Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ գիժ են հանում»

Մարտ 01,2008 00:00

Հարեւանները Դավթյաններին ցանկանում են վտարել, որպեսզի տիրանան նրանց հողատարածքին

Նորագավիթ թաղամասի 1-ին փակուղու շուրջ 40 ընտանիք արդեն քանի տարի է՝ համառորեն պայքարում է նույն փողոցում բնակվող Դավթյանների ընտանիքին սեփական տնից վտարելու համար: Հարեւանների միջեւ առաջացած կենցաղային վեճը գնալով թեժանում է այն աստիճան, որ անգամ ոստիկանների եւ դատարանների միջնորդությամբ չի հաջողվում նրանց հաշտեցնել: Դավթյանների ներկայացմամբ, իրենց հետ հարեւանները մեկ հողի կռիվ են տալիս, մեկ՝ ջրի, մեկ էլ՝ աղբի: «Առավոտն» արդեն անդրադարձել է, որ որոշ հարեւաններ Դավթյանների՝ կադաստրով հաստատված հողակտորից մի քանի մետր «բռնազավթել» են ու մեջ-մեջ արել: «Մեզանից էդքան գողություն արեցին՝ քիչ չէր, հիմա էլ ուզում են մեզ գիժ հանեն: Ստորագրություններ են հավաքում, իբր թե ընտանիքով հոգեկան հիվանդ ենք եւ հասարակության համար վտանգ ենք ներկայացնում: Ի՞նչ է, եթե մենք մեջք չունենք, նախարար-դատախազ-դատավոր բարեկամ չունենք, ինչ ուզենան՝ պետք է անե՞ն: Մոտ 40 տարի այստեղ ենք ապրում: Մեր կողքի հարեւաններն ամեն ինչ անում են, որ մեզ այստեղից վտարեն, ինձ ծնողներիս հետ հոգեբուժարան ուղարկեն, մեր հողատարածքն էլ ձեռքներիցս առնեն»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Աստղիկ Դավթյանը: Աստղիկի պատմելով, ամբողջ թաղն իրենց դեմ է ելել, անգամ նրանց խմելու ջրի խողովակներն են ցեմենտով լցոնել, ինչի պատճառով ընտանիքը երկար ժամանակ ջուր չի ունեցել. «Մեր հարեւան Գասպարյան Ժենյան արգելում է իմ սեփական տնից մուտքի դուռ բացել, պատճառաբանելով՝ իբր բակում նեղվածք է եւ չի կարելի այդտեղից դուռ բացել: Իսկ ինչո՞ւ, ուրիշներին կարելի է, մեզ՝ ոչ: Մի խոսքով, ամեն ինչ անում են, որ մեզ հալածեն, որպեսզի զզվենք ու հեռանանք այստեղից»:

«Առավոտը» զրուցեց նաեւ Դավթյանների հարեւանների հետ: Ժ. Գասպարյանը հաստատեց, որ խոչընդոտել է մուտքի դուռ բացել. «Ախր այդ նույն բակում արդեն 3-4 տուն մուտքի դուռ ունի, իրենք էլ որ միանան՝ այլեւս անցուդարձ անել հնարավոր չի լինի: Բացի այդ, իրենք մեկ այլ մուտքի դուռ ունեն եւ իրենց կողմից փողոցն ազատ է»: Հարեւանները չհերքեցին, որ, իսկապես, դիմում են ներկայացրել ոստիկանություն՝ նպատակ ունենալով Դավթյաններին վտարել իրենց փողոցից. «Ես մեծ կին եմ, տեղի-անտեղի ինձ դատարան են կանչում: Առավոտից երեկո իրենց տնից աղմուկ-աղաղակ է գալիս, բարձրաձայն հայհոյանքներ են տալիս, իսկ մեր տանը անչափահաս աղջիկներ կան, ես չեմ ուզում, որ այդ ամենը նրանք լսեն: Անգամ անչափահաս երեխաներին են դատի տալիս: Մենք էլ դիմում ենք գրել, որ այդ ամենը համապատասխան մարմինները կանխեն»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ են պահանջում, որպեսզի Դավթյանները վտարվեն իրենց սեփական բնակարանից, Ժ. Գասպարյանն ասաց. «Դե, գոնե ոստիկանությունը մի ձեւ գտնի, որ այդ ընտանիքը մեզ հանգիստ թողնի»: Հարեւաններից մեկի՝ տիկին Ջուլիետայի խոսքերով էլ՝ «Ես էլ եմ համաձայն, որ վտարեն, որովհետեւ ամեն օր իրանց հետ կռիվ է լինում»:

Մեզ հետ զրույցում Շենգավիթի ոստիկանության բաժնից հաստատեցին, որ Նորագավիթ 12, 1-ին փակուղու մի խումբ բնակիչների եւ Դավթյանների միջեւ պարբերաբար կենցաղային վեճեր են տեղի ունենում. «60 թվից ինչ պրոբլեմ եղել է՝ ջրի երես են հանում: Մենք բացատրական եւ կանխարգելիչ աշխատանքներ ենք տարել, որպեսզի հարեւանները հաշտվեն եւ այլեւս չվիճեն, չխախտեն համակեցության կանոնները»:

Ավանի հոգեբուժարանի բժիշկ Նարինե Ստեփանյանը, որը կրկին բնակիչների դիմումի հիման վրա, զրուցել է Դավթյանների հետ, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ թեեւ Թորգոմ եւ Աստղիկ Դավթյանները Ավանի հոգեբուժարանում հաշվառված են եղել, սակայն այժմ սուր հոգեկան վիճակ չունեն. «Անգամ 40 հոգու դիմումը մեզ համար հիմք չէր, որպեսզի նրանց պառկեցնեինք հիվանդանոց: Դավթյանները հասարակության համար վտանգ չեն ներկայացնում: Իսկ եթե մարդը մեկ անգամ պառկել է հիվանդանոց, դա չի նշանակում, որ հոգեկան հիվանդ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել