Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ականները մամուլի ակումբներում էին

Փետրվար 07,2008 00:00

Երեկ նրանք հյուրընկալվել էին «Հայելի» եւ «Փաստարկ» ակումբներում

Երեկ մամուլի երկու ակումբներում հյուրընկալված ՀՀՇ վարչության անդամներ Արամ Մանուկյանն ու Հովհաննես Իգիթյանը անդրադարձել են առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող տարաբնույթ հարցերի: Մասնավորապես, Հովհ. Իգիթյանն իր ընդդիմախոսի՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ եւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի հետ բանավեճի ընթացքում անդրադառնալով բանակին առնչվող խնդիրներին եւ համաձայնելով իր ընդդիմախոսի արտահայտած այն տեսակետին, թե այսօր հասարակության մի զգալի հատվածը դժկամությամբ է ընդունում պարտադիր զինապարտությունը, հայտարարել է, թե դա նշանակում է, որ բանակում ինչ-որ բան այնպես չէ, սխալ է: Ըստ նրա, այսօր բանակին առնչվող շատ խնդիրներ դուրս են հասարակական քննարկման շրջանակից, մինչդեռ դրանք պետք է դառնան լուրջ քննարկման առարկա, օրինակ՝ արդյոք զորակոչ պե՞տք է լինի ուսանողների շրջանում, կամ՝ եթե այո, ապա ո՞ր կուրսից կամ բուհական ո՞ր մակարդակից, արդյոք բոլորին պե՞տք է զորակոչել պարտադիր ծառայության հենց 18 տարեկանից: Ընդհանուր առմամբ համաձայնելով ՀՀՇ վարչության անդամի այս հարցադրումների հետ՝ ՀՅԴ-ական գործիչը անհամաձայնություն է հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետին, թե Հայաստանը պետք է ունենա 10-15 հազարանոց եւ այն էլ՝ պրոֆեսիոնալ բանակ: Ի պատասխան՝ Հովհ. Իգիթյանը կրկին հստակեցրել է, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը վերաբերել է միայն նրան, որ այդ քանակով եւ պրոֆեսիոնալ բանակ Հայաստանն իրեն կարող է թույլ տալ ունենալ միայն ԼՂ հարցի լուծման եւ տարածաշրջանում անվտանգության կայուն համակարգի ձեւավորման պարագայում, ինչը քաղաքական շատ գործիչներ, որոնք վկայակոչում են Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը, շրջանցում են:

«Հայելի» ակումբում էլ հյուրընկալված Ա. Մանուկյանն ավելի շատ անդրադարձել է ՀՀ նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության հնարավոր միավորմանը՝ ասելով, որ այդ ուղղությամբ ինտենսիվ բանակցությունները շարունակվում են: Նա հավաստիացրել է, որ մինչեւ փետրվարի 9-ը հասարակությունն այդ միավորման վերաբերյալ «հաճելի նորություններ» կունենա: Ունենալով լուրջ հիմքեր՝ պնդելու համար, որ այդ ուժերի համագործակցությունը կայանալու է, ՀՀՇ վարչության անդամը միաժամանակ կարծիք է հայտնել, որ այդ միավորումից կշահեն ընտրությունները, որոնք կունենան լեգիտիմության բարձր աստիճան: Ա. Մանուկյանը միաժամանակ հայտարարել է, թե իրենց թեկնածու Տեր-Պետրոսյանի՝ հենց առաջին փուլում հաղթելու հնարավորությունները մեծ են, անգամ եթե այդ միավորումը չկայանա, այդուհանդերձ, շեշտել է, որ հիշյալ ուժերի միավորումը Տեր-Պետրոսյանի հաղթանակը կարող է ավելի համոզիչ դարձնել:

Ա. Մանուկյանը նաեւ հավաստիացրել է, որ այսօր էլ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, մասնավորապես Արաբկիր համայնքում, հաջողությամբ համագործակցում է հատկապես ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» անդամների հետ՝ ընտրացուցակները ճշգրտելու հարցում: Նա նշել է, որ այդ համայնքում իրենք չեն ստուգում այն տեղամասերում, որտեղ ՀՅԴ անդամներ են աշխատում՝ վստահ լինելով, որ նրանք իրենց գործը լավ են կատարում: ՀՀՇ վարչության անդամը միաժամանակ շեշտել է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների թիվը համալրում են տարբեր իշխանական կուսակցությունների, այդ թվում՝ նաեւ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի անդամներ, որ այսօր մեծ է իրենց համակիրների թիվը նաեւ պետական, այդ թվում՝ նաեւ ուժային կառույցներում եւ նույնիսկ ընտրական հանձնաժողովներում, իսկ ընտրակեղծիքներ անողների բանակն էլ աստիճանաբար նոսրանում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829