Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքները ստով են ողողված

Փետրվար 13,2008 00:00

Դատախազները գնահատում են նախընտրական վիճակը

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը (ընտրությունների կապակցությամբ ստեղծված աշխատանքային խմբի պատասխանատու) հանդիպեցին լրատվամիջոցների հետ, պատասխանելով ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական փուլում գրանցված օրինախախտումների եւ կանխարգելիչ միջոցառումների մասին հնչեցված հարցերին: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ իրավախախտումների հետ կապված ստացվել է 41 հաղորդում, որից 20-ը՝ ԶԼՄ-ներից: Հարուցվել է 11 քրեական գործ, կայացվել է 18 որոշում՝ քրգործի հարուցումը մերժելու մասին: Այս պահին 11 հաղորդում գտնվում է ընթացքի մեջ: «Առավոտի» հարցին, թե ՀՀ նախագահի ո՞ր թեկնածուներից են ստացվել հաղորդումներ, գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ 4 հաղորդում ստացվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից:

«Առավոտի» մեկ այլ հարցին, թե ի՞նչ ընթացքի մեջ է թերթի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դիմումը՝ ուղղված գլխավոր դատախազությանը (այն կապված էր ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի կողմից լուսանկարչին վիրավորելու եւ ազգային թշնամանք սերմանելու հետ), գլխավոր դատախազը պատասխանեց, որ իրենք դեռ չեն ստացել դիմումը: Ընդհանուր առմամբ իրենց ուղարկված հաղորդումները գնահատելով «ստով ողողված», նա ակնարկեց, որ պատիժ կլինի նաեւ նրանց համար, ովքեր ակնհայտ հերյուրանքներ, զրպարտություններ են տարածում:

Անդրադառնալով Թալինի եւ Աշտարակի դեպքերին, Ա. Հովսեփյանն ասաց, որ իրենց քրեական գործի բացահայտման համար անհրաժեշտ չեն բազմահազարանոց մարդիկ, այլ երկուսը, որոնք կարողանան վկայություն տալ: Թալինի նախընտրական հանդիպման ժամանակ երբ միջադեպ էր եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի, նրա թիկնազորի պետի տեղակալի եւ ազատամարտիկի միջեւ, վերջինս հայտարարություն տվել էր: Իսկ աշտարակյան հանդիպման հետ կապված «գործով չկա մեկը, որը մարմնական վնասվածք է հասցրել, հայտնի է եւ նրա դեմ որեւէ քայլ չի ձեռնարկվել»:

Լրատվամիջոցներից մեկի ակնարկին, թե ՀՀ նախագահի թեկանածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին՝ «ոչ միայն լսում էր հանրահավաքը, այլեւ ակտիվ քաշքշում էր», Ա. Հովսեփյանը տեղեկացրեց, որ դիտել է տեսաերիզը, այն, որ քարեր է շպրտել, չկա այդպիսի բան. «Ապացույց ձեռք չի բերվել, որ որեւէ մեկը սառցաբեկոր կամ քար գցած լինի»: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին (ի դեպ, հայրանունը չիմանալու պատճառով լրատվամիջոցները դատախազներին վերջինիս մականունը հիշեցրին՝ «Լեդի»- Ռ. Մ.), Ա. Հովսեփյանը տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ՝ կապված կավատությամբ զբաղվելու, որջ պահելու հետ: Ըստ նրա, «Անուշ» արտադրական միավորման շենքում ապօրինի «Հանգստյան տուն» կամ հասարակաց տուն է եղել: Ֆաբրիկայի տնօրենը Հակոբ Հակոբյանի զինակիցն է՝ Շմավոն Գալստյանը: Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ պաշտոնապես չգրանցված «որջի» ադմինիստրատորն անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին դիմել էր իրավապահներին, որ իրեն սեռավարակով մեկը տվել է 50 000 դրամ: Նա նաեւ ասաց, որ 8 մարմնավաճառներ ներկայումս հայտնաբերված են. նրանք տառապել են սիֆիլիսով: «Որջի» տանիք հանդիսացող Շմավոն Գալստյանը անժամկետ պայմանագիր ուներ կնքած Հակոբ Հակոբյանի հետ՝ տարածքն օգտագործելու համար: Այս գործով ձերբակալված է 3 անձ: Հակոբյանի նկատմամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Գլխավոր դատախազն անդրադարձավ «քարոզչական հնարքներին», մասնավորապես, «Հոկտեմբերի 27»-ի գործի շահարկմանը: «Չափից դուրս շահարկվում է «27»-ը: Որեւէ տուժողի, նրա ներկայացուցչի կողմից չի եղել որեւէ միջնորդություն, որը բավարարված չլինի: Եթե նոր հանգամանքներ կան եւ շահագրգռված են, խնդրում եմ ներկայացնել, իրավապահների դռները բաց են»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել