Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՉՈՒՆԵՆԱՄ ՁԵՐ ՊԵՍ ԱՇԱԿԵՐՏ

Հոկտեմբեր 26,2007 00:00

\"\"Մակրոտնտեսական դիսբալանսը հաստատվեց

Սույն թվի սեպտեմբերի 28-ի «Առավոտում» տպագրված «Տնտեսական աճի պարադիգմը» եւ «Կառավարության ծրագրի մասին» նյութերում ես իշխանություններին մեղադրել էի սիստեմատիկ վիճակագրական չափազանցությունների ու հավելագրումների, տնտեսական կյանքի իրական պատկերը աղճատելու մեջ: Մասնավորապես, նշել էի, որ վիճակագրական հավելագրումները մակրոմակարդակում հանգեցրել են լուրջ դիսբալանսի. ՀՆԱ-ն հաշվարկած արտադրական եւ եկամուտների ձեւավորման (ինչպես նաեւ օգտագործման) եղանակներով տարբերություններ է տալիս: Բերել էի համապատասխան հիմնավորումներ: Նշված հարցադրումների պատասխանը իշխանությունները տվել են մեկ այլ թերթում՝ «Մի քանի դաս աճպարար Բագրատյանին» հրապարակումով:

Անմիջապես նշեմ, որ շատ ջանքեր չպահանջվեցին հասկանալու, որ նյութը ստորագրած Վրեժ Ահարոնյանը նույն ինքը Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն է: Մասնավորապես, ամենավերջում, երբ խոսքը գնում է խաղողի այգիների տարածքները ճշտելու մասին, նա ասում է, որ «Հրանտ Բագրատյանը, աշխատելով ԿԳ-ում (Երեւանի կոնյակի գործարանում- խմբ.), կասկածի տակ էր դրել խաղողի այգիների տարածությունների, բերքի եւ հատկապես մթերումների ծավալները, ինչի առնչությամբ խնդրել էր կազմակերպել համատեղ ուսումնասիրություն… ԱՎԾ (Ազգային վիճակագրական ծառայության- խմբ.) գյուղատնտեսության բաժնի աշխատակից Ա. Սահակյանը…»: Հասկանում եք, ես իրոք դիմել էի պրն Ս. Մնացականյանին: Եվ, ուրեմն, ոմն Վրեժ Ահարոնյան, որն այդպես էլ չի ներկայացել, թե ով է, կամ նույն ինքը Մնացականյանն է, կամ էլ հանդես է գալիս նրա թելադրանքով: Այսինքն՝ էլի Մնացականյանը: Ի դեպ, անձամբ կարծում եմ, որ այդ Ահարոնյանը ոչ միայն Մնացականյանն է, այլեւ նույն ինքը Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը: Չէ՞ որ այդ, այսպես կոչված, «պատասխանը» իշխանությունների պատվերն է: Միայն թե ամոթ է, բան եք գրում՝ տակը ստորագրեք, թե չէ չլսվա՞ծ բան է, երկրի ղեկավարը կամ ԱՎԾ պետը «գրական», կեղծանուններ են օգտագործում: Ինչեւէ, հետագայում սույն պատասխանի շրջանակներում «Ստեփան Մնացականյան» անուն-ազգանունն ինձ համար իշխանությունների վերը նշված եռյակի հավաքական կերպարն է:

Հիմա ըստ էության: Իմ կողմից տված հարցազրույցում նշված էր տնտեսական աճը կասկածելի դարձնող 3 պարադիգմ (առեղծված). 2006թ. ՀՆԱ-ն կազմել է 1990-ի 134%-ը: Նկատի ունենալով բնակչության անկումը՝ 3.8 մլն-ից մինչեւ 3.0 մլն-ի, ստացվում է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արտադրությունը 2006-ին կազմել է 1990-ի 170%-ը: Այդ դեպքում ինչո՞ւ են բնակչության իրական եկամուտները կազմել 16, մանրածախ ապրանքաշրջանառությունը՝ 69 եւ ծառայությունների ոլորտը՝ 60 տոկոս: Սա, կրկնում եմ, ամենահիմնական հարցադրումն է: Որովհետեւ, եթե ՀՆԱ-ն աճել է 1,34, մեկ շնչին ընկնողը՝ 1,7 անգամ, ապա իրական եկամուտների աճն էլ մոտավորապես պետք է լիներ 170 եւ ոչ թե 16 տոկոս (10.6 անգամ պակաս): Նույնը վերաբերում է ծառայություններին եւ մանրածախ ապրանքաշրջանառությանը:

Եվ ահա «Մնացականյանը» պատասխանում է: Իր «դաս առաջինում» նա նշում է, որ ես չպետք է վերցնեի եւ բազմապատկեի իր իսկ կողմից ստորագրված բնակչության իրական եկամուտների ինդեքսները: Բանն այն է, որ չի կարելի «անտեսել այն վերապահումները, որ մինչեւ 1993թ. կիրառվել է մանրածախ առեւտրի գների ինդեքսը, իսկ 1993թ. սկսվել է ԱՄՀ մեթոդաբանության ներդրումը, որն ամբողջացվել է սկսած 1998 թվականից, հետագա տարիներին ենթարկվելով ապրանքների ու ծառայությունների «զամբյուղի» կազմի ու կառուցվածքի պարբերական փոփոխության եւ արդիականացման… 2006թ. բնակչության իրական դրամական եկամուտները 1990թ. գներով կազմել են …1990թ. մակարդակի 40 տոկոսը»: Այսինքն, բնակչության իրական եկամուտների թիվը, դրանց հիման վրա կազմած ինդեքսը համադրելի չէ (սա վիճակագրության հիմնարար սկզբունքն է), քանի որ «Մնացականյանն» այդ մեթոդիկաները մի քանի անգամ փոխել է: Առաջ անցնելով նշեմ, որ չի ստում: Ինքն անընդհատ այդ մեթոդիկաները փոխում է: Օրինակ, մեթոդիկաների փոփոխության հաշվին այս պարոնը կարողացավ աղքատության տոկոսը 50-ից իջեցնել 23-ի: Նա թքած ունի, որ թվերը պետք է համադրելի լինեն: Եթե մեթոդիկա ես փոխում, ապա պարտավոր ես ետ դառնալ եւ սկզբնական թիվը նույնպես վերահաշվարկել: Սակայն սա էլ չէ կարեւորը: Պարզվում է, որ այդ փոփոխության արդյունքում 2006թ. բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1990-ի … 40 տոկոսը. 4.25 անգամ պակաս դրա աճից: Այսինքն, երբ ես ասում եմ, որ ցուցանիշը 10.6 անգամ պակաս է, մարդն ինձ ասում է. «այ աճպարար, ոչ թե 10.6 անգամ է պակաս, այլ 4.25»: Լավ, թող որ ձեր վոլյունտարիզմի պատճառով 10.6-ը դառնա 4.25 (ինչին ես համաձայն չեմ): Բայց չէ՞ որ սրանով արդեն դուք ձեր բերանով խոստովանում եք մակրոտնտեսական ահավոր դիսբալանսի մասին: Էլ ինչո՞ւ եք ինձ անպատվում. չէ՞ որ իմ նշած պարադիգմը դուք հաստատում եք:

Մնացականյանը կարծես թե կանխազգում է, որ ՀՀ նախագահին անհարմար վիճակի մեջ է դնում (վերջինիս համար այս 40 տոկոսն էլ շոկի պես մի բան է). առաջին սերիայի վերջում նշում է. «…ավելորդ չէ նշել մեկ այլ վերապահման մասին եւս, առ այն, որ բնակչության իրական դրամական եկամուտներում, ըստ ԱՊՀ Վիճակագրական պետական կոմիտեի մեթոդաբանության, ի տարբերություն ՀՆԱ-ի, չեն կիրառվում մակրոտնտեսական համադրումներ եւ լրահաշվարկներ»: Ասել կուզի՝ եթե տնտեսական աճ կա, ապա դա չի նշանակում, որ մարդիկ ավելի լավ պետք է ապրեն: Տվյալ դեպքում մեկ մարդու հաշվով 2006թ. արտադրվել է 1.7 անգամ շատ ապրանք ու ծառայություն, քան 1990-ին, բայց այդ մարդը սպառել 1990-ի միայն 40 տոկոսը: Մնացածը թափել է:

Ծառայությունների եւ մանրածախ ապրանքաշրջանառության մասով «Մնացականյանը» լռում է: Երեւի համաձայն է, ասելիք չունի: Դե, ուրեմն մենք իրավացի ենք: Իմ հարցազրույցի հիմնական մասը, մակրոտնտեսական դիսբալանսի, պարադիգմերի առկայության մասով, հաստատված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել