Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատային անցուդարձ

Փետրվար 22,2008 00:00

\"\"Լեւոն Արոնյանը «մաքուր» երկրորդ տեղում է

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մեքսիկայում մեկնարկած «Morelia/Linares» միջազգային գերմրցաշարում 3,0 միավորով ընթանում է «մաքուր» երկրորդ տեղում: Նա կես միավորով ետ է մնում առաջատարի դերն ստանձնած աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդից: Մրցաշարային աղյուսակում վերջին վերադասավորումը կատարվեց հինգերորդ տուրից հետո: Հայաստանի լավագույն շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Իսպանիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Ալեքսեյ Շիրովի հետ: Հնդիկ Վիշի Անանդը առավելության հասավ Պետեր Լեկոյի նկատմամբ, իսկ օրվա անակնկալը մատուցեց նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը սեւերով, ասես, Լեւոնի համար պարտության մատնեց արդեն նախկին առաջատար Վեսելին Տոպալովին ու բավականին բարելավեց մրցաշարային աղյուսակում իր դիրքերը: Հինգ տուրից հետո աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները մրցաշարային աղյուսակում դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ:

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 3,5 միավոր, Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 3,0, Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 2,5, Ալեքսեյ Շիրով (Իսպանիա)՝ 2,5, Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2,5, Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 2,0, Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)՝ 2,0, Պետեր Լեկո (Հունգարիա)՝ 2,0:

Երեկ Մորելիայում հայտարարված երկրորդ եւ վերջին հանգստյան օրն էր: Այսօր վեցերորդ տուրում միմյանց հանդիպում են Տոպալովն ու Անանդը, Արոնյանն ու Լեկոն, Ռաջաբովն ու Կարլսենը, Իվանչուկն ու Շիրովը:

«Aeroflot Open»-ը մոտենում է եզրագծին

Երեկ երեկոյան Մոսկվայի «Իզմայլովո» համալիրում իրենց պայքարն ավարտեցին շախմատի «Aeroflot Open» միջազգային մրցաշարի «B» եւ «C» մրցաշարերի մասնակիցները: Արդեն տեղեկացրել ենք, որ հատկապես այս երկու խմբերում են հաջող հանդես գալիս մեր հանրապետության ներկայացուցիչները, որոնք հավակնում են հաղթողի կոչմանն ու մրցանակային տեղերին:

Եզրափակիչ՝ իններորդ տուրից առաջ «B» խմբում հայաստանցի Դավիթ Քալաշյանը 6,5 միավորով բաժանում էր 1-4-րդ տեղերը, իսկ Յուրի Համբարձումյանը 6,0 միավորով 6-րդն էր: Թե ամփոփիչ մրցաշարային աղյուսակում մեր երիտասարդներն ի՞նչ տեղեր կզբաղեցնեն՝ կախված էր երեկվա նրանց խաղից: Դավիթը սեւերով հանդիպում էր ռուսաստանցի գրոսմայստեր Վիկտոր Կուպրեյչիկի, իսկ Յուրին՝ նրա հայրենակից Իգոր Բոգաչկովի հետ:

«C» խմբում տեւական ժամանակ աղյուսակը գլխավորող Խաչատուր Մեսրոպյանը նախավերջին տուրում բաժանեց միավորը, որից անմիջապես օգտվեց ռուսաստանցի Անդրեյ Աբրամովը եւ 7,0 միավոր վաստակելով՝ կես քայլով շրջանցեց նրան: Դրա փոխարեն Վարդան Խոջայանը եւ Արթուր Ղարագյոզյանը հաղթանակ տարան եւ միավորներով հավասարվելով Խաչատուրին՝ 6,5-ական միավորով բաժանում էին 2-4-րդ հորիզոնականները: Մրցանակային տեղերից մեկին հավակնում էր նաեւ 6,0 միավոր վաստակած Տիգրան Սիմոնյանը (6-րդ տեղ): Երեկ Խաչատուր Մեսրոպյանն ու Վարդան Խոջայանը հանդիպում էին միմյանց, իսկ Արթուր Ղարագյոզյանը սեւերով խաղում էր Անդրեյ Աբրամովի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել