողին խորհուրդ չի տրվում քար շպրտել ուրիշի վրա: Դա շատ վտանգավոր է: Այդ տեսանկյունից ես հիասթափություն ապրեցի, որովհետեւ կարելի էր նկարագրել այդ երեւույթների արմատները, կարելի էր ցույց տալ, թե ինչն էր անխուսափելի, ինչը կարելի է շտկել»,- կարծիք հայտնեց ԱԺՄ նախագահը: Մեր հարցադրմանն անդրադառնալով՝ Վ. Մանուկյանն ասաց, որ 1996թ. ընտրությունները կեղծելը Լ. Տեր-Պետրոսյանը որեւէ կերպ արդարացնել չէր կարող. «Այդ դեպքում ինքն իր վրա պետք է մեղք վերցներ: Բաներ կան, որ չես կարող արդարացնել»:

ԱԺՄ նախագահը, իր ձեւակերպմամբ, «շատ վտանգավոր» համարեց ՀՀ առաջին նախագահի ելույթի՝ Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հատվածը: Ըստ նրա, այդ համատեքստում մի քանի բան կա, որոնք բացահայտ ճշմարտություններ են եւ որոնց հետ դժվար է չհամաձայնել. ԼՂ հարցը պետք է լուծել փոխզիջումների միջոցով, շտապ պետք է բացել բոլոր ճանապարհները, որովհետեւ առանց դրանց, նաեւ Թուրքիայի հետ բաց սահմանի Հայաստանը կխեղդվի, որ Ադրբեջանն այսօր ԼՂ հարցում այլեւս զիջումների պատրաստ չէ: Բայց դրանով հանդերձ, Վ. Մանուկյանը նկատեց, որ երբ այդ դիտարկումներից հետո Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասում է, որ, այնուամենայնիվ, հարցը պետք է շտապ լուծվի, ինքը դրանից կարող է եզրակացնել, որ Տեր-Պետրոսյանն ուզում է գնալ ոչ թե փոխզիջումների, այլ՝ զիջումների: Մինչդեռ Վ. Մանուկյանը, իր ասելով, Լ. Տեր-Պետրոսյանի արտաբերած նախադասությունից, թե՝ Ադրբեջանը զիջումների պատրաստ չէ, միանգամայն այլ եզրակացության է հանգում՝ «պետք է այնքան ուժեղանալ, որ Ադրբեջանը ստիպված գնա զիջումների»: «Այդ տեսակետից իր եւ իմ առաջարկած ճանապարհները էապես տարբեր են: Ես մի բանում համոզված եմ, որ Ղարաբաղի հարցը, իհարկե, պետք է փոխզիջումներով լուծել, որքան հնարավոր է՝ շուտ, բայց եթե մենք Ղարաբաղի հարցում զիջում արեցինք՝ կորցնելու ենք նաեւ Հայաստանը»,- իր դիրքորոշումը հստակեցրեց ԱԺՄ նախագահը՝ հավելելով, որ շատ վտանգավոր է, երբ Լ. Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտ է վերադառնում նույն բանը ասելով:

Անդրադառնալով իր եւ Լ. Տեր-Պետրոսյանի՝ առաջիկա ընտրությունների համատեքստում համագործակցության հնարավորությանը, պարոն Մանուկյանը նկատեց. «Շատ մարդիկ կան, որոնց հետ կարելի է համագործակցել, բայց ո՞նց, ի՞նչ հարցի շուրջ: Ես կամ Տեր-Պետրոսյանը այդ ուղղությամբ որեւէ հայտարարություն չենք արել, ոչ մի քայլ չենք արել, իրար չենք հանդիպել: Այդ «կողքիններն» են դրա մասին խոսում՝ անորոշ ձեւերով: Ես այդ ուրիշների ասածը չեմ կարող մեկնաբանել: Ես գտնում եմ, որ Հայաստանում փոփոխությունները կատարվելու են միայն այն դեպքում, եթե ընտրությունների ժամանակ իսկապես միասնական մի թիմ ձեւավորվի, որին ժողովուրդը հավատա ու վստահի, եւ դա պետք է լինի համաժողովրդական շարժում: Ես խիստ կասկածում եմ, որ Տեր-Պետրոսյանի անունը կկարողանա համաժողովրդական շարժում առաջացնել»:

Վ. Մանուկյանը միանշանակ պնդեց, որ իր մասով ՀՀ առաջին նախագահի հետ համագործակցություն չի լինելու, եւ որ անկախ այն բանից՝ Լ. Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում, թե ոչ, ինքն իր թեկնածությունը դնելու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել