Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԵՐ

Նոյեմբեր 02,2007 00:00

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը

Սիմոնյանի գործը

«\"\"Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 14-ին թռչնաշուկայում ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ոստիկան, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Գագիկ Կոստանդյանը հարձակվել էր «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի վրա: Սիմոնյանը հայտարարություն էր տվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում: Ըստ այդ հայտարարության՝ Գ. Կոստանդյանը մոտ 10 անձանց հետ, սեւ գույնի 05 050, 05 550 «ջիպերով» եւ սպիտակ 05 500 «Նիվայով», զինված, փորձել են առեւանգել իրեն: Սակայն բարձրացված աղմուկից հետո այդ փորձը տապալվեց, եւ հարձակվողները հարվածելով գցել էին Սիմոնյանին գետնին եւ ծեծել:

Սիմոնյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, որն էլ արձանագրել էր աջ այտոսկրի կոտրվածք, կողոսկրերի կոտրվածք, երիկամների, գլխի եւ աչքերի վնասվածքներ: Սիմոնյանն «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ կատարվածը պատահականություն չի համարում, քանի որ տարիներ շարունակ իրեն եւ իր ընտանիքի անդամներին հետապնդում են: Մինչ օրս թռչնաշուկայում տեղի ունեցածի կապակցությամբ քրեական գործ չի հարուցվել ու Սիմոնյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին, Ազգային անվտանգության ծառայության պետին:

Սիմոնյանն ասաց, որ դիմելու է նաեւ դատարան, անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, միջազգային կազմակերպություններին:

Գլխավոր դատախազությունից հոկտեմբերի 23-ին ստացվել է գրություն: Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ. Գրիգորյանը նշված գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Ռ. Սիմոնյանի դիմումը ուղարկվել է տարածքային՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազին՝ «ոստիկանությունում պատրաստվող նյութերին կցելու համար»:

Խողովակը մտավ ոտքը

Ըստ ՀՀ փրկարար ծառայության, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ գտնվող չգործող կաթսայատանը Երեւանի բնակիչ, 42-ամյա Սամվել Հարությունյանը վայր է ընկել խողովակաշարի վրա, ինչի հետեւանքով խողովակներից մեկը մտել է նրա ոտքը, եւ խողովակը կտրելու ու տուժածին դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Հոկտեմբերի 30-ին, ժ.10.03-ին փրկարարները կտրել են խողովակը եւ խողովակաշարի վրայից դուրս բերել քաղաքացուն: Տուժածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը բավարար է:

2 զոհ

Երեկ, ժամը 01.15-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի 09 ՕԼ 406 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԳԱԶԵԼ» մակնիշի 909 ՍՕ 07 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով «Օպելի» վարորդը՝ Արմեն Սաղաթելյանը եւ ուղեւորը՝ Անուշ Օհանյանը տեղում մահացել են, իսկ մյուս երկու ուղեւորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց: Բժիշկների տեղեկացմամբ՝ տուժածների վիճակը ծանր է:

Հետաձգվեց նիստը

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում պետք է շարունակվեր Վիրաբ Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վ. Գասպարյանը, որը մեղադրվում է 2004թ. նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը «Օշականցի Հայկոյի» մահափորձի գործով (վերջինս այլ գործով փախուստի մեջ է), երեկ դատապարտյալների հիվանդանոցից դատարան չբերվեց: Նա ջերմում էր եւ ի վիճակի չէր մասնակցել նիստին: Այդ կապակցությամբ գրություն էր ուղարկվել դատարան:

Դպրոցի անկայուն քարերը

Հոկտեմբերի 31-ին Երեւանի Յոհան Լեպսիուսի 6-րդ փողոցում գտնվող թիվ 136 միջնակարգ դպրոցի տնօրենից ահազանգ էր ստացվել, որ դպրոցի ճակատային պատի քարերը տեղաշարժվել են, սպառնում են վայր ընկնել անցորդների վրա: Փրկարարները դպրոցի շենքի 4-րդ հարկի ճակատային մասից հանել են անկայուն երեք քար:

Թմրանյութ օգտագործողների համար

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում նախորդ օրը տեղի է ունեցել «Իրավական աջակցություն թմրանյութ օգտագործող քաղաքացիներին» ծրագրի ներկայացումը: Ըստ այդ ծրագրի, երեկվանից սկսվելու է թմրանյութ օգտագործողների նկատմամբ հասարակական կարծիքի ուսումնասիրություն: Նախատեսվում է դատական պրոցեսների մոնիտորինգ: Ծրագրի նպատակն է իրավաբանական օգնություն ցույց տալ Վանաձորի թմրամոլներին եւ նրանց ընտանիքներին՝ իրավապահ, սոցիալական եւ առողջապահական մարմինների հետ հարաբերություններում: Ուսումնասիրվելու է պետպատվերի շրջանակներում թմրանյութ օգտագործողների բուժսպասարկման վիճակը: Ծրագրի տեւողությունը 7 ամիս է: Այն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել